Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում կքննարկեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահներն այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կշարունակվի այդ հարցի քննարկումը. կան տարբեր թեկնածություններ, նախագահները կքննարկեն»,- ասել է նա:

Հայտնի է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու ՀԱՊԿ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին: Սակայն Պեսկովի խոսքով՝ անդամ-պետության նախագահի բացակայությունը չի խոչընդոտի ինտեգրացիոն բնույթի հարցերի քննարկմանը: Խոսնակը նշել է, որ այսօր ստորագրվելիք բոլոր փաստաթղթերը նախապես համաձայնեցվել են բելառուսցի գործընկերների հետ, այդ փաստաթղթերը ուղղակի կուղարկվեն Մինսկ, որպեսզի Լուկաշենկոն դրանք ստորագրի:

Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:




Լրահոս