ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ամանորին ընդառաջ այցելել են պաշտպանական դիրքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

 – Տիկի’ն Նաղդալյան,Դուք ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ եղաք Վայոց Ձորի N զորամասում և սահմանագծում: Ի՞նչ կասեք այդ այցի մասին:

– Մենք հաճախ ենք լինում Հայոց բանակի զորամասերում, տարվա ընթացքում չենք կորցնում առիթը ավելի մոտիկից շփվելու մեր զինվորների, սպայական անձնակազմի հետ: Դա շատ պարզ է` յուրաքանչյուրս ոչ միայն քաղաքական գործիչ ենք, այլև կին, մայր և սրտացավ ենք ու շահագրգիռ ենք, որ բանակում իսկապես լինի և’ բարձր մարտունակ ոգի, և’ մարտական պատրաստվածություն, և’ մարդկային հարաբերություններ, և զինվորի համար ստեղծված լինեն անհրաժեշտ պայմաններ ծառայությունը բարձր մակարդակով կատարելու համար: Տարեմուտի այցերը արդեն ավանդական են հատկապես ջերմ են և սրտառուչ: Հիրավի, այս օրերին յուրաքանչյուր հայ մարդու ուշքն ու միտքը սահմանում կանգնած զինվորի հետ են հատկապես, գիտենք որ, տոն օրերին, հակառակորդը առանձնապես ակտիվանում է և փորձում է հիշեցնել իր մասին` ինչպես այս գիշեր, իր հերթական արկածախնդրությամբ: Ուզում եմ խորին ցավակցությունս հայտնել այս գիշեր Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին և ծառայակիցներին:

Եվ մեր նախկին այցերի ժամանակ, և երեկ շփվելով մեր տղաների հետ, թե զորամասում, և թե սահմանագծում մենք համոզվել ենք, որ երբ և որտեղ էլ լինի, հակառակորդի մեկ հարվածը կրկնակի, եռակի պատասխան է ստանում մեր զինված ուժերի կողմից : Ուզում եմ նաև դիմել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրներին ևս մեկ անգամ ընդգծելով, որ մեր հարևան պետությունը տևական ժամանակ կոպտորեն խախտում է 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, կոնֆլիկտը միայն խաղաղ միջոցներով լուծելու վերաբերյալ իր ստանձնած հանձնառությունները, միջազգային իրավունքի նորմերը, ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները: ՄԽ Համբուրգի հայտարարությունը, որը թերևս բազմակողմանի անդրադարձել էր կարգավորմանը առնչվող բոլոր հարցերին, ադրբեջանցիներից այսպիսի պատասխան ստացավ, և վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը իսկապես սթափեցնող, ռեալ հասցեական գնահատականներ հնչեցնի:

 – Վերադառնանք Ձեր երեկվա այցին` ի՞նչ տրամադրություն էր առաջապահ դիրքերում:

– Մենք եղանք բարձրունքներում տեղակայված երեք հենակետերում և համոզվեցինք` տղաները զգոն են և մարտունակ, սպաները՝ բազմափորձ: Ծանոթացանք սպառազինության ապահովման, ինժեներական աշխատանքների ընթացքին, զինվորի սննդի և կենցաղի հարցերին: Զրուցեցինք կյանքից, պայմաններից, ընտանիքից, երեխաներից, հակառակորդից, միասին ճաշեցինք, իրենք մեզ հյուրասիրեցին, մենք իրենց : Գովեցինք խոհարարին պատրաստած համեղ ճաշատեսակների, գեղեցիկ սեղանի համար, շնորհավորեցինք գալիք Ամանորը: Որպես կին, բնականաբար, մանրամասն հետաքրքրվեցինք ինչպես են սնվում, ինչ պայմաններում են քնում-հանգստանում, շորերը, կոշիկները, հիգենիայի պայմանները, մի խոսքով, այն ամենը ինչ հետաքրքրում է յուրաքանչյուր մարդու կապված մեր բանակի և զինվորի հետ: Զորամասում գնալով ավելանում է պայմանագրային զինծառայողների թիվը, հասնելով համարյա անձնակազմի կեսին: Մեր այցելած առաջապահ հենակետերում ծառայություն կատարողները բոլորը պայմանագրային զինծառայողներ էին, մեծ մասամբ մերձակա բնակավայրերի բնակիչներ:

 – Տիկին Նաղդալյան կներեք անհամեստ հարցի համար, ի՞նչ էիք տարել Ձեզ հետ:

– Ամեն անգամ դիրքերում լինելով անպայման հետաքրքրվում ենք ինչ կա խոհանոցում և գիտենք, որ իսկապես ամեն ինչով ապահովված են մեր զինվորները: Բայց, դե դատարկ ձեռքով հյուր գնալ կլինի՞. քաղցրավենիք` թխվածքաբլիթներ, վաֆլիներ, կոնֆետներ, մրգեր, խտացրած կաթ, երշիկեղեն, հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, տարել էինք նաև հիգենիայի պարագաներ:

 – Զորամասում ևս եղա՞ք:

– Այո, այնտեղ ավելի շատ ժամկետային զինծառայողների հետ շփվեցինք: ՀՀԿ Նոր-Նորքի կանանց խորհուրդը ստանձնել էր մշակութային ծրագրի պատասխանատվությունը` կազմակերպել երիտասարդ կատարողների ուժերով համերգային ծրագիր` երգ-պար, ասմունք: Տղաները սկզբում միայն ծափահարություններով ընդունում էին կատարողներին, մի փոքր հետո իրենք էլ մտան պարի շրջան, մի լավ ուրախացան:  Ծանոթացանք զորանոցի պայմաններին` ննջարանը, դասերի, պարապունքների սենյակները, մարզասրահը ՝ բոլորը գալիք Ամանորի շնչով զարդարված հենց զինվորների ձեռքերով: Խոսեցինք սպաների, հրամանատարների, ճաշարանի աշխատողների հետ:

-Ինչ էին ասո՞ւմ:

– Ասում էին ճաշը պատրաստում ենք ինչպես մեր տան և մեր երեխաների համար կպատրաստեինք:




Լրահոս