ՍՊԻՏԱԿԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս` 5 եւ 7 տարեկան երեխաները` խեղդամահ արված:
Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա` ինքնասպան եղել: Ի՞նչը կարող էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ: Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ դեպրեսիա հիվանդությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով: Ինչն էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը: Ասում են՝ ամուսինն էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել է հանգիստ վիճակում: Երկու ամիսը մեկ այցելել է ու դեղեր ստացել. «Դեպրեսիվ համախտանիշ է ունեցել: Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին: Վերջին անգամ հոկտեմբերին է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ էր»,- ասաց նա: Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի է անդամակցել: Հոգեբույժի խոսքով՝ կնոջ խնդիրներին քաջատեղյակ են եղել նաեւ քաղաքապետարանում, ովքեր էլ պարբերաբար աջակցություն են ցուցաբերել:
Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ կինը տարբեր աշխատանքներ է կատարել, ունեւոր մարդկանց տներ մաքրել, համայնքը պարբերաբար օգնություն է ցուցաբերել նրա ընտանիքին, 2 ամիս երեխաների մանկապարտեզի վարձն է վճարել: Ըստ Գյուլնազարյանի՝ կնոջ վարքագծում որեւէ տարօրինակ բան չի նկատել: Վերջին անգամ 45-ամյա Մարինեին հանդիպել են 2 շաբաթ առաջ, հագուստ ու կոշիկներ տրամադրել երեխաներին:
Ուշագրավն այն է, որ հոգեպես անառողջ նկարագրվող կինն ընթացիկ տարվա օգոստոսին մրցույթով ուսուցչության է անցել Լոռու մարզի Սարալանջ համայնքի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց` որպես քիմիայի ուսուցիչ: Դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը մրցույթին փայլուն արդյունք է ներկայացրել: Տնօրենի խոսքով՝ մինչ իրենց մոտ աշխատելը 45-ամյա Մարինեն 11 տարի աշխատել է Կրասարի դպրոցում: Մեր հարցին, թե արդյոք կինը աշխատանքի ընդունվելիս անձնական գործերում ներկայացրել է բժշկական բոլոր փաստաթղթերը, տնօրենը բացասական պատասխան տվեց. «Ես իրեն միշտ ասում էի, որ ինչպես բոլոր ուսուցիչները, դու էլ պետք է սանիտարական փաստաթուղթ ներկայացնես՝ բոլոր բժշկական կաբինետներն անցնելով, սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ բերելով` այդպես էլ թղթերը չներկայացրեց»,- ասաց տնօրենը` նկատելով, որ հոգեբուժարանն ու կոնկրետ բուժող բժիշկը՝ իմանալով, որ կինը գրանցված է հոգեբուժարանում, պետք է տեղեկացնեին դպրոցի տնօրինությանը:
Տնօրենի պատմելով` Մարինե Հովհաննիսյանը մի անգամ է խոսել իր ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնալուծվել է ամուսնու` հոգեկան խնդիրներ ունենալու ու հարբեցող լինելու պատճառով:
«Ինձ հետ երբ խոսեց, ասաց, որ ամուսինը սպառնացել է սպանել իրեն ու երեխաներին, դրա համար էլ բաժանվել է»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Հովհաննիսյանի ամուսնու մորաքրոջ տղան, ով, ի դեպ, Սարալանջի դպրոցի նախկին տնօրենն էր, եւս ինքնասպան է եղել կախվելու միջոցով՝ 2012 թվականին:
Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանի եւ ամուսնու բաժանումն իրականում կնոջ հոգեպես անառողջ լինելու պատճառով է եղել. «2 անգամ էլ ես եմ այցելել իրենց տուն: Ամուսինն ասում էր` չեմ կարողանում հետն ապրել. հոգեկան հիվանդ է»: Գյուղապետը հերքեց ամուսնու՝ հոգեկան խնդիրներ ունենալու տեղեկությունները՝ միեւնույն ժամանակ չհերքելով ալկոհոլի նկատմամբ հակումներ ունենալը: Ասում է՝ ամուսինը չէր ցանկանում, որ երեխաները մնային մոր մոտ, բայց հոգեկան հիվանդ լինելու մասին դատարանում ոչինչ չի ասել, քանի որ եթե ասած լիներ, ապա դատարանը երեխաներին չէր տա մորը: Մարինեն ու ամուսինը ամուսնալուծվել են 4 տարի առաջ, իսկ կինը գրանցվել է հոգեբուժարանում 2014-ին՝ 2 տարի առաջ:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը կատարվածի մասին նշեց միայն, որ կինն անում էր ամեն բան՝ երեխաներին ու ընտանիքը պահելու համար, եւ բնակարանը, որտեղ վարձով էին բնակվում, լավ պայմաններ ուներ:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Կրասար համայնքի նախկին գյուղապետ Խաչիկ Մելիքյանի հետ: Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Կրասարից է, գյուղից տեղափոխվել էր 8 տարի առաջ: Մելիքյանի խոսքով՝ Մարինեի հայրը նախկին ոստիկան է, աշխատել է ոստիկանության Աշոցքի բաժնում, ապա թոշակի անցել. «Խելոք, հանգիստ, շնորհքով, անշառ ընտանիք են, հայրը 4 տղա ունի, Մարինեն էլ հետը` 2 աղջիկ: Տղաները Ռուսաստանում են, հայրն ապրում էր փոքր աղջկա հետ»,- ասաց նա: Ըստ Մելիքյանի՝ Մարինեն դեռ երիտասարդ տարիներից բավականին կիրթ ու հարգված է եղել, ամուսնացել, ապա հեռացել է գյուղից:
Այսպիսով՝ փաստ է, որ Սպիտակի հոգեբուժական կաբինետի աշխատակազմն ու կոնկրետ բուժող բժշկուհին գրանցված հոգեկան հիվանդ լինելու մասին ոչ մի տեղեկություն չեն տվել դպրոցին, մինչդեռ տնօրենը պնդեց, որ պարտավոր էին: Սպիտակի քաղաքապետարանի խնամակալության հանձնաժողովն էլ տեղյակ չի եղել, որ երեխաներին մանկատուն տեղափոխելու կամ կնոջ հետեւողական բուժումն ապահովելու հարցը կարգավորեր: Ու այս անպատասխանատվության, անտեղյակության շարանի հետեւանքով մանկահասակ երեխաներն ու նրանց մայրը չկան:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 
ԾԱՌԱՅԱԿԻՑԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի սպանության գործով անցնող ծառայակիցը` Հայկ Սեյրանյանը, խոստովանել է իր մեղքը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց զոհված զինվորի հայրը` Ալիկ Ղանդիլյանը: Վերջինիս փոխանցմամբ` Հ. Սեյրանյանն ասել է, թե Արմանին շփոթել է հակառակորդի հետ: Իսկ խնդրահարույցն այստեղ այն է, որ Հայկ Սեյրանյանը տուժածին չի հարցրել գաղտնաբառը:
Ալիկ Ղանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դեպքից ավելի քան երեք ամիս է անցել, սակայն Սեյրանյանին մեղադրանք չի առաջադրվել, հիմա անգամ այն պարագայում, որ նա ընդունել է մեղադրանքը. «Հսկող դատախազն ինձ ասաց, որ բավարար ապացույցներ դեռեւս չկան՝ մեղադրանք առաջադրելու, ու հայտնեց, որ դատակենսաբանական փորձաքննության պատասխանն է ստացվել ու հաստատվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունն ու որդուս արյունը համընկնում են: Հետեւաբար դեպքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ եւ խոսվում էր ի սկզբանե»,- հավելեց զինվորի հայրը:
Ի դեպ, մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հունվարին Հայկ Սեյրանյանի զորացրման ժամանակն է, եւ ինքը մտավախություն ունի, որ նա կա՛մ սպասվող համաներմամբ ազատ կարձակվի, կա՛մ էլ անփութության համար մեղմ պատիժ կստանա:
Հիշեցնենք, որ դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը, ըստ այդ տեղեկությունների, նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, նա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Իսկ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում:
Ավելի վաղ զինծառայողի հայրը «ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր. «Մեղադրանքում ասվում է, որ Հայկ Իգորի Սեյրանյանը, ով ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող թիվ N մարտական դիրքում որպես դիտորդ է եղել, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ուշադրությունը շեղելով՝ թուլացրել է աչալրջությունը եւ դիտորդի պարտականությունները կատարել է ոչ առույգ, որի հետեւանքով չի տեսել մյուս դիտորդ, ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող շարքային Արման Ղանդիլյանին դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս: Եվ քիչ անց նկատելով նշված խրամաբջջի հողաթմբի վրա Ա. Ղանդիլյանի գլխի սիլուետը, առանց նշանաբառ պահանջելու՝ նախապես լիցքավորված, իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Ղանդիլյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ձախ այտի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ, մահացու վիրավորում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՄԻՊ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՑ ԶԱՐՄԱՑԵԼ Է
ՀՀ ՄԻՊ-ը պատասխանել է անցյալ շաբաթ հեռախոսազանգով ազգային անվտանգության ծառայություն հրավիրված երաժիշտ Վահան Արծրունուն՝ նշելով, որ տեղի ունեցածը հնարավոր չէ որակել քաղաքական ճնշում, խոսքի ազատության սահմանափակում կամ քողարկված սպառնալիք, քանի որ Արծրունին կամովի է ներկայացել ԱԱԾ-ին։ «Ես խնդրել էի Մարդու իրավունքների պաշտպանից առաջին հերթին իրավաբանական ձեւակերպում եւ իրավաբանական ձեւաչափի սահմաններում որակում տալ այս պատմությանը: Ստացա ընդհանուր իրողությունների նկարագրություն եւ բացահայտ խուսափում որեւէ գնահատականից: Սա, ճիշտն ասած, ինձ զարմացրեց», – ՄԻՊ-ի պատասխանի առնչությամբ ասել է երաժիշտը:

 

 

15 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ը դիմել է պետական եկամուտների կոմիտեի լրատվական բաժին` պարզելու, թե նախատոնական այս օրերին որ ընկերություններն են Հայաստան բանան ներկրում: «2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում մինչ օրս ՀՀ բանան են ներմուծել հետեւյալ 15 կազմակերպությունները եւ անձինք՝ «Ֆրուտ վորլդ» ՍՊԸ-ն, «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն, «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, «Լեւոն Ավագյան» ԱՁ-ն, «Արտակ Կիրակոսյան» ԱՁ-ն, «Ալբերտ Նադիրյան» ԱՁ-ն, «Արզուման Վերանյան» ԱՁ-ն, «Նվարդ Խաչիկյան» ԱՁ-ն, «Մ.Ս.վօլ թրեյդ» ՍՊԸ-ն, «ԷԴ-ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ն, «ԱՐՄԷԿ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ն, Բարսեղյան Հովհաննեսը, Վարդանյան Հովիկը, «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն, «Լուսինե Նազարյան» ԱՁ»-ն, տեղեկացրել են ՊԵԿ լրատվական բաժնից:

 

 

1000 ԿՐԱԿՈՑ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Ըստ հաղորդագրության՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից, ձՁժհ տիպի զենքերից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:




Լրահոս