Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 4-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ։

ՀՀ դեսպանը շնորհավորեց պարոն Շտյեխին նախորդ տարվա նոյեմբերի 16-ին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ չեխական քաղաքական երկխոսության և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի ընդլայնման 2017 թվականի ծրագրերը։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացմանն ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում Սենատի նախագահը վերահաստատեց Չեխիայի դիրքորոշումն առ այն, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։

Անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի վերջին զարգացումներին, մասնավորապես, սիրիահայության առջև ծառացած հիմնախնդիրներին։




Լրահոս