«Ժառանգություն» կուսակցությունը հնարավոր է չմասնակցի խորհրդարանական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական թատերաբեմում հայտնված բոլոր ուժերը փորձում են ի մի բերել իրենց մտքերը եւ պատրաստվել սպասվելիք «հակամարտությանը»:

Չնայած ընտրություններին մնացել է երեք ամսից էլ քիչ, սակայն «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս անորոշության մեջ է: Նրանց մոտ, ըստ էության, դեռ չի ստացվում որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել կամ միասնական ճակատով մտնել սպասվելիք այդ հակամարտության մեջ: Մինչև տարեվերջ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ կուսակցությունը դեռևս կոնսուլտացիոն հանդիպումներ է անցկացնում և որևէ հստակեցում չկա: Ի վերջո, ե՞րբ է պատրաստվում «Ժառանգություն»-ը կատարել իր վերջնական որոշումը, դաշինքո՞վ է մասնակցելու ընտրություններին, թե՞, այնուամենայնիվ, միայնակ է պայքարելու:

ArmLur.am-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել, թե երբ է պատրաստվում կուսակցությունը կատարել իր վերջնական որոշումը: Ի պատասխան մեր հարցմանը` Մարտիրոսյանը տեղեկացրեց.«Առաջիկա երկու շաբաթների ընթացքում հստակեցումներ կլինեն»:

Իսկ հարցին`արդեն հստակեցվա՞ծ է` դաշինքով են պատրաստվում մասնակցել ընտրություններին, թե՞ միայնակ, կուսակցության փոխնախագահը նշեց. «Այս պահին որևէ հստակեցում չկա, բոլոր տարբերակներն այս պահին գոյություն ունեն` և´ դաշինքով մասնակցելու, և´ միայնակ մասնակցելու: Ինչու ոչ, հնարավոր է նաև ինչ-որ բանից ելնելով չմասնակցենք»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է հրամանագիր ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին: Ընտրությունները կկայանան 2017 թվականի ապրիլի 2-ին:

Վահագն Հակոբյան




Լրահոս