ԵՐԿՈՒ ՏԻԳՐԱՆՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՃԻ ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ  վարչապետն  ու էկոնոմիկայի նախարարը, իրար հերթ չտալով, փորձում էին  հայ ժողովրդին բացատրել, որ  գնաճը «հայկական ֆենոմեն» չէ: Ասել է թե` ի՞նչ եք ուզում մեզանից, ամբողջ աշխարհում են գները թանկանում: Եվ իսկապես, գնաճը հայկական ֆենոմեն չէ: Սակայն երկրները տարբեր ճանապարհներով են հասել այդ վիճակին եւ տարբեր ուղիներով են փորձում դուրս գալ այդ ճահճից: Տարիներ շարունակ ստեղծվել են  բոլոր «անհրաժեշտ պայմանները», որպեսզի Հայաստանում ապրանք արտադրելը դառնա անշահավետ: Վաղամեռիկ  տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի դիպուկ բնորոշմամբ Հայաստանում  «զարգացել է միայն սեքս ինդուստրիան»: Եվ այժմ, երբ նախկինի պես  այլեւս  Հայաստան չեն  մտնում նախորդ տարիների քանակության  տրանսֆերտներ, որոնք թույլ էին տալիս արհեստականորեն արժեւորել դրամը, երբ աշխարհում թանկանում են գները, եթե կառավարությունը չի կարողանում  զսպել մենաշնորհատերերի ախորժակը, գների թանկացումը շարունակվելու է, եւ էկոնոմիկայի նախարարին հայտնի գնաճի զսպման գործիքակազմը  որեւէ դրական հետեւանք չի ունենալու: ՀՀ վարչապետը հայտարարում է, թե նախորդ տարիներին ունեցել ենք 2-3 տոկոս գնաճ: Սակայն մոռանում է, թե ինչ մեթոդներով է զսպվել գնաճը: Մարդիկ միեւնույն  քանակության արտարժույթով  տարեցտարի գնում էին ավելի քիչ ապրանք, թեեւ,  դրամով արտահայտված, գները մնում էին նույնը: Եվ սա  կառավարությանը «հաջողված»  ամենալավ միստիֆիկացիաներից էր.  ապրանքի` դրամով արտահայտված  գնի պահպանումն առաջացնում էր կայունության  իմիտացիա: Սակայն այդ իմիտացիայի համար մխսվեցին  երկրի ամբողջ  արտարժութային միջոցները: Երբ հայտարարվում է, թե կան լուրջ ծրագրեր, որոնց  մեկ երրորդի  իրականացման դեպքում անգամ  ամեն ինչ լավ կլինի եւ այլն, դա ընդամենը ժամանակ շահելու միջոց է: Կառավարությունը հույսը դրել է այն բանի վրա, որ  արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վիճակը կլավանա, բացի այդ, առկա վիճակից դրդված,  եւս մի քանի տասնյակ հազար մարդ կմեկնի արտերկիր` աշխատանք փնտրելու:  Իսկ դա նշանակում է, որ կշատանան տրանսֆերտային փոխանցումները, ինչը  հնարավորություն կտա կառավարությանը վերսկսել իր սիրած ` «էժան դոլար առնեմ  թանկ  դրամով» խաղը: Բարդ տնտեսագիտական հռետորաբանության հետեւում ընդամենը այդ «շուստրի» մեքենայության  վերսկսման հեռանկարն է:  Եվ ոչ մի գարու արտադրություն չի զսպի գնաճը: Մասնագետները վաղուց են բացահայտել գարու արտադրության անհեռանկարայնությունը եւ անշահավետությունը: Ուստի  հաջորդ տարի գնաճի համար մեղադրելու են ոչ միայն գյուղատնտեսության նախարարին, այլեւ կաթողիկոսին, քանի որ նրա աղոթքները տեղ չեն հասել, ու նաեւ դա է երկնիշ գնաճի պատճառը: Իսկ որ անգամ հայրենի   վիճակագրական  ծառայությունը, որը, իմիջիայլոց,  վաղուց ԿԸՀ-ի մրցակիցն է, չի  կարողանալու սրբագրել ընթացիկ տարվա երկնիշ գնաճը, պարզ է արդեն այսօր: Իսկ առայժմ իշխանությունները ստիպված են ադմինիստրատիվ միջոցներով մի փոքր զսպել գնաճը, քանի որ արաբական սոցիալական բունտի հեռանկարը ուղղակի սարսափեցրել է հայրենի կառավարությանը: Չմոռանանք նշել, որ հակառակ համաշխարհային շուկաներում գների թանկացման իշխանությունների պնդմանը, հունվար ամսին Եվրոպան արձանագրել է 0,7 տոկոս գնանկում: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս