Մի քանի կայքերի ներկայացուցիչներ շուտով կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում. ովքե՞ր կթիրախավորվեն հաջորդիվ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվական գործունեություն իրականացնելիս, մենք` լրագրողներս, պարբերաբար տեղեկացնում ենք, թե ինչպես է այս կամ այն գերատեսչության ներկայացուցիչը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչ հանցանք կամ զանցանք է գործել: Ու մի տեսակ խորթ զգացողություն է, երբ լուսաբանում ես քո` լրատվական դաշտում գործունեություն ծավալողների մասին:

Իհարկե, մեր երկրի նման փոքր երկրում, ուր գերհագեցած է լրատվական դաշտը տարատեսակ կայքերով, բնական է, որ կլինեն անթույլատրելի երևույթներ նաեւ այս դաշտում: Բայց դե լրագրող լինելը, հրապարակային գործիքներ ունենալը չի ազատում որեւէ մեկին պատասխանատվությունից: Եւ չի կարելի լրագրողի բարձր կոչումը պախարակելու գնով գործունեություն ծավալել:

Անի Հովհաննիսյանի գործի քննությունն ավարտվել է

Այդ իմաստով անցած 2016 թվականը հարուստ էր իրադարձություններով: Անցած տարի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրեց սպառնալիքի միջոցով շորթում կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը:
Թեեւ Անին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ կարծում է, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի մասին իր հոդվածաշարն է իրականում հետապնդման պատճառը: Բայց այդ գործի նախաքննությունն ավարտվել է, նույնիսկ գաղտնի նկարահանված տեսանյութ հրապարակվեց եւ գործն ուղարկվեց դատարան: Ըստ մեղադրանքի՝ Ա. Հովհաննիսյանն իր գործունեությունը ծավալել է 2016-ի փետրվարից: Նրա «թիրախում» հայտնվածներից մեկն էլ ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է եղել:

«Վանոյի Արտակ»-ը` քրեական լրահոսում

Այս գործով անցնում է նաև Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» ածականով): ՀՔԾ հաղորդմամբ՝ Գալստյանը, տեղեկանալով, որ իր մտերիմ՝ Analitik.am կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար: Այդ նպատակով Ա.Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանին ս.թ. մայիսի 4-ին և 5-ին դրդել է իր միջոցով 5 հազար դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաև նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար:
Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները:

Երկու անուն ունի

Նախորդ տարեվերջին էլ հայտնի դարձավ մեկ այլ լրատվական կայքի՝ newspress.am-ի և «Անդրադարձ» մամուլի ակումբի հիմնադիր Արմենուհի Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի մասին: «Առավոտը» գրեց, որ անցած տարվա դեկտեմբերի 13-ին հրապարակվել է Արմենուհու գործով դատավճիռը, ըստ որի՝ սուտ մատնության դրդելու մեջ մեղադրվող Արմենուհի Հովսեփյանը դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրվել էր խափանման այլընտրանքային միջոց՝ հինգ հարյուր հազար դրամի չափով գրավ:
Նախ նշենք, որ սույն կայքի հիմնադիրը լրատվական դաշտում հայտնի է Արիանա անունով:

Այսպիսով, պետք է նկատել, որ լրատվական դաշտում գործող մի շարք կայքերի ղեկավարներն ու աշխատակիցները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահների կողմից ուշադրության արժանացածների ցանկը շուտով կհամալրվի: Չի բացառվում՝ առաջիկայում մի քանի այլ կայքերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ խմբագիրներ եւս հայտնվեն նոր քրեական գործերի առանցքում:
Հուսանք, որ դա կլինի ոչ թե մամուլի նկատմամբ ճնշումներ գործադրելու, այլ անվիճելի փաստերի առկայության պայմաններում լրատվական դաշտը լրագրության հետ աղերս չունեցողներից մաքրելու համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս