ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բարձրաձայնում է, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի տղան ծառայում է Գորիսի գնդում՝ որպես բուժակ : ArmLur.am-ը փորձել էր այս առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից` հասկանալու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետի որդին ծառայում է հենց Գորիսում, ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակել նշված գործընթացները:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր. «Տեղյակ չեմ խնդրին, ոչինչ չեմ կարող ասել»:
Իսկ ավելի ուշ, Հովհաննիսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Վանիկ Վաչագանի Ադունցը ծնվել է 1993թ: Ավարտել է Երևանի պետական Բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը: Սպա է: Նման մարդկանց սպայական կազմը ուղարկվում է ըստ իր մասնագիտական անհրաժեշտության, թե որ զորամասում այս պահին կա ատամնաբույժի պահանջմունք: Նա ոչ թե զինվոր է, այլ սպա: Գորիսի ատամնաբուժարանը տվյալ դեպքում երեք-չորս զորամասի ատամնաբուժական խնդիր է լուծում»: