Տավուշում տղամարդը բռնաբարել է իրեն անծանոթ 62-ամյա կնոջ. վերջինիս «ականատես» դուստրը ներկայացրել է դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի 50-ամյա բնակիչ Արամ Սարգսյանը 62-ամյա կնոջ բռնաբարության համար դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման և 50 հազար դրամի չափով տուգանքի:

Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկանում է, որ տղամարդը ապրիլի 15-ին՝ կեսգիշերին մոտ, մուտք է գործել 62-ամյա կնոջ առանձնատուն և նույն առանձնատան ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան և վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Արամին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանմա միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մասնավորապես, դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ նշվածը օրը Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի 62-ամյա բնակչուհու առանձնատուն և տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է կնոջ գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ:

Այնուհետև մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալով՝ կնոջը հրել գցել է մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ապա ներս է եկել կնոջ դուստրը և տեսել է Արամին ու հարցրել, թե ով է և ինչ է անում իրենց տանը, սակայն վերջինս ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է:

Առաջադրված մեղադրանքներում Արամն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տալով հայտնել է, որ տուժողին ճանաչում է որպես Տավուշի մարզի բնակիչ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: Չի կարող ասել, թե ինչու է տուժողն իր դեմ նման ցուցմունք տվել, միգուցե թշնամությու՞ն է ցանկացել անել:

Ինքն ընդհանրապես տուժողի տուն երբևէ չի գնացել, նույնիսկ չգիտի, թե որտեղից է նրանց դուռը բացվում կամ քանի սենյակ ունի տունը:

Տուժողն էլ իր հերթին դատարանում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ չի ճանաչում Արամին, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրը՝ իրենց տանը, և պատմել է, որ տղամարդը մտել է իր տուն, հետևի կողմից գլուխը պարկ է մտցրել, միաժամանակ բերանի հատվածը փակել է ու տարել դեպի ննջասենյակ: Իրեն գցել է մահճակալի վրա, հանել է զուգագուլպան և ներքնաշորը և իր կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Այդ մարդը բեղեր է ունեցել, զինվորական հագուստով է եղել: Ինքը զգացել է նաև, որ նա խմած է եղել:

Ըստ տուժողի ցուցմունքի՝ դեպքի պահին ինքը տանը մենակ է եղել. ամուսինը քաղաք էր գնացել, իսկ աղջիկը՝ խանութ: Ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել: Տուժողը հայտարարել է, որ հարյուր տոկոսով կարող է ասել, որ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Արամը. այն ժամանակ նա բեղեր է ունեցել, հետո մաքրել է բեղերը, որպեսզի ինքը առերեսման ժամանակ չճանաչի նրան, սակայն ինքը ճանաչել է:

Դատարանն ամբաստանյալի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ նա փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից կամ այլ կերպ մեղմել իր վիճակը:

Այդպիսով, տղամարդը մեղավոր է ճանաչվել: Վճիռը դեռևս չի բողոքարկվել:




Լրահոս