2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը ստացել է մարմնի տարբեր հատվածներում ծանր վնասվածքներ:
Նշենք, որ հաշմանդամության կարգ չունի, քանի որ վերջինիս զինվորական գրքույկում ծառայության համար պիտանի են ճանաչել:
Էդիկ Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում, վիրավորվել ականանետից՝ Թալիշում, ապրիլի 4-ին ժամը՝ 16:30-ին: Վնասվել են ոտքերս, թևերս, դեմքիս մասում 4-5 բեկորային վնասվածքներ եմ ստացել: Վիրավորվելուց հետո մենակ հազիվ հասա բուժկետ: Տղերքն ասեցին քեզ կիջացնենք, չթողեցի, ասեցի, կարող ա ձեզ էլ խփեն, ավելի լավա ես մենակ իջնեմ, եթե խփեն էլ մենակ կլնեմ»:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մեկ շաբաթվա ընթացքում Էդիկը ենթարկվել է երեք վիրահատության, ապա մեկ ամիս գամված է եղել անվասայլակին:
«Հետո սկսեցի ուժ գտնել իմ մեջ, կամաց-կամաց քայլեցի, բայց ոտքս մինչև վերջ չի բացվում: Ֆիզիոթերապիայի կուրսեր անցա ու բժիշկների օգնությամբ ոտքի կանգնեցի»,- ասաց նա:
Նրան անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն, սակայն նա դրա մասին չի էլ մածում, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով. «Մարմնիս տարբեր մասերում դեռ ասկոլկեք կան, ծնկիս միջինը շատ ա նեղություն տալիս:
Թեպետ դժվարությամբ, ապրիլյան պատերազմի մասնակից Էդիկ Մարտիրոսյանն անկեղծացավ, որ ընտանիքը չափազանց դժվարին պայմաններում է ապրում. «Ծնողներս արտագնա աշխատանքի էին գնում: Իմ վիրավորվելուց հետո ամենի ինչ թողեցին հետ եկան: Երկու միլիոն վարկ ունենք, չմուծելու հետևանքով ընկել ենք սև ցուցակ: Տան պայմաններն ահավոր են, կոմունալ ոչ մի պայման չունենք: Ուսման վարձը չկարողանալով վճարել` նա պատրաստվում է դուրս գալ Երևանի տնտեսագիտական համալսարանից»:
Ըստ նրա՝ մինչ օրս ոչ մի աջակցություն Պաշտպանության նախարարության կողմից չեն ստացել:
Լիդա Եղիազարյան