Armlur.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Կապանի ԲԿ-ում ստուգումներ են սկսվել, որը պատճառաբանվում է ԲԿ-ում վերջին շրջանում գրանցված մահացության դեպքերով: Սակայն, մեր տեղեկություններով, իրականում պատճառն այն է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լարված հարաբերություններ ունի ԲԿ-ի ղեկավար Սմբատ Օրբելյանի հետ և հենց մարզպետն էլ հանձնարարել է սկսել ստուգումները:
ԲԿ-ի ղեկավար Սմբատ Օրբելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԲԿ-ում ուսումնասիրություններ են եղել, սակայն նրա խոսքով, ինքը մարզպետի հետ վատ հարաբերություններ չունի: «Ուղղակի եղել է որոշակի դեպք, որի շրջանակներում էլ ուսումնասիրություններ են իրականացվում: Ընդամենը ծառայողական քննություն է իրականացվում», – նշեց նա:
Օրբելյանը ընդգեց, որ ԲԿ-ի հիմնադիրը համարվում է մարզպետարանը, և մարզպետը ԲԿ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասով իրականացնում է ուսումնասիրություններ: «Այս ամենը գործառույթների մեջ է մտնում, և այստեղ որևէ այլ բան պետք չէ տեսնել», – հավելեց նա:
Հարցի առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից: Նա նշեց, թե հանձնաժողով է ստեղծված, որն աշխատում է: «Երբ հանձնաժողովն ավարտի իր աշխատանքները, դուք կիմանաք ամենը: Ինձ մի անհանգստացրեք», – հայտարարեց նա՝ անջատելով հեռախոսը:
Նաիրա Հովհաննիսյան