Որոշում կայացնողը նման դեպքերում պետք է լինի ՀՀԿ-ն. Խոսրով Հարությունյանը` ընտրություններում իր առաջադրման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն կուսակցությունների ներսում մասնակցության ձեւաչափի, համամասնական, ռեյտինգային ցուցակների եւ այլ հարցերի շուրջ քննարկումները դեռ ակտիվորեն շարունակվում են:
Առայժմ անհայտ են նաեւ ՀՀԿ ցուցակով խորհրդարան մտած մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների ճակատագրերը: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ընտրություններին երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: ՀՀԿ-ի հետ քննարկումներ եղե՞լ են, առաջարկ ստացե՞լ եք:

-Որ ասեմ՝ պաշտոնական շփումներ կամ քննարկումներ եղել են, ո՛չ: Բայց ես կարծում եմ, որ իմ եւ ՀՀԿ-ի համագործակցությունն այս ընթացքում անպտուղ, անարդյունք չի եղել: Ես այդ կարծիքին եմ, եւ մեր շփումներից նկատում եմ, որ այդ կարծիքը կիսում են նաեւ ՀՀԿ իմ գործընկերները: Բայց արդյոք այդ համագործակցությունը կունենա զարգացում, արդյոք այս համագործակցությունը ենթադրում է զարգացում. միգուցե այո, միգուցե ոչ, ես սա չեմ կարող ասել: Մենք ունենք ընդհանրություններ, միգուցե հենց դրանով է պայմանավորված մեր համագործակցության արդյունավետությունը: Մեր համագործակցության ապագայի խնդիրը պայմանավորված է միայն ՀՀԿ-ով, չեմ կարծում, որ նույնիսկ հաջողված համագործակցությունը կարող է պարտադրանքներ ստեղծել:

-Այսինքն՝ առաջարկ չե՞ք ստացել:

-Ո՛չ: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն դեռ ինքը փնտրտուքների մեջ է: ժամանակը կգա, կտեսնենք: Ես կրկնում եմ, որ որոշում կայացնողը նման դեպքերում պետք է լինի ՀՀԿ-ն: Ինքն է իրադարձությունների ղեկն իր ձեռքում պահում, եւ դա օբյեկտիվ է: Այդ համագործակցությունը պետք է լինի երկուստեք հետաքրքիր եւ շահավետ:

-Նշեցիք, որ Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ի հետ ձեր համագործակցությունն անպտուղ չի եղել: Այսինքն՝ եթե առաջարկ չստանաք, նշանակում է՝ իրենց համար անպտո՞ւղ է եղել:

-Ես այդ կարծիքին չեմ: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ սկսում են ձեւավորվել գործոններ, որոնք ստիպում են ընդունել որոշումներ՝ նույնիսկ Ձեզ համար ոչ միշտ ցանկալի տարբերակով: Ես ենթադրում եմ, որ չի բացառված, որ նույն ՀՀԿ-ն կանգնի երկընտրանքի առջեւ՝ կուսակցական ամբողջականություն, թե համագործակցություն: Որեւէ նման որոշում ՀՀԿ-ի մենաշնորհն է: Ես ինքս պատրաստ եմ համագործակցության:

-Այդ դեպքում ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանից նեղացվածություն չի՞ լինի:

-Բացարձակ: Ես եղել եմ ամենաբարձր պաշտոններին, դուրս եմ եկել, բայց երբեւէ չեմ նեղացել: Քաղաքականության մեջ այդպիսի կատեգորիա չի կարող լինել: Յուրաքանչյուր որոշում պետք է բխի տվյալ կառույցի հետաքրքրություններից: Ես երբեւիցե որեւէ մեկից չեմ նեղանում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս