Արմեն Ամիրյանը` որպես մշակույթի նախարար, իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին նշում էր, որ աշխատելու է բաց եւ թափանցիկ: Դեռեւս 2016-ի սեպտեմբերին նա հավաստիացնում էր, որ իր բոլոր խորհրդակցությունները նկարահանվելու են եւ տեղադրվելու են նախարարության կայքէջում: Անցել է 4 ամիս, սակայն նախարարն այդպես էլ չի կատարել իր խոստումը: Մենք գրավոր հարցումով դիմեցինք պարոն Ամիրյանին` պարզելու, թե ինչու մինչեւ այժմ չեն տեղադրվել խորհրդակցությունների տեսագրություննները, եւ հետաքրքրվեցինք` այս պարագայում ինչպես է նախարարը պատրաստվում աշխատել բաց եւ թափանցիկ:
Ա. Ամիրյանի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ. «Նախարարությունում իմ խորհրդակցությունները չեն նկարահանվում եւ չեն տեղադրվում որեւէ կայքէջում: Որոշումն ընդունվել է ոչ թե բաց կամ թափանցիկ աշխատելու մտադրությունից նահանջելու, այլ այն պատճառով, որ համոզվեցի` աշխատանքային անկեղծ քննարկումները բացառվում են տեսանկարահանող սարքերի առկայությամբ: Մինչդեռ խորհրդակցությունների բուն նպատակը այդպիսի քննարկումների միջոցով ճիշտ լուծումներ գտնելն է: Ինչ վերաբերում է բաց եւ թափանցիկ աշխատելաոճ ունենալու խոստմանը, կարծում եմ` ես այն չեմ դրժել, քանի որ աշխատանքային խորհրդակցությունների ծայրեծայր տեսագրությամբ ու հրապարակմամբ չէ, որ պայմանավորված է աշխատանքի նման ոճը»:
Նախարարի պատասխանից կարելի է ենթադրել, որ նա տվյալ խոստումը տալուց առաջ լավ չէր պատկերացրել իրավիճակն ու դրա հետեւանքները: Բացառված չէ նաեւ, որ նիստերի ընթացքում ծավալվող խոսակցությունները սպասվածից ավելի անկեղծ են դուրս եկել:
Աննա Բաբաջանյան