Ռուսաստանը Գյումրու 102-րդ ռազմաբազայում «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրներ է տեղակայել: Այս մասին ասվում է ռուս փորձագետ Եվգենի Դամանցևի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Военное обозрение ամսագրում հրապարակված հոդվածում:
«Հայաստանում «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրներն արժանի պատասխան կլինեն Ադրբեջանի կողմից գնված իսրայելական Green Pine կայանին, ինչպես նաև կվերահսկեն Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Վրաստանի օդային տարածքների ահռելի մասը»,-գրում է հոդվածի հեղինակը:
Հեղինակը նշում է, որ «Նեբո-Մ»-ն միավորում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերն ու ռադիոտեղորոշիչ կայանները, ինչպես նաև զենիթա-հրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարները:
Հոդվածում ասվում է, որ 2017թ. դրությամբ Ռուսաստանի ռադիոտեխնիկական զորքերը «Նեբո-Մ» ավելի քան 10 լրակազմ ունեն:
Военное обозрение ամսագրի հոդվածի հեղինակը պնդում է, որ «Նեբո-Մ»-ն կարող է սեկտորային ռեժիմով 200-250 կմ և շրջանակային ռեժիմով 160 կմ հեռավորության վրա համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր հայտնաբերել:
Ինչպես նաև նշվում է, որ «Նեբո-Մ»-ն առանձնահատուկ է նրանով, որ 1200 կմ բարձրության վրա կարող է արտամթնոլորտային թիրախներ հայտնաբերել: