Կարեն Ավագյանի մեղայականն ու անջատված խոսափողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գագիկ Ծառուկյանը քաղաքականության հետ որեւէ կապ չուներ: Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր: Երկար ժամանակ մեզ արգելվել է խիստ գնահատականներ հնչեցնել, այո, հենց Դոդի Գագո: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից պետք է օր առաջ ազատվենք և այլևս թույլ չտանք նման հիվանդություն»,- 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նման բարձրագոչ հայտարարությամբ էր հանդես եկել ՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Այդ օրերին «Հայաստանի հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստանալուց հետո առյուծի կաթ խմած որոշ հանրապետականներ, այդ թվում երիտթեւի բոլոր ժամանակների «պարագլուխ», 42-ամյա Կարեն Ավագյանը մտահոգություն հայտնեց, թե պետք է օր առաջ ազատվել «Գագիկ Ծառուկյան քաղաքական հիվանդությունից»:

Եվ ահա, այս տարի հունվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որին սպասում էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն. «Ես մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին… բացում եմ քաղաքականության փակած էջը»,- մասնավորապես հայտնել էր Գ. Ծառուկյանը:

Երկու օր է՝ ArmLur.am-ը հնարավոր բոլոր միջոցներով փորձեց կապ հաստատել Կարեն Ավագյանի հետ՝ հասկանալու համար՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ինչպե՞ս է նա մեկնաբանում, արդյոք շարունակո՞ւմ է պնդել իր համոզմունքը, թե պետք է օր առաջ ազատվել «չարիքից», ինչպես գնահատել էին նրա մի քանի այլ կուսակիցներ:

Եվ հերթական անգամ համոզվեցինք՝ Ծառուկյանի վերադարձը մեծագույն խնդիր է բացառապես եւ մասնավորապես ՀՀԿ-ի համար: Մի շարք ՀՀԿ-ականները պապանձվել են, կորցրել հիշողությունը, դարձել ծիծաղելի:

Երկար-բարակ մտածելուց, հանդարտվելուց, ճշտումներ եւ ծանր ու թեթեւ անելուց հետո Կարեն Ավագյանն այսօր խոսեց, բայց ոչ թե պատասխանելով լրագրողների ստույգ հարցերին, այլ «մեղայական» մտքերն արտահայտեց իր ֆեյսբուքյան էջում. «Եւ՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, եւ՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է»:

Այո՚, Կարեն Ավագյանը չնախատեսված փոփոխություններն այսօր արդեն դրական է համարում, մինչդեռ 2015-ին Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունում գտնվելը որակում էր սեփական սխալ. «Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր»:

Փաստն արձանագրելուց հետո Կարեն Ավագյանը «դարձի է եկել ու ապաշխարել». «Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները…»:

Ինչ խոսք, Կարեն Ավագյան քաղաքական գործչի կողմնորոշվածությունը քննարկման առարկա դարձնել, թերեւս, չարժե: Բայց պետք է արձանագրել, որ նրանք լարովի տիկնիկի պես են գործում. երբ պետք է՝ խոսում են, իսկ երբ «անջատում են»՝ լռում: Հիմա նրանց համար միացված է «հանգստի եւ լռության ռեժիմը»:

Տաթև Հարությունյան




Լրահոս