ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարությամ է հանդես եկել Ստեփանավանի «Սագամար» ՓԲԸ-ի տնօրենը, որը բազմաթիվ խնդիրների մասին է բարձրաձայնել:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընկերությանմ տնօրեն Կարեն Ղազարյանը նախ հշեցրել է, որ «Սագամար» ընկերությունը մեկ տարուց ավել է, ինչ այլևս չի աշխատում, մինչդեռ չաշխատելով հանդերձ նշված ընկերությունում այս պահին աշխատում է 46 մարդ:
Տնօրենը պատրաստակամություն է հայտնել կրկին վերագործարկել գործարանը, եթե լինի վարչապետի որոշակի աջակցությունը. «Մեզ օգնություն է հարկավոր ոչ միայն ներդրումների ու ֆինանսի տեսքով, այլև մեզ հնարավորություններ տալով: Կատարելով ներդրումներ ու հսկայածավալ շինարարական աշխատանքներ, ընկերությունը, չգիտես ինչու, չի լիցենզավորվել: Նախկին նախարարի հետ հանդիպել ենք, նորի հետ չենք կարողացել, փոխնախարարարի հետ ենք հանդիպել: Սակայն պատասխան դեռ չենք ստացել»,- ասել է տնօրենը, ինչին ի պատասխան վարչապետը բարկացել է, թե որպես բիզնեսմեն Ղազարյանը իրավունք չունի բանավոր դիմել ու սպասել պատասխանի:
Մի շարք հայտարարություններից հետո գործարանի տնօրենը ի լուր բոլորի հայտարարել է. «Ընկերությունում կատարվել է հանցագործություն, դիմել ենք համապատասխան մարմիններին, սակայն սեպտեմբեր ամսից մինչև հիմա որևէ առաջընթաց չկա»:
Armlur.am-ի հետ զրույցում «Սագամար» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդումը կապված է գործարանի նախկին տնօրենի կողմից գործարանի մեծածավալ գույքի դուրսբերման հետ: Ըստ Ղազարյանի՝ գործարանի նախկին տնօրենը ապօրինի տեղափոխել է գործարանի գույքը: Իրենք դիմել են դատախազություն: Քրեական գործ է հարուցվել, սակայն փաստացի մինչ օրս սայլը տեղից չի շարժվել. «Մենք վարչապետից խնդրում ենք, որ հանձնարարական տրվի օրինապահ մարմիններին՝ մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- ասաց Ղազարյանը:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր