Աշոտ Աղաբաբյանի պատգամավորական ապագան թաղված է անորոշության մեջ. ինչ կորոշի Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն սկսում է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը, որի շրջանակներում կանդրադառնանք նրանց կատարած աշխատանքին եւ առաջիկա ծրագրերին: Կարեւոր է պարզել, թե ինչպիսի օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի պատգամավորները, եւ արդյո՞ք դա բավարար է 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացուց կրկին քվե հայցելու համար: Մեր այսօրվա «հերոսը» Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն է:

Նա 2003 թվականից ՀՀ ԱԺ պատգամավոր է, ՀՀԿ-ի հնաբնակներից է, որոնք Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ հիմնադրել են կուսակցությունը: Աշոտ Աղաբաբյանը նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է, որը հաճախ է հպարտանում Անդրանիկ Մարգարյանի ու Վազգեն Սարգսյանի հետ ունեցած մտերմությամբ: Նշենք, որ վերջին տարիներին Աշոտ Աղաբաբյանն իր բիզնես գործունեությունում լուրջ դժվարությունների է բախվել, ինչը տարօրինակ է` պայմանավորված հատկապես նրա` ՀՀԿ անդամ լինելու հանգամանքով: Հիշեցնենք, որ Աղաբաբյանը իր սնանկացման ու տնտեսական դժվարությունների համար մեղադրում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Թեեւ Աղաբաբյանը հրապարակավ քանիցս փորձեց Սերժ Սարգսյանին տեղեկացնել իր խնդիրների մասին, սակայն վերջինս կարծես տոտալ անտարբերություն ցուցաբերեց: Հատկանշական է, որ Աղաբաբյանը նույնիսկ մասնակցեց 2015թ. ամռանը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին: Նա, այդուհանդերձ, բավականին զգույշ է իր կեցվածքում` որեւէ քննադատական խոսք չհնչեցնելով Սերժ Սարգսյանի հասցեին: Վերջինիս համարելով իր մարտական ընկերը` Աղաբաբյանը Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների մեղքը հետեւողականորեն բարդում է ինչ-ինչ «թալանչիների» վրա, որոնք Սերժ Սարգսյանից «գաղտնի» հարստահարում են ժողովրդին:

Տիրող իրավիճակի քննադատությամբ երբեմն-երբեմն հանդես գալով հանդերձ` Աղաբաբյանը կտրականապես հրաժարվում է իր կեցվածքը «ընդդիմադիր» որակելուց: Նա նույնիսկ ժամանակին կոչ էր անում ընդդիմությանը միասնական լինել իշխանությունների հետ, որպեսզի Հայաստանում այլեւս ընդդիմություն չլինի. «Թող աշխարհը զարմանա, որ էս հայկական պետության մեջ ընդդիմություն չկա, բոլորս իրար հետ ենք»:

Իսկ ինչ վերբերում է 5-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում Աշոտ Աղաբաբյանի գործունեությանը, ապա ասելիքը գերազանցապես ներկայանում է «բացակայի» տեսքով: Քվեարկություններից նրա բացակայությունները կազմել են ավելի քան 56 տոկոս, կողմ է քվեարկել 40%, դեմ՝ 0.42% եւ հրաժարվել է քվեարկելուց նիստերի մոտ 3 տոկոսում: ՀՀԿ-ական պատգամավորը 5 տարվա ընթացքում երբեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Ի դեպ, Աղաբաբյանը բացակայել է այնպիսի օրինագծերի քվեարկություններից, որոնք հանրային մեծ հնչեղություն եւ կարեւորություն են ունեցել: Օրինակ` «1000 դրամների» օրինագիծ, «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ» եւ այլն: 2012թ. որպես դրամական միջոցներ նա հայտարարագրել է մոտ 150 մլն ՀՀ դրամ, իսկ եկամուտ` 148 մլն ՀՀ դրամ: 2015թ.-ին ներկայացված հայտարարագրի համաձայն` Աղաբաբյանի եկամուտները կազմել են 7 մլն ՀՀ դրամ:

Ամփոփելով` հարկ է նկատել, որ Աշոտ Աղաբաբյանի պատգամավորական ապագան թաղված է անորոշության մեջ: Պատգամավորական մանդատի մեծագույն փափագով հանդերձ` նա կարծես առայժմ չի կարողացել ձեռք բերել Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Չի բացառվում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը նրան հորդորի առաջադրվել ռեյտինգային տարբերակով` ոչ ոքի չնեղացնելու իր մարտավարությամբ:

Ն. Հովսեփյան




Լրահոս