Հարց քաղաքացիներից` երեխայի խնամքի արձակուրդում գտնվելով կարո՞ղ են օգտվել սոցփաթեթի ծառայություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մանկարվարժ եմ, սակայն հիմա չեմ աշխատում, գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթի ծառայություններից: Ներկա պահին արդյո՞ք գումար կա սոցփաթեթի իմ հաշվին:

Լիաննա Պողոսյան (27 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 9-րդ կետի համաձայն՝ Որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցփաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Որոշման հավելված N 1-ի 11-րդ կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը: Տեղեկացնում ենք նաեւ, որ Ձեր սոցիալական փաթեթի հաշվին կուտակված գումարի չափը ճշտելու նպատակով Դուք պետք է դիմեք Ձեր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ (այն բանկ, որտեղ սոցիալական փաթեթից օգտվելու համար բացել եք սոցիալական փաթեթի հաշիվ):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին՝ երեք եւ ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում այդ ժամանակահատվածի համար:




Լրահոս