Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ դատական համակարգը իշխանության այն կարեւոր օղակներից է, որի գործունեությունից է նաեւ կախված ժողովրդավարության ուղին բռնած մեր հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը: «Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը»,-նշել է երկրի ղեկավարը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ եւ աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի խումբ աշխատակիցներ Նախագահի կողմից պարգեւատրվել են պետական պարգեւներով ու արժեքավոր նվերներով: