Զուգարանակոնքերը 1000 դոլարով են գնում, բայց 1.5-2,5 միլիոնը չկա, որ մենք նորմալ ընտրություններ անցկացնենք. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու եւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու ծրագիրը կարծես թե ձախողվում է: Նախօրեին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չբացառեց, որ գուցե հնարավոր չլինի ապահովել ընտրությունների ուղիղ հեռարձակումը:

«Ժողովուրդ»-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանից փորձել է պարզել, թե այս հարցում ինչպիսի դիրքորոշում ունեն:

-Պարո՛ն Մարգարյան, կարծես թե չի հաջողվում ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքերի տեղադրման եւ ընտրական գործընթացի հեռարձակման մասին ԸՕ պահանջը կատարել…

-Նախ մեզ համար անընդունելի է այդ մոտեցումը, որովհետեւ, ի վերջո, մենք դրանով ստվեր ենք գցելու ընտրությունների անցկացման թափանցիկության եւ ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի նկատմամբ ժողովրդի կողմից վստահության վրա: Այսինքն՝ դա այն գործիքներից մեկն էր, որը հնարավորություն կտար, որ թե՛ տեղամասից դուրս՝ հարակից տարածքում տեղի ունենային նկարահանումներ, թե՛ զուտ ձայների հաշվառման գործընթացը տեղի ունենար տեսախցիկների նկարահանմանը զուգահեռ, եւ մենք ունենայինք իրեղեն ապացույց կատարվածի մասին: Դա նույնպես ապացուցողական ուժ կունենար: Դա շատ կարեւոր էր: Հիմա կասկածի տակ են դնում, կարող է դրսում չլինի: Դա, մեղմ ասած, անընդունելի է, իսկ իրականում հերթական անգամ իշխանությունները, ովքեր պատասխանատու են ընտրական գործընթացների համար, փորձում են ստվերել առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որը իմ պատկերացումներով շատ կարեւոր է՝ քաջատեղյակ լինելով, որ ապագայում էլ նախագահական ընտրություններ չեն լինելու:

-Ասում են՝ ֆինանսական միջոցների բացակայությունն է պատճառը…

-Գիտեք ինչ, ես ընդամենը մեկ բան ասեմ: Ես զարմանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում 40 միլիոն տալիս, դպրոց են կառուցում, զուգարանակոնքերը հազար դոլարով են գնում կամ բռնակների փականները երկու հարյուր դոլարով են գնում. դրա համար գումար կա, բայց այդ 1.5-2,5 միլիոնը չկա, որ մենք նորմալ ընտրություններ անցկացնենք:

Ինձ համար անընդունելի է այդ մոտեցումը, հազարավոր այդպիսի օրինակներ կարող եմ բերել, ոչ թե հարյուրավոր: Իմ պատկերացումներով դա օբյեկտիվ եւ արդարացված պատճառ չէ:

-Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ընտրական գործընթացը թափանցիկ դարձնող որեւէ այլընտրանքային տարբերակ չի՞ քննարկվել:

-Ճիշն ասած, այս պահին ես չեմ կարող ասել, որովհետեւ հանձնաժողովի վերջին աշխատանքներին ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել՝ այլընտրանքային տարբերակ որոշվել է, թե ոչ, բայց պետք է նշեմ, որ մեր քաղաքական ուժի համար դա սկզբունքային խնդիր էր: Մենք, ընդհանուր առմամբ, դեմ ենք այս ընտրական օրենսգրքին, ստվերային մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու գործընթացին:

Մի շարք առաջարկություններ չեն ընդունվել, ուղղակի, որ քայլ առաջ էր այս մեխանիզմների ձեռքբերումը, մենք այնպիսի դիրքորոշում ձեռք բերեցինք, որ չվիժեցնեինք գործընթացը: Եւ հիմա ինչ է ստացվում: Այսինքն՝ ասվում է մի բան, պայմանավորվում է մի բան, եւ հազար ու մի պատճառ են բռնում, որ չանեն: Դա է խնդիրը, որը կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար:

-Եթե վերջնականապես հաստատվի, որ այս մեխանիզմը չի գործելու, ինչպե՞ս է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փորձելու վերահսկել ընտրական գործընթացը:

-Դե գիտեք, մենք միշտ էլ պատրաստ եղել ենք, մենք ունենք հսկա ռեսուրս, նվիրյալների մի հոծ բանակ եւ միշտ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի չթողնենք, որ կեղծիքներ եւ չարաշահումներ լինեն, բայց այդուհանդերձ, հնարավոր չէ երկու հազար տեղամասում ուժեղ հսկողություն սահմանել: Իհարկե, ունեցել ենք, հսկել ենք, ուղղակի սա այն մեխանիզմներից, լուծումներից մեկն էր, որը հնարավորություն կտար ավելի արդյունավետ հսկելու ընտրական գործընթացները:

Վահագն Հակոբյան




Լրահոս