Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու եւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու ծրագիրը կարծես թե ձախողվում է: Նախօրեին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չբացառեց, որ գուցե հնարավոր չլինի ապահովել ընտրությունների ուղիղ հեռարձակումը:
«Ժողովուրդ»-ը ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից փորձել է պարզել, թե այս հարցում ինչպիսի դիրքորոշում ունի նա:
-Պարո՛ն Սահակյան, ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումը ձախողման վտանգի առջեւ է, եւ ընդդիմադիր ուժերը մեղադրում են իշխանություններին՝ նշելով, որ Ձեր «մատն է խառը»…
-Նախ ասեմ, որ եթե նույնիսկ չստացվի տեղադրելը, իշխանությունը այդտեղ որեւէ դերակատարում եւ մասնակցություն չունի: Ստեղծվել է անկախ հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովն է կազմակերպում այդ ամբողջ գործընթացը:
-Ընդամենը մեկ ընկերություն է հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել, այն էլ պահանջել է նախատեսվածից կրկնակի ավել գումար: Այդ ընկերության հետ արդեն որեւէ բանակցություն եղե՞լ է գործընթացը առկա միջոցների սահմաններում իրականացնելու նպատակով:
-Քանի որ հանձնաժողովն է մասնակցում քննարկումներին, ես անձամբ տեղյակ չեմ: Եւ չեմ կարծում՝ որեւէ մեկը շահագրգռված է, որ դա չլինի: Այս պահին էլ, կարծում եմ, որ այդ քննարկումները ծավալվում են, որպեսզի ընդհանուր եզրահանգման գան, եւ խնդիրն էլ ինչ-որ մի ձեւ հանգուցալուծվի:
Վահագն Հակոբյան