Ի ՎԵՐՋՈ, ՔԱՆԻ՞ ՕՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը. այս հարցը, թերեւս, կարելի է համարել ներքաղաքական դաշտի ամենահիմնական ինտրիգը: Բանն այն է, որ 2018թ. ապրիլից, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու է վարչապետը:

Ու հենց այդ պատճառով Սահմանադրությունը կոնկրետ չափանիշներ է սահմանել վարչապետի եւ, ընդհանրապես,կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների համար: Ըստ այդմ, նրանք պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինեն Հայաստանում եւ լինեն միայն ՀՀ քաղաքացի: ԸՕ 80-րդ հոդվածում էլ հստակ սահմանված է, որ վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող է համարվում այն անձնավորությունը, որը առնվազն 731 օր եղել է Հայաստանում:
Հիմա ներքաղաքական դաշտի հիմնական ինտրիգի մասին. արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլին կհամապատասխանի այդ չափանիշներին եւ կկարողանա շարունակել իր պաշտոնավարումը (եւ ըստ էութան, դառնալ երկրի առաջին դեմքը), թե՞ ոչ:
Ինչպես հայտնի է` 2011թ. սկսած Կարեն Կարապետյանն աշխատել է Մոսկվայում որպես «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահ, «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ եւ ՀՀ վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին: Ինքը` Կարեն Կարապետյանը, այս թեմայով խոսելիս հստակ պատասխան չի տվել. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: Ինչ վերաբերում է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավարելուն, ապա նա նշել է. «2018 թիվը կգա, կխոսենք` կլինե՞մ վարչապետ, թե՞ չէ»:
Ամենակոպիտ հաշվարկներով՝ ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու չափանիշին նա կարող է համապատասխանել 2018թ. օգոստոս-սեպտեմբերին նոր միայն: Բայց քաղաքական որոշման դեպքում (իսկ դա կախված է լինելու Սերժ Սարգսյանից) հնարավոր է Կ. Կարապետյանին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տալ: Դրա համար ըստ էության կա մեկ տարբերակ. Մոսկվայում աշխատած տարիներին Կարեն Կարապետյանը պարբերաբար այցելել է Հայաստան, մասնակցել կնունք-ծնունդների, հարսանիքների, այցելել ծնողներին: Ու եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, համապատասխան քաղաքական հրահանգի դեպքում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը սուսուփուս կարող է հաշվել ու պարզել, որ Կարապետյանը 731 օր եղել է Հայաստանում:
Ի դեպ, նոր Սահմանադրության մեջ ուշագրավ մեկ դրվագ կա. կառավարության անդամներին ներկայացվող պահանջները նշված են Սահմանադրության 148-րդ հոդվածում: Իսկ Սահմանադրության 202-րդ հոդվածում նշված են Սահմանադրությունը փոխելու մեթոդները: Ըստ այդմ, 148-րդ հոդվածն այն դրույթներից է, որը կարող է փոխվել ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ: Այսինքն` Կարապետյանի համար կարող է ԱԺ-ն օրենքը փոխել: «Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի»,- նշված է Սահմանադրության 202 հոդվածի 2-րդ մասում: Բայց ԱԺ-ն իր այդ լիազորությունները կարող է իրականացնել Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` 2018թ. ապրլից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՍԴ նախագահի խորհրդական Գեւորգ Դանիելյանը, որ եղել է նաեւ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմում, այսպես մեկնաբանեց նշված դրույթի կիրառումը. «Խորհրդարանն այս լիազորությունը կստանձնի միայն հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ գործելու են 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության համապատասխան դրույթները, ինչը բխում է Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասից: Նկատենք նաեւ, որ հենց նույն օրն էլ գործողության մեջ պետք է դրվի հիշյալ 148-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը, ըստ որի՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Այսինքն՝ մինչ այդ կառավարության անդամի վրա չեն տարածվի պատգամավորի համար սահմանված պահանջները: Այսպիսով, միաժամանակ գործողության մեջ են դրվելու կառավարության անդամի վրա պատգամավորի համար սահմանված պահանջները տարածելու վերաբերյալ 148-րդ հոդվածի 1-ին մասը եւ նույն այդ հոդվածը փոխելու առնչությամբ ԱԺ լիազորությունը»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու` հնարավո՞ր է օրենքի դրույթը փոխվի ԱԺ-ում` հարմարեցնելով Կարեն Կարապետյանի բնակության ԸՕ չափանիշներին: «Եթե թղթերի հետ կապված խնդիր լինի, վարչապետն էլ այդ մասին խոսել է, որեւէ գործողություն անելու ցանկություն չկա, մենք ինքներս հակված չենք որեւէ քայլ անել»,- պատասխանեց Սահակյանը: Ինչ վերաբերում է 2018թ. հետո նրա պաշտոնավարմանը, Սահակյանը նշեց. «Ես կարծում եմ՝ մենք մի քիչ շատ ենք առաջ գնում պլանավորելու, որոշումներ կայացնելու համար»:
Այսպիսով, պետք է ասել, որ Կ.Կարապետյանին վերջին 4 տարում բնակության տեղեկանքի հարցը կարող է լուծվել միայն Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգի դեպքում: Բայց այդ հրահանգը հազիվ թե տրվի. ի վերջո Սահմանադրությունը փոխվեց Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակով, բացի այդ՝ իր վերջին հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանն ինքը չէր բացառել 2018թ հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը: Այնպես որ, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն թողնի լուսանցքում: Արդեն նկատելի է, որ նրա ունեցած այսօրվա դերն ու հեղինակությունը հենց իշխանության ներսում անհանգստություն է առաջացնում: Բայց այս մասին` առաջիկայում:
Ի դեպ, հունվարի 24-ին Կ. Կարապետյանը ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Զարմանալի զուգադիպությամբ Մոսկվա մեկնելու մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Կարապետյանը չի լինի ՀՀԿ համամասնական ցուցակում, իսկ 2018թ. հետո վարչապետ դառնալու հավանականությունն էլ մշուշոտ է: Գուցե Մոսկվայո՞ւմ կայացվի այս կարեւորագույն որոշումը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ԴԱՇԻՆՔԸ
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի հետ դաշինք կազմելը բավական ծանր է նստելու Վ. Օսկանյանի «Համախմբում» եւ Վ. Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների վրա: Բանն այն է, որ այս ուժերը ցանկանում են ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, իսկ ահա Արամ Գ. Սարգսյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք ամենեւին էլ իշխանափոխություն անելու նպատակ չունեն: Արամ Գ. Սարգսյանն ասել է, թե դաշինքի նպատակը ընտրություններում հաղթելն ու երկրում փոփոխություններ անելն է: Հարցին, թե խոսքը իշխանափոխություն անելո՞ւ մասին է, Արամ Գ. Սարգսյանն ասել է. «Ո՛չ: Ես արդեն բոլորին ասում եմ՝ իշխանափոխությունը մի տեսակ մեխանիկական հասկացություն է՝ իշխանություն փոխել»: Այն, որ Դեմկուսն այս դաշինքի բալաստն է, եւ նրա միանալը ձեւական բնույթ է կրում` ընդամենը թվաքանակ ապահովելու նպատակով, պարզ էր ի սկզբանե: Մնում է` այսուհետ դաշինքի գործընկերները զսպեն Գասպարիչին` արգելելով աջ ու ձախ իրար հակասող հարցազրույցներ տալը:

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է մարզպետարանում կադրային փոփոխություններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնից Մհեր Հայրյանին ազատելու մասին կարգադրություն է ստորագրել: Ըստ այդմ, Հայրյանը հունվարի 9-ից ազատվել է պաշտոնից: Թեեւ կարգադրության մեջ նշված է, որ մարզպետը Հայրյանին պաշտոնից ազատել է՝ հաշվի առնելով վերջինիս անձնական դիմումը, այնուամենայնիվ հայտնի է, որ մարզպետը աստիճանաբար ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վ. Հակոբյանը նախընտրական այս շրջանում «խուճապահար» սկսել է «լիսկայազերծ» անել մարզպետարանը՝ աշխատանքից ազատելով խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյանին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին:

 

 

ՎՊ-Ն ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ
ՀՀ վերահսկիչ պալատն Ազգային ժողով է ներկայացրել 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Ըստ այդմ, ՎՊ-ն պատրաստվում է ուսումնասիրություններ կատարել մի քանի ուշագրավ ոլորտներում, այդ թվում` ինչպես է ծախսվել կառավարության պահուստային ֆոնդը: ՎՊ-ն նախատեսել է ուսումնասիրություններ անցկացնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում` ստուգելով, թե ինչպես են ծախսվում հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով վերականգնման, հաշմանդամներին սայլակներով եւ լսողական սարքերով ապահովման նպատակով տրամադրված գումարները: Նախատեսված է ստուգել նաեւ ԴԱՀԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսը:

 

 
ՆՈՐԻՑ ԿԴԱՌՆԱ ԲՀԿ ՆԱԽԱԳԱ՞Հ
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նախկին կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել ԲՀԿ-ականների հետ: «Այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել պարոն Ծառուկյանի մոտ, որին ներկա են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 62 տարածքային կառույցների պատասխանատուները եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավորները։ Պարոն Ծառուկյանը ներկայացրել է մեր առաջիկա անելիքները եւ, բնականաբար, օրակարգում եղել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- նշել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Իսկ 168.am-ի հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը նորից կգլխավորի կուսակցությունը, Ն. Զոհրաբյանը պատասխանել է, որ դա կլինի ամենաճիշտ լուծումը, եւ դա բոլոր ԲՀԿ-ականների ցանկությունն ու պահանջն է. «Այլ կերպ մենք կարծում ենք, որ ընդունելի եւ ճիշտ չի լինի։ Եվ մեր առաջարկը եղել է պարոն Ծառուկյանին, որ նա նորից գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»։ Թե ի՞նչ պատասխան կտա Գ. Ծառուկյանն իր կուսակիցներին, պարզ կլինի առաջիկա օրերին։
 

 

ԴԵՌ ՉԻ ԽՈՍԻ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ մասնակցություն չի ունենալու քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես նա որեւէ կերպ ներգրավված չի լինելու ո՛չ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ո՛չ Սեյրան Օհանյանի: Մեր այս տեղեկությունը երեկ անուղղակի կերպով հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` նշելով. «Քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռեւս չի ձեւավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են մնում ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարեւոր գործոններ: Այդպիսով՝ ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձեւը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ»:




Լրահոս