ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՑՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության գործով երկրորդ տարին, սակայն ազգային անվտանգության ծառայությունում նրա ինքնասպանության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ու մինչ իրավապահները ուսումնասիրում են գործարարի ինքնասպանության պատճառը, նրա ՍՊԸ-ի դեմ հայցերը չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ 2015 թվականին, փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Նոր Հաճնի իր առանձնատանը 61-ամյա Համլետ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն էր, ինքնասպան եղավ: Սակայն գործարարը ինքնասպան լինելուց առաջ մի նամակ էր թողել, որտեղ գրել էր, թե ով հասցրեց իրեն այս քայլին: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԱԾ-ն հարցաքննել է ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկին, որի անունը, ամենայն հավանականությամբ, իր նամակում մատնանշել էր գործարարը: Իսկ թե կոնկրետ որ նախարարի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ, սակայն փաստ է մեկ բան, որ ազգային անվտանգության ծառայությունում այս գործով նախաքննությունը դեռես շարունակվում է, իսկ թե ինչ բացահայտումներ է եղել, դեռ ԱԱԾ-ն չի գաղտնազերծում:
Ինչպես հայտնի է՝ Համլետ Ամիրխանյանը Երեւանում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Իսկ գնորդները բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ էին:
Եւ ահա գործարարի ինքնասպանությունից հետո մի շարք քաղաքացիներ հայտնվեցին խնդրի առաջ եւ այս օրերին ընկած դատարանի դռները՝ փորձում են փրկել իրենց բնակարանները: Բանն այն է, որ գործարարը բնակելի տարածք էր վաճառել մի խումբ քաղաքացիների, իսկ ավելի ուշ նրանց սեփականության վկայականները գրավ էր դրել բանկերում՝ խոստանալով շենքը վերջնական տեսքի հասցնելուց հետո հանձնել իրենց, սակայն չարաբաստիկ դեպքից հետո մարդիկ կանգնել են խնդրի առաջ: Գումար են տվել, սակայն բնակարանի փաստաթուղթ չունեն:
Ու հիմա նաեւ պաշտոնյաների համբերության բաժակն է լցվել: Պարզեցինք, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մի խումբ քաղաքացիների նման նա եւս փորձում է փրկել իրեն պատկանող տարածքը եւ բնակարանը, քանի որ, ինչպես մեզ հայտնի դարձավ, նա ոչ միայն բնակարան, այլ նաեւ տարածք է ձեռք բերել գործարարից: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի գործով քննությունը թեւակոխել է դատաքննության փուլ, իսկ թե ինչ ավարտ կունենա այս դատական պրոցեսը, դժվար է ասել:
Նշենք, որ «Լեւոն Ամիրխայան» ՍՊԸ-ի գործով տուժածները պահանջել են գործարարի գույքը վաճառել եւ իրենց պարտքերը մարել, սակայն ինչպես նկատում ենք՝ դեռեւս սայլը տեղից չի շարժվում: Իսկ ահա դատարան դիմած քաղաքացիների թիվը հասնում է մոտ 170-ի: Նրանք պահանջում են կա՛մ իրենց գումարը, կա՛մ գնված բնակարանների փաստաթղթերը:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործարար Բարսեղ Բեգլարյանին է վաճառել իրեն պատկանող «Զարգացման Հայկական բանկը» խոշորացման անվան տակ: Ավելին՝ աճուրդի է հանել նաեւ «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն եւ այլ բիզնեսներ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
Մինչ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Վազգեն Հարությունյանը փորձում է մարզում մի շարք քաղաքացիների մասով քրեական գործերը հսկել եւ ուղարկել դատարան, նրա հարազատները հանցանքներ են գործում, հայտնվում ամբաստանյալի աթոռին:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016 թվականին անդրադարձել էր Գորիս քաղաքում «Դիանա» ռեստորանային համալիրում Գորիսի ոստիկանապետի հետ տեղի ունեցած միջադեպին: Գրել էինք, որ ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի եղբորը եւ կալանավորել: Այս աղմկահարույց միջադեպին ականատես էին եղել Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, սակայն վերջիններս օբյեկտիվ քննության փոխարեն ոստիկանապետի եղբոր գլխին սարքել էին եւ կալանավորել իբրեւ թե ոստիկանին դիմադրելու հիմքով: Ինչեւէ, աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո ՀՔԾ-ն քննեց այս գործը եւ արդարացրեց Գորիսի ոստիկանապետի տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Պարզվում է՝ քաղաքացու գլխին գործ սարքելու գործընթացի պաշտոնական վերահսկողն ինչ-որ լուրջ խնդիրներ ունի: Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի հարազատները աղմկահարույց քրեական գործերով են անցնում: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, ապօրինի զենքի մասով հարուցված քրեական գործով կալանքի տակ է: Գործը գտնվում է դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դատական տեղեկատվական համակարգից տեղեկանալ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, սակայն դատական տեղեկատվական համակարգը գաղտնի է պահում դատախազի եղբոր մասով դատական գործը: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դատական տեղեկատվական համակարգում որոշ մարդկանց մասով քրեական գործերը փակ են: Չի բացառվում, որ մի շարք պաշտոնյաներ, չկարողանալով իրենց հարազատներին զերծ պահել աղմկահարույց գործերից, փորձում են գաղտնի պահել նրանց մասով հարուցված քրեական գործերի ընթացքի լուսաբանումը:
Ի դեպ, հավելենք, որ մարզում տարածված լուրերի համաձայն՝ դատախազ Վազգեն Հարությունյանի քեռին էլ այլ քրեական գործով է անցնում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ԵՄ արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչ Կլարա Գանսլանդտին եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում նախարարը ողջունել է Երեւանում մեկնարկած ԵՄ համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Քննարկվել են նաեւ անվտանգության եւ պաշտպանության բնագավառում Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Իսկ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին:

 

 

ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԱՄՈԶԵԼՈՎ
«Մենք ազատ երկիր ենք, եւ յուրաքանչյուր ոք կարող է հայտ ներկայացնել քաղաքական դաշտում: 2017 թվականի ընտրությունները բավական վճռորոշ են: Մենք բոլորին անխտիր համարում ենք մրցակիցներ եւ լուրջ ենք վերաբերվում: Քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք: Անցյալին անդրադառնալն այդքան ճիշտ չեմ համարում: Անցյալում ինչ հայտարարություն որ արվում էր, դրանք հակասահմանադրական էին, իսկ սա էապես տարբերվում է»,- պատասխանելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին armlur.am-ի հարցին՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցութան ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

 

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Անտոնյանը armlur.am-ին հայտնել է, որ հունվարի 16-ից հացադուլ է հայտարարել: Դատապարտյալի փոխանցմամբ՝ ինքն այդկերպ բողոքում է առանց պատճառաբանության պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ: Ս. Անտոնյանը հայտնել է նաեւ, որ ինքը դատապարտվել է 3 տարի 9 ամիս ժամկետով, խուլիգանության մեղադրանքով. «Մեկ ու կես տարի պատիժ կրելու ընթացքում որեւէ տույժ, նկատողություն չեմ ստացել, սակայն ինձ մերժել են ու չեն բացատրել՝ ինչու: Այո՛, նախկինում մի տասը անգամ դատապարտված եմ եղել, տույժեր եմ ունեցել, սակայն դա ի՞նչ կապ ունի այս անգամվա պատժիս հետ»,- բողոքել է դատապարտյալը: Վերջինիս փոխանցմամբ՝ ամիսներ առաջ մահացել է իր երիտասարդ որդին, մի քանի օր անց մայրը, եւ ինքը ցանկանում է նրանց շիրմաքարերը դնել, սակայն անազատության մեջ գտնվելով՝ չի կարողանում:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ ներկայացրել է Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքները: «Ունենալու եմ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Այն զինվորը, որը կատարել է ոճրագործություն՝ կտրած գլուխը ներկայացնելով իր հանրությանը որպես հպարտության առարկա, կներկայացվի միջազգային հանրությանը»,- ասել է նա:




Լրահոս