Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ում դեռեւս շարունակվում են քննարկումները ռեյտինգային ցուցակների շուրջ: ՀՀԿ-ն, կարելի է ասել, հայտնվել է բարդ իրավիճակում. պետք է այնպես անել, որ կուսակիցները չնեղանան, բայց միեւնույն ժամանակ շահի կուսակցությունը: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է՝ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն: Ըստ այդմ, շատերն ազատություն ունեն եւ կարող են ռեյտինգային ցուցակով առաջադրել իրենց թեկնածությունը, ի վերջո դրանից շահելու է միայն կուսակցությունը: Հենց այս թեզն էլ առաջ է տանում ՀՀԿ-ն՝ միաժամանակ այնպես անելով, որ դա ներկուսակցական խժդժությունների կամ միջանձնային պայքարի պատճառ չդառնա:
Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նույն ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող ՀՀԿ-ականները չպետք է խանգարեն միմյանց, ասել է թե, չպետք է միմյանցից ձայներ «խլեն»: Սակայն այս պայմանավորվածությունը, ինչպես երեւում է, խախտման ենթակա է, առաջին խախտողն էլ արդեն հայտնի է. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, ով առաջադրվելու մտադրություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները:
Հայտնի է, որ այժմ Ավան համայնքից ընտրված պատգամավորը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է՝ Ռոբերտ Սարգսյանը, ով այս ընտրություններում եւս առաջադրվելու ցանկություն ունի: Երկուսն էլ իրենց համայնքներում ունեն իրենց ընտրազանգվածը եւ նախապես միմյանց չխանգարելու եւ միմյանցից ձայներ չփախցնելու պայմանավորվածություն էին ձեռք բերել, բայց նախընտրական պայքարը դեռ չսկսած՝ Միհրան Պողոսյանը խախտեց այն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սկսել է ձեւավորել ոչ պաշտոնական շտաբներ եւ աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Ռոբերտ Սարգսյանի շտաբները կամ նրա ճամբարից են եղել: Պայմանավորվածության խախտումը, սակայն, դուր չի եկել ՀՀԿ-ին: Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Պողոսյանի հետ անհատական զրույց կտարվի եւ կզգուշացվի, որ պայմանավորվածությունների խախտումներ չպետք է կատարվեն:
Այս ընտրատարածքը սակայն չի սահմանափակվում միայն Միհրան Պողոսյանի եւ Ռոբերտ Սարգսյանի առաջադրումներով. «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռեյտինգային համակարգով այս ընտրատարածքում կառաջադրվի նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը, ով կփորձի իր ուժերը եղբոր հսկողության տակ գտնվող համայնքում: Ինչպես հայտնի է՝ Նոր Նորքից նախորդ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Սամվել Ֆարմանյանը, որն այս անգամ չի առաջադրվի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Ֆարմանյանը ընդգրկվեց կուսակցության գործադիր մարմնի կազմում, եւ եթե որոշվի, որ նա պետք է լինի խորհրդարանում, ապա կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում:
Առհասարակ այս ընտրություններն անակնկալներով լի են լինելու, եւ նույնիսկ ամենամեծ թվով ձայներ հավաքելը տվյալ թեկնածուի համար խորհրդարանում տեղ չի ապահովելու: Ասել է թե, անձը կարող է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, ձայներ բերել, սակայն այդպես էլ պատգամավոր չդառնալ: Իսկ այս կամ այն անձի պատգամավոր դառնալու նպատակահարմարությունն էլ կորոշվի միայն ընտրություններից հետո. միգուցե տեսնեն, որ նա այլ տեղում իրեն կարող է ավելի լավ դրսեւորել եւ ավելի օգտակար լինել կուսակցությանը: Այդ առումով մեծ ուշադրություն է դարձվում նաեւ այն մարդկանց, ովքեր համբավ ունեն արտերկրում եւ կարող են ծագած խնդիրների դեպքում իրենց կապերով օգտակար լինել:
ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի շուրջ «Ժողովուրդ»-ը որոշ տեղեկություններ է պարզել: Հիմնական թեզն այն է, որ խորհրդարանում պետք է լինեն միայն այնպիսի գործիչներ, ում գործունեությունն ամենահաջողն է ստացվում հենց որպես պատգամավոր: Ըստ այդմ, մի քանիսին արդեն զգուշացվել է, որ նրանք հաջորդ խորհրդարանում չեն լինի: Մեր տեղեկություններով՝ այդպիսի զգուշացում արդեն ստացել է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը կառաջադրվի ռեյտինգային համակարգով Արմավիրի մարզից: Պատգամավոր Առաքել Մովսիսյանը եւս կառաջադրվի ռեյտինգային համակարգով. հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում էր: Հաջորդ խորհրդարանում չի լինի նաեւ Մհեր Սեդրակյանը. դեռ վաղուց էր խոսվում այն մասին, որ նրա փոխարեն խորհրդարանում կլինի որդին՝ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը: ՀՀԿ-ն ցանկանում է ունենալ երիտասարդ կադրեր, Դավիթ Սեդրակյանին էլ այդ առումով լավ թեկնածու են համարում:
Որպես երիտասարդ թեկնածուի ՀՀԿ-ում դրական են վերաբերվում նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թեկնածությանը, սակայն կուսակցության ներսում դեռ երկմտում են, թե վերջինս իրեն որտեղ կարող է ավելի լավ դրսեւորել եւ կուսակցության համար ավելի օգտակար լինել: Չի բացառվում, որ Արման Սահակյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի, սակայն խորհրդարանում այդպես էլ չհայտնվի: Կենտրոն համայնքից եւ Արմավիրից մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ դարձած Գարեգին Նուշիկյանն ու Ալեքսան Պետրոսյանն այս ընտրություններում եւս կփորձեն իրենց ուժերը: Արաբկիրից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, այս անգամ էլ առաջադրվելու ցանկություն է հայտնել, սակայն մրցակից եւս ունի: Նույն ընտրատարածքից առաջադրվելու մտադրություն ունի նաեւ համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանը, ով չնայած կարճ ժամանակ է զբաղեցրել այդ պաշտոնը, սակայն դրական հետագիծ է թողել:
ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշման չեն եկել իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, սակայն կուսակցական չհանդիսացող գործիչների մասով: Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Առայժմ անորոշ է նաեւ ՀՀԿ կանանց ճակատագիրը: Թեեւ ընտրության հնարավորությունը բավական լայն է, քանի որ կուսակցությունում կանանց ներգրավածությունը մեծ է, սակայն վերջնական որոշում կայացնելը դժվար է՝ հաշվի առնելով ներքին խժդժությունները:
Թե, ի վերջո, ինչպիսին կլինեն ՀՀԿ համամասնական եւ ռեյտինգային ցուցակները, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում՝ կուսակցության նախորդ՝ «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը մնում է ակտուալ՝ հատկապես փոխվելու առումով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Նախատոնական օրերին պարենային շուկայում թանկացումներ են արձանագրվել: Սա է վկայում պաշտոնական վիճակագրությունը:
Այսպես՝ անցած տարվա դեկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում արձանագրվել է 1.1 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքները էժանացել են 0.2 տոկոսով, իսկ ոչ պարենայինը՝ 0.7-ով: Սակայն դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրեթե բոլոր ապրանքատեսակները թանկացել են: Բնականաբար պատճառը Ամանորն է եղել, եւ տնտեսվարողները առիթից օգտվելով՝ բարձրացրել են իրենց ապրանքների գները:
Օրինակ՝ պարենային մթերքների շուկայում անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացումով: Բացի այս՝ նշված ժամանակահատվածում թանկացել է նաեւ սունկը, գազարը, ճակընդեղը, բողկը, գլուխ եւ կանաչ սոխը, կաղամբը, վարունգը, լոլիկը, կանաչ լոբին եւ այլն:
Ամանորի նախաշեմին բարձրացել են նաեւ ընկույզի միջուկի, տանձի, խնձորի, խաղողի, արքայանարնջի գները: Այդ ժամանակաշրջանում թանկացել է նաեւ ձուկը՝ 1.5 տոկոսով: Ինչը հիմնականում պայմանավորվել է իշխան ձկնատեսակի 2.2 տոկոս գնաճով: Նախատոնական օրերին թանկացել են նաեւ ոգելից խմիչքը, մսամթերքը, ծխախոտը, շաքարավազը: Այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը: Ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտից միշտ վրիպում է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
12-ՐԴ ՀԱՐԿԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Հունվարի 18-ին՝ ժամը 1-ն անց 10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դիակ: Մահացածը Տավուշի մարզի 34-ամյա բնակիչ Դավիթ Մելքումյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով՝ իրեն ցած է նետել: Դ. Մելքումյանը «Տավուշ նախագիծ» ՍՊԸ-ի տնօրենն էր, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա, ընտանիքը սպասում էր երրորդ երեխային: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքումյանի հարազատ եղբայրն է: Միսաք Մելքումյանը Տավուշի մարզում հայտնի է իր համեստ վարքով, մասնագիտական խոր գիտելիքներով, նրա եղբոր nղբերգական մահը Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչների ցավ է պատճառել: Իջեւանից հայտնեցին, որ Դավիթ Մելքումյանն իր եղբայր Միսաք Մելքումյանի նման զբաղվել է տարբեր շենքերի նախագծային-նախահաշվային աշխատանքներով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Մելքումյանի ողբերգական մահվան պատճառ կարող էին լինել նրա կրոնական հայացքները: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դրանց արդյունքում կպարզվի Դ. Մելքումյանի մահվան իրական պատճառը:
ՀԱՑ՝ «ԳԱՅԿԱՅՈՎ»
Հունվարի 17-ին Նոյեմբերյան քաղաքի հանրախանութներից մեկից մատնաքաշ տեսակի 2 հաց գնեցի: Տանը կինս գնված հացերից մեկից ճաշակելով՝ ատամի տակից «գայկա» հայտնաբերեց: Հաջորդ օրը հացի կտորի մեջ խրված «գայկան» ներկայացրի հանրախանութի աշխատակից այն աղջկան, ով ինձ էր վաճառել հացերը: Նա ասաց, որ իրենց խանութին հաց են մատակարարում Նոյեմբերյան քաղաքի 3 հացթուխներ, եւ ինքը չի կարող ասել, թե կենկրետ ում թխած չարաբաստիկ հացն եմ ես գնել; Խոսակցությունը շարունակվեց, վաճառողուհին, ով միշտ բարյացակամ է հաճախորդների հետ հարաբերություններում, բարձր բղավելով՝ ասաց, որ իրեն խանգարում եմ աշխատել: Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը, ինձնից լսելով այս պատմությունը, ասաց, որ հունվարի 18-ին ինքը Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում ավտոմեքենայի տանիքի մետաղյա ամրանների վրա տեսել է հացի արտադրամասից խանութներ տեղափոխվող հացի խմբաքանակ եւ չի զարմացել, քանի որ հանապազօրյա հացի արտադրությունն ու խանութներին մատակարարումը վաղուց արդեն չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Նոյեմբերյան քաղաքում գործում է հացի 11 արտադրամաս, հարկ է, որ համապատասխան վերահսկող մարմինը մշտապես հետեւի՝ արդյոք հացի թխման եւ խանութներին մատակարարման սանիտարական պայմանները համապատասխանում են սահմանված չափանիշներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ