«ՎԻՆԱՐ»-Ը ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ ԱՐՏԱԴՐԱԾ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին պարտք է 67 մլն 800 հազար դրամ մթերած խաղողի դիմաց: Ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր ամսվա վերջին պարտքից որոշակի չափով մարումներ անել:

Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները անցած տարվա ընթացքում պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում, ճանապարհներ էին փակում՝ պահանջելով 2015 թվականին մթերված խաղողի գումարները: Բանն այն էր, որ խաղողը մթերած «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը ամիսներ շարունակ խոստանում էր պարտքը մարել, սակայն ուշացնում էր: Արդյունքում` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի հետ:
-Պարո՛ն Գալստյան, համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դուք ընկերությունը վաճառել եք: Այդպե՞ս է արդյոք:
-Նման բան չկա: Դա ինչ-որ մեկն է հնարել: Ոչ ոք չի վաճառում գործարանը, ոչ ոք չի հեռանում Հայաստանից: Սխալ տեղեկություն է:
-Ընկերությունը որքա՞ն է պարտք գյուղացիներին:
-Այսօրվա դրությամբ գյուղացիներին կուտակած պարտքը կազմում է 67 մլն 800 հազար դրամ: Մեր պարտքը եղել է ավելի քան 310 մլն դրամ, որն այժմ դարձել է 67 մլն դրամ:
-Ե՞րբ է ընկերությունը նախատեսում այդ պարտքը մարել:
-Ընկերությունը անցած տարվա դեկտեմբերի 31-ին 18 մլն 800 հազար դրամ վճարել է գյուղացիներին: Բայց յուրաքանչյուր ամսվա վերջին 20 մլն դրամի կարգի գումար մարելու ենք այդ պարտքից: Գյուղացիների հետ պայմանավորվել ենք, այլ խնդիր չկա:
-Ինչի՞ց առաջացան ընկերության խնդիրները:
-Գյուղացիները մեծ քանակի խաղող ունեին, որը 2015 թվականին մթերեցին, բայց դրան զուգահեռ ռուսական ռուբլու փոխարժեքը տատանվեց: Արդյունքում ռուսական ընկերությունները չգնեցին մեր ապրանքը: Իսկ մինչ այդ մեզ ասում էին՝ ինչքան արտադրեք, կգնենք: Մինչդեռ հիմա իրենց համար ձեռնտու չէ, որ մեզանից կոնյակի սպիրտ գնեն:
-Ընկերությունը արտադրանք ունի՞: Կարողանո՞ւմ է ներքին շուկայում այն իրացնել:
-Ամբողջ խնդիրը հենց դրանում է, որ իրացում չկա: Ընկերությունը արտադրանք ունի, բայց չենք կարողանում այն իրացնել: Հակառակ դեպքում ողջ պարտքը կմարեինք: Մեզ մոտ երիտասարդ կոնյակի սպիրտ է արտադրվում: Իսկ գնորդները նախընտրում են 5-6 տարեկան կոնյակի սպիրտ: Այսինքն՝ երիտասարդ կոնյակի սպիրտի գնորդ չենք կարողանում գտնել: Դա է խնդիրը: Ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին շուկայում փնտրում ենք, բայց չենք կարողանում գտնել: Տեղական շուկայում մենք միայն մեծածախ առեւտուր ենք անում, ո՛չ գինի, ո՛չ կոնյակ չենք վաճառում խանութներում:
-«Վինար»-ը ո՞ր երկրներ է կարողանում իր արտադրանքը արտահանել:
-Ընկերությունը 2016 թվականին արտահանում չի իրականացրել, բայց 2015 թվականին Չինաստան եւ Մերձբալթիկա ենք արտահանել: Այս տարի չինական Նոր տարուց հետո չինական կողմը մեզ կոնյակի սպիրտի մեծ պատվեր կուղարկի: Հիմա սպասում ենք այդ պատվերին: Երբ պատվիրեն, գյուղացիների ամբողջ պարտքը կմարենք:
-Պարո՛ն Գալստյան, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անցած տարի դիմեց գլխավոր դատախազություն՝ Ձեր ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով: Քանի որ ընկերությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չի կատարել…
-Գիտեք, ես չեմ խուսափում ո՛չ դատախազությունից եւ ո՛չ էլ պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից: Ես ոչ մի խնդիր իրենց հետ չունեմ: Ինձ կանչել են դատախազություն, ես գնացել եմ եւ բացատրություն եմ տվել: Ինչ-որ անհրաժեշտ գործառույթներ կան, արել եմ: Ես ոչ մի հանցագործություն չեմ արել, որ վախենամ: Եթե գյուղատնտեսության նախարարությունը չդիմեր, ապա պետք է գյուղացիները դիմեին:
-Այժմ այդ գործը ո՞ր փուլում է:
-Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնում է գործը: Ոչ մի խնդիր չկա:
-Ընկերությունը, բացի գյուղացիներին ունեցած պարտքից, այլ պարտքեր ունի՞:
-Փոքր պարտքեր ունենք: Բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, մենք մեր ընկերությունը չենք վաճառելու, քանի որ չինական կողմի հետ այդ պայմանագիրը կնքելու համար չորս տարի վնասով աշխատել ենք, որ հասնենք այս կարգավիճակին: Չինական ընկերությունը 2016 թվականին մեզանից ապրանք չպատվիրեց, քանի որ ներքին խնդիրներ ուներ, բայց խոստացել են, որ 2017 թվականին կտանեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՋԱՅԼԱՄԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ
88-ի երկրաշարժից մինչ օրս Վանաձորում առկա է երրորդ կարգի վթարայնություն ունեցող 84 բազմաբնակարան շենք, որոնց սեյսմակայության վերջին ուսումնասիրություններն իրականացվել են 2003թ-ին՝ 13 տարի առաջ: Մասնագետների պնդմամբ՝ նոր ուսումնասիրություն իրականացնելու դեպքում դրանց մեծ մասը կստանա վթարայնության 4-րդ աստիճան՝ դառնալով քանդման ենթակա, իսկ պետությունը պարտավոր կլինի բնակիչներին տարհանել ու ապահովել նոր բնակարանով կամ գոնե բնակտարածքով: Խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը հարցում էր ուղարկել քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարին: Ի պատասխան՝ կոմիտեից նախ հաստատել են, որ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի զննություն վերջին անգամ ՀՀ-ում իրականացվել է 2003 թվականին: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ընթացիկ տարում նոր ուսումնասիրություններ նախատեսվում են, կոմիտեից բացասական պատասխան են տվել՝ նշելով, որ ՀՀ 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հետազննության իրականացման համար քաղաքաշինության պետական կոմիտեին հատկացվելիք միջոցներ նախատեսված չեն: Մենք խնդրել էինք նաեւ ասել, թե ի՞նչ է սպասվում վթարայնության 3-րդ աստիճան ունեցող շենքերի բնակիչներին: «Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի, այդ թվում՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակարանների, գերակշիռ մասը հանդիսանում է քաղաքացիների սեփականությունը, եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ եւ 165-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ սեփականատերերն են կրում իրենց պատկանող գույքի պահպանման հոգսը, ինչպես նաեւ պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը»,- պատասխանել էին կոմիտեից:
Ստացվում է՝ բնակիչներն իրենք են պարտավոր վերանորոգել ու ամրացնել աղետի հետեւանքով վթարային դարձած շենքերը: Քաղաքաշինության կոմիտեից հայտնել են նաեւ, որ հանրապետության 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ վերը նշված 84 շենքի) ամրացման-վերականգնման աշխատանքների իրականացման հարցին հնարավոր է անդրադառնալ ըստ առաջնահերթության պետական միջամտության կարիք ունեցող շենքերում ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն իրականացվելիք միջոցառումների շրջանակներում՝ այդ ուղղությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Իսկ մինչ այդ նոր աղետի ու նույնիսկ թեթեւ ցնցման դեպքում հնարավոր է՝ փլուզում տեղի ունենա՝ հանգեցնելով մարդկային զոհերի:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի նորանշանակ պետ Սուրեն Աբովյանը եւս փաստում է՝ նոր ուսումնասիրություններ իրականացնելու դեպքում բազմաթիվ շենքեր կճանաչվեն քանդման ենթակա: Աբովյանը միեւնույն ժամանակ նշում է՝ շենքեր էլ կան, որոնք 13 տարի առաջ անհիմն են ստացել վթարայնության երրորդ կարգ. «84 վթարային շենքերի ցանկը փոփոխության կարիք ունի: Կան շենքեր, որոնք իսկապես այսօր արդեն ենթակա են քանդման, բայց շենքեր էլ կան, որոնք անհիմն են ստացել երրորդ կարգ: Նրանք գուցե կոսմետիկ ու տանիքի վերանորոգման խնդիր ունեն, բայց շենքերի հիմնակմախքները վնասված չեն»:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս