ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ եւ ունեմ մեքենա: Ուզում եմ տեղեկանալ՝ մեքենայի գույքահարկ պե՞տք է վճարեմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա 1-ին կարգի հաշմանդամների համար գործո՞ւմ են որոշակի արտոնություններ եւ զեղչեր:
Գեւորգ Արիստակեսյան (59 տարեկան, 1-ին կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Արիստակեսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ 1-ին կարգի հաշմանդամները չեն ազատվում գույքահարկի վճարումից: Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ գույքահարկից ազատվում են Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին խմբի զինհաշմանդամները՝ միայն բնակելի նշանակության շինությունների մասով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք: