Ռամկավար Ազատական կուսակցությունը բանակցություններ է վարում քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ՝ «Ծառուկյան» դաշինքին միանալու հետ:
Սրան զուգահեռ՝ նույն դաշինքին միանալու մտադրություն ունի նաեւ «Սոցիալ դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը:
Հիշեցնենք՝ երեկ ArmLur.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հայտնել է. «Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև այլ քաղաքական գործիչների հետ, բազմիցս հանդիպել եմ նաև պարոն Օհանյանի, պարոն Դալլաքյանի հետ։ Այստեղ շատ կարևոր են ծրագրային դրույթները, թե ինչպիսի ծրագրեր են առաջ քաշվելու»:
Որքանով են իրատեսական ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի՝ նույն դաշինքում գործելու հնարավորությունները՝ հաշվի առնելով մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, որ այս երկու քաղաքական ուժերը, չնայած համագործակցություն հաստատելուն, պարբերաբար տարաձայնություններ եւ անհաշտություններ են ունենում:
ArmLur.am-ի հետ զրույցում ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Մենք ՍԴՀԿ-ի հետ համագործակցում ենք, եւ որեւէ տարաձայնություն չունենք»:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին միանալու մտադրությանը՝ Հակոբ Ավետիքյանը հայտնեց, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, հունվարի 26-ին ամեն բան կհստակեցվի. «Հիմա վերջնական պատասխան ասել չեմ կարող: Իմ կանխատեսումն էլ, հնարավոր է, հակասի վարչության անդամների դիրքորոշմանը: Ուրբաթ օրը ամեն ինչ պարզ կլինի: Բանակցություններ եղել են, սակայն վերջնական որոշում չի կայացվել»,- պարզաբանեց Հ. Ավետիքյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ ներկա պահին շատ դժվար է միայնակ առաջ գնալը. դաշինքով ներկայանալն անխուսափելի է. «Այս դաշինքների կազմավորման մեջ ես չեմ տեսնում գաղափարական ընդհանուր գծեր: Ընդհանուր քաղաքական կեցվածք ունեն դաշինքները, որն է՝ իշխանություններին հակակշիռ լինել, մյուսը ուզում է իշխանափոխություն, իշխանության ներսում փոխել ընդհանուր դրվածքը և ներքին, արտաքին քաղաքականությունը և այլն: Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն աշխատում է ինչքան հնարավոր է շատ թվով մարդկանցով խցկվել ապագա խորհրդարան»,- եզրափակեց Ավետիքյանը: