ՀՔԾ-ն կարճել է Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով հարուցված քրեական գործը: Նման հայտարարություն է տարածել Միհրան Պողոսյանի գրասենյակը: Չնայած հայտարարությանը ՀՔԾ-ից պաշտոնապես դեռևս չեն հաստատել այս լուրը:
Հիշեցնենք, որ օֆշորային գործարքների վերաբերյալ հրապարակումներից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: Սակայն վերջերս նա ակտիվորեն գովազդում է իր ղեկավարած «Քեթրին» ՀԿ-ն` հայտ ներկայացնելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
ArmLur.am-ը գրել է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փակել է օֆշորային սկանդալի հետ կապված բոլոր էջերը և լծվել նախընտրական քարոզարշավի:
Իսկ ավելի վաղ՝ մայիսի 20-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պանամայի գործը «սառեցնելու» քաղաքական հրահանգը տրված է: Եւ Միհրան Պողոսյանը ջանում է հարթել բոլոր խութերը՝ վերադառնալու համար:
Դրանից հետո Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե բանանի ներկրման փորձ է խոչընդոտվել: Իսկ բանանի ներկրման մենաշնորհը, ինչպես հայտնի է, պատկանում է Միհրան Պողոսյանին:
Թեպետ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է, որ խոչընդոտելու գործում ինքը ներառված է, այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում էին, որ այդպես էլ անհայտ մնացած գործարարին հենց Միհրան Պողոսյանի զանգն է կաշկանդել:
ՊԵԿ հաղորդագրությունը, որով Վարդան Հարությունյանը հայտարարում էր, թե Կարեն Կարապետյանի հրահանգը՝ թույլ տալ բոլորին անարգել ներկրում իրականացնել, խաղի նոր կանոնների մեջ է մտնում, սկզբնական շրջանում ոգեշնչող էր: Ավաղ, այս անգամ եւս հանրությունը հիասթափության պահեր ապրեց: «Ջրվում է» նաեւ «բանանի» գործը:
Այսպիսով, Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքները ներառող թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու հավակնություններ ունեցող Միհրան Պողոսյանի համար պարարտ հող է պատրաստվում: Նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է:
Հ.Գ. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: