Այսօր անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Սոմերսեթ Մոեմի ծննդյան օրն է:  Մոեմը ծնվել է 1874 թ. հունվարի 25-ին, Փարիզում, բրիտանական դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում Մոեմը խոսում էր միայն ֆրանսերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել 11 տարեկան հասակում որբանալուց հետո (1882 թ. փետրվարին մահանում է մայրը, 1884 թ. հունիսին՝ հայրը), երբ տեղափոխվեց Անգլիա՝ բարեկամների մոտ։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է կակազել, ինչն էլ պահպանվում է նրա ամբողջ կյանքի ընթացքում։

Մոեմն ուսումն սկսել է Կենտերբերիի Թագավորական դպրոցում։ Այնուհետև Գեյդելբերգյան համալսարանում ուսումնասիրել է գրականություն և փիլիսոփայություն, որտեղ էլ սկսել է կատարել իր առաջին գրական փորձերը։ 1892 թ. ընդունվել է Լոնդոնի սուրբ Թովմայի անվան հիվանդանոցին կից բժշկական դպրոց։ Նրա կյանքի այս հատվածն արտացոլված է իր առաջին վիպակում՝ «Լիզան Լամբետից» (1897)։ Գրական առաջին հաջողությունը նրան բերել է «Լեդի Ֆրեդերիկ» (1907) պիեսը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մոեմը համագործակցում էր ՄԻ-5 կազմակերպության հետ և որպես բրիտանական հետախուզության լրտես ուղարկվում է Ռուսաստան, վերջինիս պատերազմից դուրս գալուն խոչընդոտելու նպատակով։ Եղել է Պետրոգրադում 1917 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Նրա հետախուզական կյանքն իր արտացոլումն է գտել 14 նովելներից բաղկացած «Էշենդեն կամ բրիտանական լրտես» հավաքածուի մեջ (1928)։

Պատերազմից հետո Մոեմը շարունակում է դրամատուրգի իր հաջողակ կարիերան։ Նրա գրվածքներից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (1915), «Լուսին և վեցպենսանոց» (1919), «Կարկանդակներ և գարեջուր» (1930), «Թատրոն» (1937), «Սուր ածելիներ» (անգլ. The Razor’s Edge) (1944) վեպերը, «Շրջան» (1921), «Շեպպի» (1933) պիեսները, մի շարք պատմվածքներ և այլն։ 1919 թ. նոր տպավորություններ ստանալու նպատակով Մոեմը մեկնում է Չինաստան, այնուհետև Մալայզիա։ Այս ուղևորությունը պատմվածքների 2 հավաքածուի նյութ է դառնում։ Մոեմը մահացել է 1965 թ. դեկտեմբերի 16-ին, Նիցցայում։ Դեկտեմբերի 22-ին նրա աճյունը թաղվել է Կենտերբերիի Թագավորական դպրոցին կից Մոեմի Գրադարանի պատերի տակ։




Լրահոս