ՀԱՐՑ. Ես ունեմ 1997թ. մեքենա: Խնդրում եմ ասեք՝ 20 տարվա վաղեմություն ունեցող մեքենաների համար գույքահարկ վճարվում է, թե ոչ: Եվ ուզում եմ իմանալ՝ գույքահարկը ո՞ր թվականի մեքենաների վրա է տարածվում:
Գալուստ Մանուկյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝
Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
Բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ փոխադրամիջոցների (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների) համար գույքահարկը հաշվարկվում է տարեկան հետեւյալ դրույքաչափերով՝
ա) ջրային փոխադրամիջոցների հարկման բազայի՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 150 դրամ կամ յուրաքանչյուր կիլովատի դիմաց՝ 204 դրամ.
բ) անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների եւ մեխանիզմների հարկման բազայի՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 50 դրամ կամ հզորության յուրաքանչյուր կիլովատի դիմաց՝ 68 դրամ:
Նշենք, որ փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը: Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը: