Չնայած հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը սահմանադրական փոփոխությունների եւ, ընդհանրապես, խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներից մեկն է եղել, սակայն հիմա, երբ Հայաստանն անցել է պետական կառավարման այդ ձեւին, չի պատրաստվում մասնակցել գալիք ԱԺ ընտրություններին: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, արդյո՞ք ԱԺՄ-ն պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
-Դե՛, եթե մասնակցեինք, պետք է միայնակ մասնակցեինք, բայց համապատասխան ո՛չ ֆինանսական եւ ո՛չ էլ մարդկային ռեսուրս չունենք:
-Հնարավո՞ր է, որ Դուք ՀՀԿ-ի ցուցակում լինեք:
-Չէ՛, ոչ մի ցուցակում էլ չեմ լինելու: Եթե ԱԺՄ-ն չի մասնակցում, չեմ լինելու:
-Իսկ ինչո՞ւ:
-Ես սովոր չեմ ուրիշի ցուցակներում լինել: Մի անգամ եղել եմ ընդհանուր ցուցակում, երբ մեծ դաշինքով էինք գնում, բայց դա պատահական մի երեւույթ էր (նկատի ունի 2004թ. ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարարություն» դաշինքը,-հեղ.): Մենք ԱԺՄ-ով մեր ուրույն մտածելակերպը, գաղափարներն ու սկզբունքներն ունենք: Միշտ աշխատում ենք ընտրություններին գնալ միայնակ, որովհետեւ չենք տեսնում դաշինք, որի հետ կարելի է աշխատել, քանի որ բոլոր դաշինքներում հավաքված են այնքան տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ, որ զարմանում ես, թե ո՞նց են միասին գնալու:
-Ըստ Ձեզ՝ այդ փոփոխությունները խորհրդարանական ընտրությունների վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:
-Խորհրդարանական ընտրություններն ավելի են կարեւորվում, իսկ ինչ վերաբերում է օրենքներին, ապա այս ընդդիմություն-իշխանություն բանակցությունները, ինձ թվում է, բավականին դրական արդյունքի են բերել: Այսպես ավելի դժվար է կեղծել ընտրությունները, քան նախորդ ժամանակաշրջաններում:
Լիդա Եղիազարյան