Որոնք են Հովիկ Աբրահամյանի առաջիկա ծրագրերը. Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող ՀՀԿ-ն սկսել է պառակտվել. երեկ ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել այդ կուսակցության եւ, ընդհանրապես, իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացի այդ՝ ըստ շրջանառվող լուրերի՝ առաջիկա օրերին նրան են հետեւելու մի շարք այլ ՀՀԿ-ականներ:

Հայաստանյան քաղաքական դաշտին քիչ թե շատ տիրապետող մարդու համար հասկանալի է, թե ՀՀԿ-ի համար ինչ ծանր հարված է Հովիկ Աբրահամյանի հեռանալը: Ի վերջո, նա ավելի քան տասնութ տարի կարեւորագույն պետական պաշտոններ է զբաղեցրել՝ լինելով տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, վարչապետ: Բացի այդ՝ խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՀԿ-ի, նախագահական վերջին երկու ընտրություններում Սերժ Սարգսյանի, սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ՝ «Այո»-ի շտաբների պետը: Ասել է, թե նա եղել է իշխանական կեղծարար այս համակարգի առանցքային օղակներից մեկը, որն, ի դեպ, տիրապետում է նաեւ հսկայական ինֆորմացիայի:

Թե որն է Հ. Աբրահամյանի՝ այս քայլին գնալու պատճառը, դժվար է միանշանակ ասել. նա խոստացել է պարզաբանումներով հանդես գալ այսօր: Բայց հետադարձ հայացք գցելով ներքաղաքական վերջին իրադարձություններին՝ Աբրահամյանի հեռանալը միանգամայն տեղավորվում է ընդհանուր տրամաբանության մեջ: Ի վերջո, նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ անվստահությունը միշտ էլ եղել է, բայց նրանք հանդուրժել են միմյանց՝ լավ իմանալով, որ յուրաքանչյուրը դիմացինի մասին կոմպրոմատների լուրջ բազայի է տիրապետում:

Սակայն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանց ճանապարհները կտրուկ բաժանվեցին. ընտրություններից առաջ հասարակական տրամադրությունները մեղմելու եւ իշխանության հեղինակությունը փոքր-ինչ բարձրացնելու համար Սերժ Սարգսյանի պարտադրանքով Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, հետո նա մեկուսացավ նաեւ ներկուսակցական գործընթացներից:

Նկատենք, որ ՀՀԿ-ից դուրս գալուց առաջ Հովիկ Աբրահամյանը եղել է Մոսկվայում եւ հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ. ի դեպ, այդ հանդիպման մասին եղավ նաեւ կիսապաշտոնական հաղորդագրություն:

Հատկանշական է, որ ՀՀԿ-ից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի որոշումը հաջորդեց քաղաքականություն վերադառնալու մասին իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին: Նույն այն խնամու, որին «բամփելու» առաջարկ էր ներկայացրել նա ընդամենը երկու տարի առաջ, երբ ԲՀԿ նախագահի դեմ սանձազերծվել էր հայտնի արշավը: Այսօր, սակայն, խոսվում է, որ Աբրահամյանն ու ՀՀԿ-ից հեռանալ ցանկացող մյուս հայտնի դեմքերը պատրաստվում են միավորվել «Ծառուկյան» դաշինքի շուրջ:

Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը, գոնե առաջին հայացքից, կարող է բավական լուրջ հակակշիռ լինել ՀՀԿ-ին եւ տրոհել վերջինիս միահեծան կառավարման ռեժիմը, անգամ կարող են վերցնել իշխանությունը:

Ու եթե ՀՀԿ-ականների հոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք պայմանավորված խաղ չէ, եթե իշխանության առանցքային այս դեմքերը Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված չեն գնացել «քաղաքական գործուղման», ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքները խոստանում են բավական ուշագրավ պատկեր:
Դատեք ինքներդ. Հովիկ Աբրահամյանի վերահսկողության տակ է Արարատի մարզը, Գագիկ Ծառուկյանինն է Կոտայքի մարզը, նա նաեւ լուրջ քվեներ ունի Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում:

Սյունիքին «տիրում է» Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որին վերջերս հեռացրին ոչ միայն մարզպետի, այլեւ ՀՀԿ մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Եվ բնական է, որ Լիսկան եւս չի աշխատի ՀՀԿ-ի համար: Ասել է, թե Հայաստանի մարզերից առնվազն 5-ը, ըստ էության, դուրս են իշխանությունների վերահսկողությունից: Նրանց վերահսկողության տակ չէ նաեւ Արագածոտնի մարզը, որտեղ ՀՅԴ-ն է ուժեղ: Երեւանի խոշոր համայնքները եւս կարելի է ՀՀԿ-ի վերահսկողությունից դուրս եկած համարել՝ Կենտրոնը, Էրեբունին, Նուբարաշենը, մասամբ՝ Աջափնյակն ու Արաբկիրը:

Այնպես որ, իշխանական բուրգը իսկապես սկսել է ճաքեր տալ, ընդ որում, շատ անսպասելի կերպով: Ու չի բացառվում, որ իշխանությունը գնալով մուտացիայի ենթարկվի՝ այս անգամ փոխակերպվելով «Ծառուկյան» դաշինքի: Ակնհայտ է, որ Ծառուկյանը նախկինում ունեցած իշխանության չափաբաժինը չի ցանկանում, այլ ձգտում է ավելիին: Ասել է թե` նա իշխանության բավականին մեծ մասնաբաժին է ուզում` որոշիչ ձայներով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Արման Գալոյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս