2007թ. մայիսից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, իսկ 2008թ. ապրիլից մինչեւ 2016թ. հոկտեմբերը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում է հիմա ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվել:
Օրերս Ս. Օհանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մատնանշել է. «Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի եւ չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։
…Թուլացած տնտեսությունը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի հուսալքությունը, իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունը չեն կարող բանակին թիկունք ապահովել։ Աղքատության մակարդակն արդեն հատել է ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշը։ Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերով:
…Ակնհայտ է, որ երկրի ընդհանուր քաղաքական, տնտեսական, հասարակական մթնոլորտն այլեւս չի տալիս զարգացման, աճի, դրական փոփոխությունների հնարավորություն:
…Օրենքի առաջ անհավասարությունը, անարդարությունը, համատարած կողմնապահությունը եւ դրանից բխող մշտական կոռուպցիան՝ իրենց փոքր ու մեծ հետեւանքներով, հենց բոլոր խնդիրների հիմքն են»։
Օհանյանը, իհարկե, բավական ճշգրիտ է ախտորոշել Հայաստանում ստեղծված իրավիճակը: Բայց այդ իրավիճակը ոչ թե երեք-չորս ամիս առաջ է ստեղծվել, այլ շատ ավելի վաղ. տնտեսության սրընթաց թուլացումը, ահագնացող չափերի հասնող արտագաղթը, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը սկսել են խորանալ ավելի վաղ: Ու այդ նույն ընթացքում Ս. Օհանյանը եղել է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը` ՀՀ պաշտպանության նախարարը, ու այդպես էլ երբեւէ չի բարձրաձայնել առկա խնդիրների մասին:
Ու հիմա նրա այս հայտարարությունը մի շարք հարցադրումների տեղիք է տալիս. մի՞թե Ս. Օհանյանն իր պաշտոնավարման ընթացքում չի նկատել այս բոլոր բացասական երեւույթները, թե՞ այս ամենը նրա համար տեսանելի դարձան նախարարի պաշտոնը թողնելուց հետո: Իսկ միգուցե ինքը քաջատեղյակ է եղել կատարվածից ու ձայն չի հանել, քանի որ այդ համակարգի մի մա՞սն էր, իսկ հիմա խոսում է, որովհետեւ առջեւում խորհրդարանական ընտրություննե՞րն են, ու ինքն այդ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ պատրաստվելով գլխավորել նախընտրական դաշինքներից մեկը:
Օհանյանը, իհարկե, իր արդարացումն ունի, թե ի պաշտոնե իրավասու չի եղել եւ չի կարողացել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը: Բայց համաձայնեք` սա լուրջ չի հնչում, առավել եւս, երբ Օհանյանն ինքն է հայտարարել` «ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ»՝ երկրում ստեղծված իրավիճակը տեսնելով: Ու նա կարող էր առնվազն ներիշխանական քննարկումների արդյունքում ներկայացնել իր մտահոգությունները, կամ էլ առնվազն հրաժարական տար հենց այդ պատճառով ու հայտարարեր այդ մասին, այլ ոչ թե տասը տարի շարունակ բարձր պաշտոններ զբաղեցներ եւ խնդիրների մասին պաշտոնաթողությունից հետո խոսեր, այն էլ խորհրդարանական ընտրություններից առաջ:
Մինչ այդ նրա գործունեության վերջին 10 տարիների հետագիծը ցույց է տալիս, որ Օհանյանը, լինելով Ս. Սարգսյանի իշխանության առանցքային պաշտոնյաներից մեկը, ուղղակի կամ անուղղակի իր մասնակցությունն է ունեցել բոլոր այս բացասական երեւույթներին:
Սկսենք իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահությունից: Հայտնի փաստ է` այդ անվստահությունը հետեւանք է Հայաստանում շարունակաբար կեղծվող ընտրությունների, եւ, վերջապես, այն անդառնալիորեն խորացավ 2008թ. մարտի 1-ի սպանդի իրագործմամբ: Արդյո՞ք Ս. Օհանյանն անմասն է եղել այս ամենից: Հազիվ թե: Ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունները, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում անցել են աղաղակող ընտրակեղծիքներով, եւ այդ ամենին իշխանությունները մասնակից են դարձրել նաեւ զինված ուժերին, երբ զինվորներին մի քանի տեղամասերում տարել են կրկնակի քվեարկության: Դե, 2008թ մարտի 1-ի իրադարձություններին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ս. Օհանյանի առնչության մասին կարծես թե ամեն ինչ ասված է. հազիվ թե մարտի 1-ի ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավվումը, այդ թվում՝ ԼՂՀ-ից զորքեր բերելը եղել է առանց նրա իմացության ու մասնակցության: Էլ չենք խոսում այդ օրը արտակարգ դրություն հայտարարելուց հետո Ս. Օհանյանի ուղերձի մասին, երբ բացահայտ սպառնում էր քաղաքացիներին. այդ տեսագրությունն այս օրերին ակտիվորեն տարածվում էր սոցիալական ցանցերում:
Ս. Օհանյանը հիմա է բարձրաձայնում արտագաղթի չափերի մասին, մինչդեռ ինքն ի պաշտոնե բավական լավ է տեսել դրա հետեւանքները, երբ ամեն հերթական զորակոչին զինակոչիկների թիվն ավելի պակաս է եղել:
Ս. Օհանյանը խոսում է նաեւ կոռուպցիայի մասին այն դեպքում, երբ իր պաշտոնավարման ընթացքում եւս պաշտպանության նախարարությունը եղել է ամենակոռումպացված ոլորտներից մեկը: Հիշեցնենք՝ 2012թ. նախագահի վերահսկողական ծառայությունը պետգնումների ոլորտում կոռուպցիոն գործարքներ էր բացահայտել նաեւ ՊՆ-ում: Սերժ Սարգսյանն էլ ՊՆ բարձրագույն սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Վատ է, երբ ես չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ»: Օհանյանն ընդունել էր կոռուպցիայի առկայությունն ու ասել. «Պարո՛ն նախագահ, աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել»: Ապրիլյան պատերազմին հաջորդած բացահայտումները ցույց տվեցին ԶՈՒ-ում տիրող իրական վիճակը. այս տարիներին որեւէ բան չէր արվել՝ գնումների գործընթացն օրինակելի դարձնելու համար, ընդհակառակը՝ ավելի ագահորեն էին լափել. ապացույցը մի քանի բարձրաստիճան սպաների ձերբակալությունն էր:
Ի դեպ, ապրիլյան պատերազմի մասին. չորս օրվա ընթացքում ունեցանք հարյուրից ավելի զոհ եւ կորցրինք 800 հազար քմ տարածք:
Ճիշտ է՝ այս ամենի անմիջական պատասխանատուն Սեյրան Օհանյանը չէ, բայց դա չի նշանակում, որ այդ ամենին կամա թե ակամա, ստիպողաբար կամ կամովին իրենց մասնակցությունը բերած մյուս պաշտոնյաները «մի թեթեւ հայտարարությամբ» ազատվում են պատասխանատվությունից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթ, 24.01.2017թ.