«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանի հետ, ով հասցրել է մարմնավորել շուրջ 80 կերպար մի շարք ներկայացումներում, խաղացել է «Սպիտակ ափեր», «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլ ֆիլմերում, նաեւ սերիալներում:
-Տիկի՛ն Անահիտ, կար ժամանակ, որ Գյումրու թատրոնի աշխատանքը համատեղում էիք Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի աշխատանքի հետ: Հիմա, կարծես, Երեւանի հետ թատերական կապերով կապված չեք: Ինչո՞ւ:
-Դժվար է համատեղել երկու թատրոնների աշխատանքը, դրան էլ գումարել նկարահանումները սերիալներում: Բայց եթե ժամանակս թույլ տա, առաջարկ էլ լինի, հնարավոր է՝ համատեղելը էլի ստացվի:
-Շատ է խոսվում այն մասին, որ մշակութային ակտիվ կյանքը գերիշխող է մայրաքաղաքում, իսկ ահա մարզերում պատկերն այլ է: Իհարկե, Գյումրին միշտ էլ եղել է մշակութային քաղաք, այնուամենայնիվ, կա՞ մի բան, որ պակասում է՝ նախկին եռուզեռն ապահովելու համար:
-Իհարկե, Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, բայց Գյումրու թատրոնը բավական ակտիվ գործունեություն է ծավալում: Եվ չնայած աղքատ մարզում ենք ապրում, արտագաղթի խնդիր ունենք, բայց էլի կեցցեն գյումրեցիները. ներկայացումները շարունակվում են խաղացվել լեփ-լեցուն դահլիճներում: Ամեն դեպքում, Գյումրիում մշակութային կյանքն ավելի աշխուժացնելու համար ֆինանսների պակաս կա: Նույնիսկ մայրաքաղաքում հյուրախաղեր կազմակերպելը շատ դեպքերում դառնում է խնդիր, ուր մնաց, ասենք, երկրից դուրս գալու մասին մտածենք:
-Ձեր սերնդի ներկայացուցիչները շփվել են մեր մեծանուն արտիստների, մշակույթի գործիչների հետ: Պետք է որ կարոտած լինեք ակնածանքի այն զգացմանը, որ տածել ենք նրանց նկատմամբ…
-Շատ եմ զգում նրանց պակասը: Մեր մասնագիտությունն այսօր մի տեսակ մանրացել է: Ստիպված ենք լինում աջ ու ձախ վազել, գումար աշխատելու համար շատ պայմանների հետ համաձայնել: Իհարկե, սա տխուր վիճակ է, բայց կյանքը ստիպում է…Շատ է պատահում, որ հանկարծակի հիշում եմ Սոս Սարգսյանի մտքերը, կամ Խորեն Աբրահամյանի խոսքերը հայոց լեզվի մասին: Դրանք կարելի է լսել ու սիրահարվել հայերենին: Այնինչ՝ մենք այսօր այնքա՜ն ենք աղավաղում մեր լեզուն: Ինձ համար սա իսկապես մեծ ցավ է: Մեր թատրոնում վերջերս մի ներկայացումով հանդես եկանք, այն կոչվում է «Հիշի՛ր վաղվա օրը»: Երեւանից հյուրեր ունեինք: Եվ ինձ համար այնքան տխուր էր, որ նրանք ներկայացումը դիտելուց հետո ասացին, որ դրա լեզուն շատ էր ցիվիլ ու արխաիկ: Այնինչ՝ մենք խոսում էինք մաքուր գրական հայերենով (նույնիսկ փորձերի ընթացքում էլ միմյանց խոստովանեցինք, որ կարոտել էինք այդքան սիրուն հայերենին), ու այն, որ լեզվի մասին նման կարծիք արդեն մեր ասպարեզի մարդիկ են հայտնում, ողբերգական բան է…
-Հետաքրքիր է` ըստ Ձեզ` որոնք են եղել այն որոշիչ դերերը, որոնք ամրապնդել են Ձեր տեղը հայ թատրոնում:
-Ես կառանձնացնեմ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման շրջանակում իմ կերտած Ֆիլումենայի կերպարը եւ Սաթենիկինը` «Ավերված քաղաքի ակորդը» ներկայացման մեջ: Այս վերջինը հատկապես շատ թանկ հիշողություններ է արթնացնում: Ներկայացումը միշտ խաղացել ենք լեփ-լեցուն դահլիճներում, իսկ հանդիսատեսն էլ մեկ ծիծաղում էր, մեկ լացում… Այդ ամենը զգալը պարզապես հաճույք էր: Դրանից հետո Ալբերտ Մկրտչյանը նկարահանեց «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, որի սցենարը վաղուց էր գրել եւ նախատեսել էր, որ դերերում լինեն Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Գալյա Նովենցը… Սակայն Մհեր Մկրտչյանի մահից հետո նա մի կողմ էր դրել սցենարը: Բայց մի օր, այնուամենայնիվ, որոշեց բեմադրել այն: Բեմադրությունից հետո նոր նկարահանվեց «Ուրախ ավտոբուսը»:
-Վստահ եմ, որ տասնյակ տարիների ընթացքում Ձեր բեմական կյանքում մի շարք հետաքրքիր դրվագներ են գրանցվել: Դրանցից մի քանիսը կհիշե՞ք:
-Այո՛, եղել են նման դեպքեր: 1988-ի երկրաշարժի տարելիցին նվիրված ներկայացում ունեինք` «Ո՞ւր է քաղաք տանող ճանապարհը» պիեսի հիման վրա: Այն նկարագրում էր մի կնոջ մղձավանջները երկրաշարժից հետո: Ներկայացումը սկսում էր հոգիների պարով, ողողված էր լույսով ու ծխով: Իմ մուտքը դահլիճից էր: Հանդիսատեսն ինձ չէր տեսնում, ես նրա մեջքի հետեւում էի: Հենց երաժշտությունը դադարեր, ես պետք է ճչայի, ապա սկսեի մոնոլոգս: Այդ ամենը պետք է տեղի ունենար մինչեւ բեմ գնալը: Եվ երբ նախատեսվածի պես երաժշտությունը լռեց, ես ճչացի… Մեկ էլ հանդիսատեսներից մեկը ասաց. «Գրո՜ղ»: Դե, հիմա մարդը վախեցավ (ծիծաղում է), դրանից հետո ամբողջ դահլիճը սկսեց ծիծաղել, ինձ համար էլ շատ դժվար էր հավաքվելը: Մի ուրիշ անգամ էլ քրիստոնեության ընդունման հետ կապված ներկայացում էինք խաղում, ես մարմնավորում էի Հռիփսիմե կույսին: Ներկայացման մեջ մի տեսարան կար, ըստ որի՝ Գայանեն, Հռիփսիմեն եւ Շողակաթը պետք է դահլիճից իջնեին ու մարդկանց հետ խոսեին, պատմեին իրենք պատմությունը: Եվ երբ հերթը հասավ ինձ, իջա բեմից, ասացի. «Ես Հռիփսիմեն եմ»: Իմ դիմաց նստած մի կին կիսանստած վիճակում խոնարհվելով ասաց. «Ես էլ»: Դե, արդեն պատկերացրեք դահլիճի ռեակցիան (ծիծաղում ենք):
-Տիկի՛ն Անահիտ, Ձեզ երբեւէ մականուններով, բեմական անուններով դիմե՞լ են:
-Ընդհանրապես, երբ կերպարի անունով են կոչում, մտածում եմ` ուրեմն այն ստացվել է: Իմ առաջին դերը թատրոնում եղել է «Ձյունե թագուհի» պիեսի բեմադրության շրջանակում, ես Գերդա էի խաղում: Այդ շրջանում ինձ բոլորը կերպարիս անունով էին դիմում: Իսկ հետո արդեն գյումրեցիներն իրենց բնորոշ ջերմությամբ ինձ Սաթենիկ էին կոչում`«Ուրախ ավտոբուս»-ի հերոսուհու անունով: Ավելի ուշ ինձ սկսեցին ասոցացնել սերիալային կերպարներիս հետ:
-Ի դեպ, սերիալներում նկարահանվելու առաջարկը դժարությամբ ընդունեցի՞ք:
-Սկզբում հրավերներ էի ստանում, մերժում էի, չէի ուզում նկարահանվել, բայց հետո ստիպված եղա: Իհարկե, ինձ աշխատանքային պայմաններում շատ բաներ չեն բավարարում, բայց այդպես շատ ավելի լավ է, քան տանը նստելը (հիմա այնպես չէ, որ անընդհատ զբաղված եմ թատրոնում):
–Վերջում մի քիչ էլ անձնականից խոսենք, պատմեք Ձեր զավակների մասին:
-Ունեմ որդի եւ դուստր: Որդիս մասնագիտությամբ կինոռեժիսոր է, նա նաեւ նվագում էր «Բամբիռ» խմբում: Հիմա տեսահոլովակներ է նկարահանում, անիմացիայով է զբաղվում: Բայց շատ եմ ափսոսում, որ կինոռեժիսուրայով չի զբաղվում, որովհետեւ հետաքրքիր մտածողություն ունի: Իսկ դուստրս ԱՄՆ-ում է ապրում, անգլերենի մասնագետ է, մեր ոլորտի հետ կապ չունի: Ունեմ թոռնիկներ, որոնք, իհարկե, էկրանից ճանաչում են տատիկին: Շաբաթվա մի մասն ապրում եմ Գյումրիում, մյուս մասը` Երեւանում: Կարող եմ ասել, որ հարմարվել եմ այս կենսաձեւին: Իմ ունեցած պայմաններում անում եմ մաքսիմալը…
Աննա Բաբաջանյան