ՓՈՂ ՈՒ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիք» կուսակցության ղեկավարի գործունեությունը բավականին բուռն է: Ժասմեն Ասրյանը ՀՀ նախագահին կից Հանրային  խորհրդում ղեկավարում է պատմական ագզային  արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության  եւ  օգտագործման  խնդիրների ենթահանձնաժողովը` զուգահեռ ղեկավարելով կուսակցությունը: Տիկին Ասրյանը «Ժողովուրդ»-ին հիշեցրեց, որ կուսակցությունը կնոջ կողմից հիմնադրվել է 1990 թվականին, որը տիկին Ասրյանի խոսքերով իրեն պատկանող տարածք` գրասենյակ չունի. «Բազմիցս դիմել եմ  համապատասխան  կառույցներին  եւ  միշտ ստացել եմ  անորոշ  եւ անուղղակի  պատասխան: Կուսակցության գրասենյակ չունենալու պատճառը  համարում եմ կուսակցության ֆինանսական  անապահովվածությունը»: Կուսակցության ղեկավարի կարծիքով կուսակցությունը  ոչ թե փող  աշխատող  կառույց է, այլ քաղաքականություն մշակող ու  իրականացնող: Տիկին Ասրյանը հավելեց, որ «պետությունը պարտավոր է կուսակցության գործունեության  ապահովության համար  տարածք տրամադրել»: «Հայրենիք» կուսակցությունը որեւէ մեկից ֆինանսական աջակցություն չունի, ծախսերը  կատարվում են իր եւ կուսակցության անդամների կողմից: Առաջիկա ընտրությունների վերաբերյալ կուսակցությունը հետեւյալ տեսակետն ունի. «Նպատակ ունենք  մասնակցելու, եթե գտնվեն պահանջվող ծախսերն  ապահովող միջոցներ, ինչը մեծ դժվարություն է  ստեղծում, իսկ ինչ վերաբերում է դաշինք  կազմելուն, ապա ասեմ, որ  դա հավանական  է, եթե  դաշնակիցները  լինեն  վստահելի, ժողովրդին ու պետությանը  նվիրված»: Կուսակցության անդամների վերաբերյալ տիկին Ասրյանը նշեց. «Հաճախ թյուր կարծիք ու  տպավորություն է առաջանում, թե «Հայրենիք»  կուսակցության  անդամները  միայն կանայք են: Ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ կուսակցության  անդամները ե՛ւ  տղամարդիկ են, ե՛ւ  կանայք: Մեր անդամների  թիվն  անցնում է 3000-ից»: Ըստ կուսակցության նախագահի` իրենք  միշտ այն դաշտում են, որը  գործում է  հանուն հայ  ժողովրդի  ու  ժողովրդավարության, հանուն  հայոց պետության  եւ պետականության ամրապնդման, հանուն  աշխարհի  խաղաղության: Հանրային խորհրդի անդամ կուսակցապետն ասաց, որ կուսակցության ծրագրերը  պետականաշինության  համար  էական  ու  կարեւոր  նշանակություն ունեն, սակայն հավելեց, որ այդ ծրագրերն իրականացնելու համար խոչընդոտներ կան, որոնցից կարեւորն էլ «հենց հիմնական  աշխատանքային  տեղ  չունենալն է»: Թե ինչ կապ ունի հիմնական աշխատանքային վայրը կուսակցության ծրագրերն իրականացնելու խնդրի հետ, հավանաբար կիմանա միայն ինքը` տիկին Ասրյանը: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս