ԳՈՀԱՐ ՔՅԱԼՅԱՆԻ ՄԻՖԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը իսկական պատուհաս է դարձել ինչպես իշխանությունների, այնպես էլ ուսանողների գլխին: Ու «բոլոր սահմաններն անցնելու» քաղաքականությունը Գոհար Քյալյանը որդեգրել է ռեկտոր «ընտրվելու» առաջին օրվանից` անընդհատ զարմացնելով իր ենթականերին ու շրջապատին: Իսկ ռեկտոր նա դարձավ ոչ թե իր ունեցած գիտական վաստակի, այլ երկրորդ ամուսնու` մեր ժամանակների թաքնված օլիգարխներից մեկի` Սամվել Մայրապետյանի ու նրա «բիզնես պարտնյորի»` այդ ժամանակ Ռ. Քոչարյանի ամենակարող օգնական Արմենչիկի շնորհիվ: Չնայած տիկին Քյալյանը ժամանակին լրագրողներին հպարտորեն ասել էր, որ ոչ թե ինքն է Մայրապետյանի կինը, այլ Մայրապետյանն է իր ամուսինը` հիշեցնելով նաեւ, որ երբ ինքը «դոկտոր նաուկ էր», Մայրապետյանը ոչ ոք էր: Ու թեեւ բժշկականի արտաքին կապերի գծով  պրոռեկտոր Սամվել Մայրապետյանը Գոհար Քյալյանի` «դոկտոր նաուկ» եղած   ժամանակ իրոք որ իրենից շատ բան չէր ներկայացնում (թեեւ այդ շրջանում նրանով սկսեցին հետաքրքրվել իրավապահները արտերկրի ուսանողների հետ  կապված տարբեր  փողային  «մախինացիաների» հարցով), այնուամենայնիվ հետագայում` ռեկտոր նշանակվելու շրջանում, հենց Քյալյանն  էր ավելի շատ Մայրապետյանի կինը, քան հակառակը: Քանի որ այդ ընթացքում Մայրապետյանն  արդեն հասցրել էր դառնալ «Պարադիզ» գովազդային գործակալության ու կինո «Մոսկվայի» կեսի տերը, իր սիրելի Արմեն Գեւորգյանի հետ Երեւան քաղաքում ծավալել էր էլիտար շենքերի կառուցման ամենախոշոր բիզնեսը: Դե, իսկ սեփական Հ2 հեռուստաալիքի ամենօրյա լրատվականով էլ նա շարունակ արդարացնում էր այր եւ կին Քյալյանների, ներեցե՛ք, Մայրապետյանների հանդեպ Ռոբերտ Քոչարյանի բարձր վստահությունը:  Ու քանի որ շատ լավ էր արդարացնում, Քոչարյանը որոշեց տիկին Քյալյանին նվիրել Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը:  Քյալյանի ընտրությունը բացառիկներից մեկն էր մեր իրականության մեջ, որովհետեւ նա ոչ մի «դեմ» չուներ: Ուրեմն  շատ լավ էին աշխատել բոլոր նրանք, որոնք կամեցել էին երկրի ամենաեկամտաբեր եւ ամենակոռուպացված բուհերի մեկի ղեկավար կարգել «բիզնես լեդիին»: Գոհար Քյալյանի «գիտական հաջողությունները» կապում են նրա առաջին ամուսնու` նշանավոր պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանի անվան հետ. ժամանակին գիտական շրջանակներում հաճախ էր քննարկվում այն հարցը, որ միջակ ընդունակությունների տեր կինը հանկարծ սկսել է զբաղվել գիտությամբ, դարձել բժշկականի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ մինչ այդ զբաղեցրել է անատոմիայի ամբիոնի վարիչի պարտականությունները` այս պաշտոնում մնալով նաեւ պրոռեկտորական գործունեության ընթացքում: Գոհար Քյալյանի ռեկտորության առաջին շրջանը նշանավորվեց քննաշրջանի «գների թանկացումներով»: Դրանից անմիջապես հետո ռեկտորը սկսեց կադրային ջարդ իրականացնել համալսարանի հաշվեկշռում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցում, որտեղ ահռելի «նալոգներ» սահմանեց, ապա պարտադրեց եռակի բարձրացնել բուժսպասարկման գները առավել մեծ եկամուտներ ապահովելու համար: Սակայն շտապեց հերքել այդ ամենը` հետո արդեն նեղ շրջանակում բոլորին սպառնալով հեռացնել աշխատանքից, եթե համարձակվեն բողոքել իր դեմ: Արդեն այդ ժամանակ  համալսարանում ոմանք համոզված էին, որ «բիզնես-ռեկտորը» հեռահար նպատակներ ունի: Իսկ հեռահար նպատակներից մեկն այն էր, որ Քյալյանը կամենում էր վաճառել Շիրվանզադե փողոցում գտնվող ատամնաբուժական կլինիկայի շենքը, ապա կլինիկան տեղափոխել Մուրացանի փողոցում գտնվող 3-րդ հիվանդանոցի տարածք: Դրանից հետո արդեն Գոհար Քյալյանն իր հայացքը հառեց Աբովյան փողոցում գտնվող բժշկական հաստատություններին, որոնք նույնպես մտնում էին նրա «բիզնես պլանի» մեջ. տարիներ շարունակ այստեղ վերանորոգումներ չիրականացնելով եւ հայտարարելով շենքերի օգտագործման աննպատակահարմարության մասին` ռեկտորը, հավանաբար, մտահոգված էր Առաջին կլինիկական հիվանդանոցի վաճառքի հարցով, քանի որ քաղաքի կենտրոնում գտնվող այս կառույցն, ըստ ամենայնի,  բորբոքել էր էլիտար շինարարությամբ զբաղվող «բիզնես լեդիի» ախորժակը: Ուշագրավ է, որ ամեն անգամ, երբ տեղեկատվության արտահոսք էր տեղի ունենում, ռեկտորն անմիջապես հերքում էր` փորձելով տպավորություն ստեղծել, թե ինքը հայտնվել է «զրպարտիչների» շրջապատում, որ ուզում են «անվանարկել» խեղճուկրակ Գոհար Քյալյանին: Միչդեռ հատկանշական է, որ  բոլոր հրապարակումների եւ «հարձակումների» դեպքերում քար լռություն էր պահպանում առողջապահության  նախարարությունը` այդպես էլ չուզենալով իր վրա վերցնել հերքման պատասխանատվությունը:Իրեն լիովին տեր ու տիրակալ զգալով համալսարանում` բժշկագիտության դոկտոր-պրոֆեսորը սկսեց կամայականորեն ազատել ամբիոնների վարիչներին ու նշանակել իր մարդկանց: Նրանցից  մեկը Մագդա Եղիազարյանն էր, որին ռեկտորը կարգել էր անեսթեզոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ: Արդյունքում ամբիոնի դասախոսների գերակշռող մեծամասնությունը դիմում էր գրել եւ հեռացել (ամբիոնների վարիչներն ընտրվում, ոչ թե նշանակվում են, մինչդեռ Գոհար Քյալյանն ինքն է նշանակում` խախտելով «Ամբիոնների վարիչների ընտրության» մասին դրույթը): Ճանաչված գիտնականներին ու դասախոսներին համոզելու, հաշտություն կնքելու, իր սխալ նշանակումից հրաժարվելու փոխարեն անցել է պրոֆեսորների վարկաբեկմանը, նրանց հայհոյելուն: Ի դեպ, Գոհար Քյալյանը շատ է սիրում խոսել «գողական» ժարգոնով ու հայհոյանքներով: Շատերն են հիշում նրա հայտնի «համբալ» արտահայտությունը, որով նա դիմում է ուսանողներին ու դասախոսներին, իսկ հնդիկ ուսանողների հետ կատարված միջադեպը, երբ  կին ռեկտորը, դուրս գալով բողոքող ուսանողների առջեւ,  հրապարակավ ցույց տվեց իր միջնամատը,  հանրային քննարկման նյութ դարձավ: Թերեւս նաեւ դրա արդյունքում  Հնդկաստանի կառավարությունը վերջերս որոշում է կայացրել կասկածի տակ առնել Հայաստանում բժշկական կրթություն ստացած իրենց քաղաքացիների տեսական պատրաստվածությունը եւ առաջարկել է հնդիկներին կրթություն ստանալու համար այլ երկրներ ընտրել: Ավելի վաղ Հայաստանում ստացած բժշկական կրթությունը ոչ որակյալ էր հայտարարել Իրանի կառավարությունը: Տեւական ժամանակ չափազանց լարված են Գոհար Քյալյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հարաբերությունները: Եւ այսօր նախարարի ու ռեկտորի հակամարտությունը  կարող է հօգուտ Քուշկյանի ավարտվել. հայտնի է, որ արդեն Գոհար Քյալյանի` ռեկտորի պաշտոնում  վերընտրվելու հնարավորությունները զրոյականի են հասել: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս