«Ընկածի վրա դանակավորները շատանում են». ինչո՞ւ ՀՀԿ-ի նոր թիրախ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ժողովուրդն է ասում՝  «Ընկածի վրա դանակավորները շատանում են»: Սա ավելի տեղին է մեր օրերում և ՀՀԿ-ի դեպքում, որն առավել վառ արտահայտվեց խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի որոշումներից հետո:

Բոլորս ենք հիշում, թե փետրվարի 12-ի հայտնի իրադարձություններից հետո ՀՀԿ երիտթևն ինչպես սկսեց արտահայտվել Գագիկ Ծառուկյանի մասին, նրան վիրավորեցին, քաղաքական չարիք անվանեցին: Սակայն երբ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները կարգավորվեցին, և առավել ևս հիմա, երբ վերջինս վերադարձել է ակտիվ քաղաքականություն, նրանք հայտնվեցին «ծիծաղելի» իրավիճակում:

Նույն սցենարը կարծես թե կրկնվում է այժմ: ՀՀԿ երիտթևն այժմ էլ արշավ է սկսել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, ով օրեր առաջ հայտարարեց հարազատ կուսակցությունը լքելու մասին: Եվ այժմ ՀՀԿ-ն կրկնում է նույն  այն սխալները, որոնք արել էր ԲՀԿ նախկին առաջնորդի դեպքում: Նրանք համացանցում և լրատվամիջոցներում իսկական արշավ են սկսել նախկին վարչապետի դեմ, ով ևս անմասն չի մնում դրանից և պարբերաբար համացանցի իր էջում արձագանքում է դրանց:

Սակայն մեր քաղաքական իրականության մեջ չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը «բարիշեն», իսկ ՀՀԿ-ականներն էլ կրկին հայտնվեն ծիծաղելի իրավիճակում և պապանձվեն: Կարելի է ենթադրել, թե քաղաքական փորձառության պակասի հետևանքն է նրանց այսպիսի պահվածքը, սակայն հաշվի առնելով նախկին իրադարձությունները, ապա պետք է հույս ունենայինք, որ նրանք ավելի փորձված կլինեն, սակայն այդպես չեղավ: Եվ միշտ չէ, որ քծնելը լավ է: Ինչպես սիրում է ասել Սերժ Սարգսյանը՝ «սիրուն չի»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս