ՀԱՐՑ. Շուտով լրանում է իմ 55 տարին: Տեղյակ եմ, որ կարող եմ ստանալ մանկավարժական թոշակ (աշխատում եմ մանկապարտեզում): Բայց վերջերս լսեցի, որ օրենքն այլեւս չի գործում, մանկավարժական թոշակ ստանալու իրավունքը՝ նույնպես: Խնդրում եմ պարզաբանել՝ ես հիմա իրավունք ունե՞մ ստանալու ինձ հասանելիք մանկավարժական թոշակը:
Գյուլնարա Վարդանյան (54 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: