«Ժառանգության» Կապանի և Սիսիանի կառույցներն անհամաձայնություն են հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ ընդունելի չեն համարում «Ժառանգության» վարչության ձեռնարկված որոշ միջոցներ, որոնք ուղղված են նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների հետ լայն համախմբում կազմելուն:

Նրանց հայտարարությունում ասվում է.

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցների որոշումը 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, ինչպես նաև համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են.

Հարգանքով ընդունելով և կարևորելով կուսակցության վարչության և մեր կուսակցական ավագ ընկերների ջանքերը՝ միտված լայն համախմբման, ինչպես ընդդիմադիր, այնպես էլ նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների միջև, որոնք նպատակ ունեն ընտրությունների և հնարավոր հետընտրական զարգացումների միջոցով սկիզբ դնել իշխանափոխության և համակարգային փոփոխությունների, այնուամենայնիվ, ընդունելի չենք համարում այդ նպատակին ընդառաջ ձեռնարկված որոշ միջոցներ:

Մասնավորապես`

Համագործակցության վերաբերյալ քննարկումներն ու բանակցությունները Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կառավարությունների նախկին նախարարներ Վ. Օսկանյանի և Ս. Օհանյանի հետ: Հիմնավորում ենք մեր անհամաձայնությունը նրանով, որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ և ղեկավարելով պետական կառավարման կարևորագույն օղակներ, երբևէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած ներքին և արտաքին հանցավոր քաղաքականության նկատմամբ, չեն ցուցաբերել նախաձեռնողականություն և ինքնուրույն մտածողություն այդ ամենը շտկելու ուղղությամբ: Ընդունելով, որ այս օրերին հավատաքննությամբ զբաղվելը սխալ է, այնուամենայնիվ, վստահ ենք, որ այդ անձինք բազմաթիվ թելերով կապված են գործող ռեժիմին և այլևս անկաշկանդ գործելու հնարավորություն չունեն, և հետևաբար` կլքեն մեզ ու ժողովրդին, և կամ էլ, մանդատ ստանալով, հետագա համագործակցություն կծավալեն ռեժիմի հետ: Մեր անհամաձայնությունը պայմանավորված է նաև տեղի ունեցող գործընթացների ոչ թափանցիկությամբ, որը նաև ստիպում է հակվել այն մտքին, որ մեզ հետ բանակցող նախկին պաշտոնյաները իրենց նպատակների մեջ անկեղծ չեն:

Ինչ վերաբերվում է «Ծառուկյան» դաշինքին, ապա մենք ունենք եռյակի ձևաչափով համագործակցության դառը փորձը, և որ Գ. Ծառուկյանն ինքն այս պահին դեռևս հանդես չի գալիս ընդդիմադիր դիրքերից:

Այս ամենի հետևանքով մենք կդավաճանենք մեր այն հայրենակիցներին, որոնք այսքան տարիների ընթացքում հավատացել են մեզ և ընդունել են մեր գաղափարները:

Առաջարկում ենք`

միավորվել և համագործակցել բացառապես այն ուժերի և անհատների հետ, որոնք ունեն հանրային վստահություն և որոնք երբևէ մաս չեն կազմել գործող իշխանության, պայքարի մեջ մտնել միայնակ, որպես «Ժառանգություն» կուսակցություն` վստահելով մեր ուժերին, մեր գաղափարների ճշմարտացիությանը և այն հանրային վստահությանը, որն ունի կուսակցությունը, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում իր ծավալած գործունեության արդյունքում: Կապանի և Սիսիանի կառույցների համակարգողներ՝ Ս Հայրապետյան, Ռ Հովհաննիսյան




Լրահոս