Հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանը 2017թ-ի հետ մի շարք ծրագրեր է կապում: Նա նախ պատրաստվում է «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանին. «Հեռուստադիտողները նոր զարգացումների ականատես կլինեն: Քանի որ նախորդ եթերաշրջանի ավարտը բավական ինտրիգային էր, այս եթերաշրջանն էլ ավելի բուռն է լինելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Նա նաեւ պատմեց, որ դեռեւս նախորդ տարվանից գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու եւ հումորային հաղորդումներ վարելու առաջարկներ է ստացել. «Հաղորդավարությունը ինչ-որ առումով դերասանական աշխատանք է, համենայն դեպս, շատ հեռու չէ իմ ոլորտից: Ստացածս առաջարկների վերաբերյալ, սակայն, այլ մանրամասներ դեռեւս չեմ հայտնի»,-ասաց Զառան:
Հարցին, թե կան արդյոք կերպարներ, որ կցանկանար մարմնավորել, բայց մինչեւ հիմա այդպես էլ չի ստացվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, շատ կցանկանայի ավելի լուրջ, դրամատիկ կերպարներով հանդես գալ, ուժերս փորձելու հնարավորություն ստանալ, բայց ռեժիսորները, չգիտես ինչու, ինձ միշտ տեսնում են հումորային կերպարներում»:
Մենք հարցրինք նաեւ` մտադիր է արդյոք Զառան կրկին հանդես գալ սթենդ-ափ շոուի ժանրում. «Հունվարի սկզբին ես, Հովհաննես Դավթյանն ու Վահագն Գրիգորյանը հանդես եկանք նմանատիպ նախագծով: Դա ակումբային ելույթ էր, փորձնական մի բան` հանդիսատեսի արձագանքը ստուգելու համար: Չգիտեմ` նախագիծը շարունակական կլինի, թե ոչ, համենայն դեպս, այդ ուղղությամբ մտածում ենք, փորձում ենք հումորների «պաշար» հավաքել եւ մեր նպատակը կյանքի կոչել»,-մեկնաբանեց դերասանուհին:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք Զառան հասցնում է գործնական կյանքը համատեղել ընտանեկանի հետ եւ արդյոք մտածում է երկրորդ երեխան ունենալու մասին. «Որդիս` Նոյը, արդեն մեծ է եւ գործնականն անձնականի հետ համատեղելն ավելի հեշտ է դարձել: Տղաս նույնիսկ ինձ հետ գալիս է աշխատանքի: Իսկ երկրորդ երեխայի մասին, այո՛, արդեն մտածում եմ, բայց ուզում եմ այնպես լինի, որ երկրորդ հղիությունս խաղաղ պայմաններում անցնի: Այլապես առաջին հղիությանս ընթացքում մինչեւ ծննդաբերելուս նախորդ օրն աշխատել եմ: Երկրորդ երեխայի ծնունդն ուշացավ, քանի որ չէի ցանկանում որդուս ժամանակից կտրել եւ տալ երկրորդ բալիկին»,-եզրափակեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան