ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎ` ԲԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինծառայողների հետ, որոնք վերջերս են զորացրվել: «Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը, եւ ինչի ենք հասել: Բայց խոսենք նաեւ այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետեւ մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ հանդիպման ավարտին էլ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը` ծառայության անվտանգության առավել բարձրացման, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստման, ուսումնական կենտրոններում ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրման եւ այլ ուղղությամբ:

Այն, որ զինված ուժերում լուրջ խնդիրներ կան, եւ դրանք պահանջում են շուտափույթ լուծումներ, միանշանակ է: Բայց Ս. Սարգսյանի հայտարարություններից հետո, բնականաբար, հարց է ծագում. ի՞նչն էր խանգարել նրան նման հանդիպում կազմակերպել ավելի վաղ եւ ավելի վաղ խոսել բանակում առկա խնդիրների մասին, ավելի վաղ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Կամ մի՞թե ապրիլյան պատերազմին հաջորդած այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները չեն փորձել քննարկել բանակում առկա խնդիրները, չեն փորձել լուծում տալ պրոբլեմներին եւ միայն հիմա են որոշել խոսել այդ մասին:

Ակնահայտ է, որ երեկվա հանդիպումը վկայում է այլ իրողության մասին. ՀՀԿ-ն, ըստ էության, սկսել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը եւ սկսել է հենց այն ոլորտից, որն ամենախոցելին է իշխանության համար:
ՀՀԿ-ի բացարձակ իշխանության ընթացքում 94-ի հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց ԼՂՀ-ի ուղղությամբ, ինչի արդյունքում ունեցանք տարածքային կորուստներ` 800 հազար քմ. չափով: Էլ չենք ասում այս ընթացքում նաեւ Հայաստանի տարածք Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձերի, հրադադարի ռեժիմի` արդեն պարբերական դարձած խախտումների մասին: Ու բնական է, որ այս հանգամանքն ընդդիմադիր ուժերի կողմից լայնորեն օգտագործվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ` ընդդեմ ՀՀԿ-ի եւ այդ ժամանակ պաշտոն զբաղեցրած անձանց: Առավել եւս, երբ խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի առաջին տարելիցի օրը:
Ի վերջո, վերջին 15-20 տարիների ընթացքում, երբ իշխանություններին մեղադրում էին կոռուպցիոն սկանդալների, պետությունն անխնա թալանելու եւ նման այլ հանցանքների մեջ, նրանք փորձում էին արդարանալ, թե «փոխարենը հող ենք պահում, Ղարաբաղ ենք պահում»: Այնինչ՝ ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց մեկ տխուր իրողություն. այս տարիներն իշխանությունները ծառայեցրել են սեփական հարստացման համար եւ այդպես էլ բավարար քայլեր չեն արել բանակի ու Ղարաբաղի ուժեղացման գործում: Ասվածի ապացույցն ավելի քան հարյուր զոհերն ու կորցված տարածքներն են: Եւ հիմա ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն փորձում է նման հանդիպումներով «սրբագրել» կատարվածը՝ միաժամանակ փորձելով հանդես գալ հայրենիքի, զինվորի մասին մտահոգ ղեկավարի դերում՝ ընդ որում, ձեռքի հետ ապահովելով նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի քարոզարշավը:
Հ.Գ. Ինչ վերաբերում է բանակն ավելի մարտունակ դարձնելուն, ապա այդ խնդիրը քաղաքական լուծում է պահանջում: Ի վերջո, մի երկրում, որտեղ արտագաղթի հետեւանքով շարունակաբար նվազում է բնակչությունը, դժվար է պատկերացնել ավելի մարտունակ բանակ: Էլ չենք խոսում ԶՈՒ-ում եւ, ընդհանրապես, երկրում կոռուպցիայի մասին, եւ մարտունակ բանակ ունենալու համար հարկավոր է վերացնել նման բացասական երեւույթները, որպեսզի բանակի համար նախատեսված միջոցները ծախսվեն բանակի կարիքները հոգալու վրա: Սրանք, թերեւս, այն առաջնային քայլերն են, որոնց իրականացումից հետո արդեն արժի խոսել մյուս խնդիրների մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԳԱԶԻ ՀՈՎՈՅԻ ՈՐԴԻՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ՞
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու մտադրություն ունի նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը` Գազի Հովո) որդին՝ Արթուր Ղազարյանը: Վերջինս հիմա «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց ճշտել ՀՀԿ Արարատի շրջանային կազմակերպությունից, սակայն այնտեղից ասացին, թե իրենք որեւէ բանից տեղյակ չեն: Մինչ այդ նշենք, որ Ղազարյանի որդիներն արդեն սկսել են նախընտրական պատրաստությունները. այս օրերին նրանք շատ ակտիվ կերպով հավաքագրում են ծանոթ-բարեկամ շրջապատի անձնագրերը: Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը պարբերաբար խնդիրներ է ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբայր Ջոնիկ Աբրահամյանի որդիների հետ: Սակայն վերջերս Աբրահամյանների եւ Ղազարյանների հարաբերությունները սկսել են լավանալ: Ի դեպ, նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազարյանների քավորն է: Հենց այս հանգամանքն էլ հիմնականում կարող է Ղազարյանի որդու ԱԺ հայտնվելու հաղթաթուղթը լինել:
 

ՎԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Տարեվերջին ավելացել են Հայաստանի միջազգային պահուստները` կազմելով 2.2 մլրդ դոլար: Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի ցուցանիշները՝ սա կարելի է համարել մեծ ցուցանիշ. վերջին անգամ ՀՀ միջազգային պահուստներն այդքան շատ են եղել 2013 թվականին: Միայն թե այս երեւույթը ժամանակավոր է. մասնագետները միջազգային պահուստների ավելացումը մեկնաբանում են այն հանգամանքով, որ իշխանությունները դեռ չեն հասցրել ծախսել վարկային միջոցները:
 

ԱՆԱՐԳԵԼ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրապետական գործընկերներին անուղղակի մեղադրել է բարոյական արգելքներ չունենալու մեջ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, երբ խոսք է գնացել Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի մասին, լրագրողներից մեկը հիշեցրել է 2015թ. փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, թե ինքն է արգելել քննադատել Ծառուկյանին: «Հարցրեք նրանց, ովքեր այդ տերմինն օգտագործել են։ Ինձ մոտ գործում է բարոյական արգելքը, ինձ մոտ արգելքները շատ նորմալ դրված են՝ ինչն է կարելի, ինչը՝ չէ»,- պատասխանել է Շարմազանովը։ Ինչպես հիշում եք` ՀՀԿ նիստից հետո հատկապես Կարեն Ավագյանը եւ էլի մի շարք ՀՀԿ-ականներ ինքնամոռաց վիրավորում էին քաղաքական հակառակորդին: Ու ստացվում է, որ ըստ Շարմազանովի՝ ժամանակին իր որոշ գործընկերների մոտ չեն գործել բարոյական արգելքները:

 

 
ԲԱՆԱԿՑՈՒՄ Է
Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի համագումարում առաջարկ է եղել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով: Սակայն ՀԺԿ-ն չի որոշել, թե կոնկրետ որ ուժի հետ են իրենք դաշինք կազմելու: Նշենք, որ այժմ ՀԺԿ-ն համագործակցում է ՀԱԿ-ի հետ, սակայն այս պահին հստակ չէ` արդյո՞ք այդ համագործակցությունը կշարունակվի նաեւ այս ընտրություններին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ս.Դեմիրճյանն այս ընթացքում բանակցում է ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ Ծառուկյան դաշինքի, ե՛ւ Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծվելիք դաշինքի հետ հնարավոր մասնակցության վերաբերյալ:
 

ԻՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների եւ ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հունվարի 20-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, 2017թ. Ազգային ժողովի ընտրական գործընթացի, համաձայնագրով նախատեսված ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքի շուրջ:




Լրահոս