«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ԱՇԽԱՏԵՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ ընկերության սեփականատերերի փոփոխության գործընթացը իրականացվում է ոչ թափանցիկ՝ քողարկված ձեւով:

«Ժողովուրդ» օրաթերթը «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության վերաբերյալ բաց նամակ է ստացել, որտեղ նշված է, որ «ամեն ինչ արվում է տնավարի՝ ավանդական ձեւերով, որը կարելի է անվանել «խլոցի»: Ըստ ստացված բաց նամակի՝ «Աշտարակ կաթ»-ը «Պարգեւ» ընկերությունից ստացել է կաթի փոշի եւ բուսական յուղ: «Արա եւ Արտակ Ասատրյանները, որոնք հանդիպել էին նախարարին (խոսքը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մասին է) եւ ներկայացել որպես «Ադրա Ռեմարա»-ի ներկայացուցիչներ, նույն «Պարգեւ» ընկերության սեփականատերերն են: Ու պարտքի դիմաց ցանկանում են ստանալ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Բայց սեփականատիրոջ փոփոխությունը իրավաբանորեն գրանցելը հեշտ չէ, որովհետեւ «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Դրա համար էլ այս պահին իրավական առումով այս պարտատերը որպես «Աշտարակ կաթ»-ի սեփականատեր հանդես չի գալիս»,- նշված է խմբագրության ստացած բաց նամակում:
Նշենք, որ ներկայումս «Աշտարակ կաթ» ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության աջակցությամբ կառավարվում է առողջացման ծրագրի կառավարչի՝ Արտակ Ավագյանի կողմից: Միաժամանակ բանակցություններ են ընթանում նոր ներդրող ներգրավելու ուղղությամբ: Խոսքը «Ադրա Ռեմարա» ընկերության մասին է: Ինչպես հայտնի է՝ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Ադրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է, ինչ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ: Պարզելու համար, թե որն է պատճառը, «Ժողովուրդ»-ը նախ դիմեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե եւ հետաքրքրվեց, թե «Աշտարակ կաթ» ընկերությունը կոնկրետ ի՞նչ առնչություն ունի ԼՂՀ-ի հետ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, հետեւաբար մակնշված է տեղի ֆինանսների նախարարության դրոշմապիտակներով:
Այնուամենայնիվ, այս եւ ընկերության գործունեության հետ կապված մյուս հարցերին վերջնական պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ: Վերջինս նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեութունը Հայաստանում իրականացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով: «Այն հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում է: Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,- ներկայացրեց Ավագյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Աշտարակ կաթ»-ը «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից «խլվել է» պարտքի դիմաց: Հարցին ի պատասխան՝ առողջացման ծրագրի ղեկավարն ասաց. ««Աշտարակ կաթ» ընկերությունը բազմաթիվ ընկերությունների է պարտքեր ունեցել, այդ թվում «Պարգեւ» ընկերությանը, բայց ունեցած պարտքի չափն այդքան մեծ չէ, որ այդ ընկերությունը կարողանա գործարանը պարտքի դիմաց վերցնել: «Աշտարակ կաթ»-ի առավելագույն պարտքը կազմել է 250-300 մլն դրամ: Բայց նույնիսկ այդչափ պարտքն էլ թույլ չի տալիս, որպեսզի այս հսկայական գործարանը դրա դիմաց վերցնեն: Բացի այս՝ նշեմ նաեւ, որ սա գործարան վերցնել չէ, այլ առողջացման ծրագիր է: Ընկերության սեփականատերերի հետ մենք կապ ենք հաստատում. այս պահին մենք գտնվում ենք գրեթե վերջնական՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործունեությունը «Պարգեւ» ՍՊԸ-ին հանձնելու փուլում»: Ավագյանը, սակայն, հրաժարվեց նշել՝ ընկերության հանձնում-ընդունումը առքուվաճառքն է, թե ոչ:
Առողջացման ծրագրի ղեկավարը «Ժողովուրդ»-ին հայտնեց նաեւ, որ այս ընթացքում զուգահեռաբար մարվում են գյուղացիներին ունեցած պարտքերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հունվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ կմեկնարկի Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտրած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն) եւ 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նա 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ, այժմ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ սպանության եւ դանակահարության պատճառը փողի հետ կապված խնդիրներն են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԴԻՄԻ ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ
Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով կալանավորված Վահան Շիրխանյանի շահերը Եվրոպական դատարանում պաշտպանող փաստաբան Կարինա Մոսկալենկոյին, ով Ստրասբուրգից է ժամանել, երեկ թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Ինչպես հայտնի է՝ Եվրոպական դատարանն ընդունել է Շիրխանյանի պաշտպանների բողոքը, որով վերջիններս բարձրաձայնում են, որ ՀՀ կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան. պաշտպանության նախկին փոխնախարարին խոշտանգում են բանտում՝ հրաժարվելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Մոսկալենկոն ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ արգելքը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում: «Պատասխանն այսպիսին էր՝ մենք վստահ չենք, որ Դուք փաստաբան եք. ահա իմ փաստաբանի հավաստագիրը, ապա՝ մենք վստահ չենք, որ նա ցանկանում է այսպիսի փաստաբան. ահա նրա անձնական հայտարարությունը, այնուհետեւ՝ մենք վստահ չենք, որ Դուք ներկայացնում եք նրա շահերը Եվրոպական դատարանում, կար նամակը»- նշեց նա՝ հավելելով, որ Եվրոպական դատարանի նամակի բացակայության դեպքում անգամ իրեն չպետք է արգելեին տեսնել իր պաշտպանյալին:
Մոսկալենկոն ընդգծեց, որ երբեւէ չի տեսել Շիրխանյանին, սակայն գիտի գործի նյութերի մասին եւ գիտի, թե Եվրոպական կոնվենցիայով ինչ կանոններ են խախտվել: «Ինձ պետք է հիմա անհապաղ ներկայացնել, թե Շիրխանյանն ինչ վիճակում է գտնվում, եւ եթե ինձ չեն թողնում նրա մոտ, ես իրավունք ունեմ ոչ բարենպաստ իրավիճակի մասին կարծիք կազմել»,-հավելեց նա: Փաստաբանը նշեց, որ մինչ օրվա վերջ սպասելու է պատասխանի, եւ եթե նրան չտան խելամիտ պատասխան, ապա նա այսօր առավոտյան գրություն կուղարկի Եվրոպական դատարան՝ տեղեկացնելով խախտումների մասին:

 

 
ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Արմավիրի մարզի Ակնալիճ եւ Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 6 տուժածով: Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի եւ լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ: Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երեւան, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:
Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Թունավորվածների բուժումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում՝ հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը: Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում, երկտեսություն, բիբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված: Դրանք ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչեւ 10 օրվա ընթացքում:
Տավուշի մարզի Զորական գյուղում 6 անդամից բաղկացած ընտանիքը բոտուլիզմով է վարակվել տնային պայմաններում լոլիկով եւ պղպեղով պահածո ուտելու պատճառով: Ինչպես հայտնի է դարձել NEWS.am Medicine-ին՝ տուժել են 54-ամյա մայրը՝ Ս.Բ.-ն, նրա 4 որդիները՝ Գ.Բ.-ն (20 տարեկան), Ա.Բ.-ն (30 տարեկան), Վ.Բ.-ն (33 տարեկան), Ռ.Բ.-ն (35 տարեկան) եւ 31-ամյա հարսը՝ Լ.Մ.-ն: Առաջին նախանշաններն ի հայտ են եկել հարսի եւ ամուսնու՝ Վ.Բ.-ի մոտ: Հունվարի 19-ին նրանց հոսպիտալացրել են, ընտանիքի մյուս անդամները հիվանդանոց են տեղափոխվել հունվարի 20-ին:
31-ամյա կնոջ վիճակը ծանր է, մյուսներինը՝ կայուն ծանր:

 

 

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Նշենք, որ Երեւանում հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում կեսօրին կդիտվի -4-6 աստիճան ցուրտ:




Լրահոս