Հունվարի 28-ին Երևանի Մուրացան հիվանդանոցային համալիրում, Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված, 2 օրական նորածին է մահացել՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչներ՝ Իսա Իսայանի ու Նարինե Բրոյանի առաջնեկը:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց մահացած նորածնի պապը՝ Ռուստամ Իսայանը:
Վերջինիս խոսքով՝ ծննդաբերությունը տեղի է ունեցել վակուումի միջամտությամբ. «Մինչև այդ ամեն ինչն առողջ է եղել: Ամսի 26-ի առավոտը բերել ենք, ամեն ինչ նորմալ է եղել: Բժիշկներն ասեցին նորմալ է, պետք է ծննդաբերի, իսկ երեկոյան ժամը 18:00-ին ծնունդը սկսելու ժամանակ, ասացին դժվար ծննդաբերություն կլինի»:
Ռուստամ Իսայանի խոսքով՝ ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել են, որ ամեն ինչ նորմալ է անցել, ապա ծննդաբերության երկրորդ օրը վերջինիս ուղարկել են դեղատուն՝ կաթ բերելու:
«Յուրաքանչյուր նորածնի ստամոքս պտղաջրեր են գնում, որոնք մաքրելուց հետո նոր պետք է կաթ տան, բայց պտղաջրերը չի մաքրվել, նրանք կաթ են տվել երեխային»,-ասաց նա:
Իսկ, ահա, հունվարի 28-ի առավոտյան Իսայաններն իմացել են, որ փոքրիկը մահացել է:
Հավելենք, որ սա երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր: Իսայաններն ամեն ինչում բժշկի մեղավորությունն են տեսնում: Նրանք, սակայն չեն պատրաստվում բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին:
Լիդա Եղիազարյան