Վարդան Այվազյանը դեռևս խարխափում է իշխանության մատույցներում. ինչպիսին կլինի նրա քաղաքական ապագան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությունը։ Այսօր կանդրադառնանք  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի խորհրդարանական աշխատանքին՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք արդարացրել են իրենց կուսակցության եւ ընտրողների հույսերը։

Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը բազմիցս հանդես է եկել իշխանության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ Չարենցավանի նախկին քաղաքապետ եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը մեկ անգամ չէ, որ սկանդալների մեջ է հայտնվել։ Այդ շարքում հիշատակելի է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի մասնակցությամբ հայտնի պատմությունը՝ կապված երեք միլիոն դոլար կաշառք պահանջելու հարցի հետ։ Անշուշտ, մամուլը ողողած լուրերը համառորեն հերքվել են Այվազյանի կողմից։ Նույն փութաջանությամբ Այվազյանը ժխտում էր նաեւ ԱՄՆ-ում իր դեմ հարուցված դատական գործի իսկությունը։ Ինչեւէ, այս գործչի հետ են հայաստանյան բնապահպանները կապում ՀՀ բնության ավերումը եւ հանքային արդյունաբերության ծաղկումը։

Ի դեպ, համացանցում եւ քաղհասարակության շրջանում հենց այդ հանգամանքով պայմանավորված քամահրական արձագանքներ առաջացան, երբ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը ոսկե մեդալով պարգեւատրեց Վարդան Այվազյանին։ Այդուհանդերձ, դժվար է շրջանցել այն փաստը, որ Վ. Այվազյանը ՀՀԿ խմբակցության ակտիվ պատգամավորներից է։ Ըստ Parliament Monitoring-ի տվյալների՝ Այվազյանը կողմ է քվեարկել օրինագծերի մոտ 77 տոկոսին, դեմ՝ 0.73, ձեռնպահ՝ 0.83։ Ի դեպ, նա բացակայել է նիստերի 17 տոկոսից՝ կողմ քվեարկած լինելով վերոնշյալ բոլոր օրինագծերին։

Այվազյանը դեռեւս խարխափում է իշխանության մատույցներում։ Նրա վերաբերյալ Սերժ Սարգսյանը կարծես դեռ չի կարողանում որոշում կայացնել։ Ակնհայտորեն Այվազյանի նախկին ռեւերանսները ԲՀԿ-ի նկատմամբ, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի ճամբարի հետ ասոցացվելը լուրջ խոչընդոտներ են ստեղծել Այվազյանի հետագա խորհրդարանական ապագայի համար:




Լրահոս