ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում

Այս քաղաքային հեռախոսի խցիկը շրջվել է հենց մայրաքաղաքի կենտրոնում։ Թե ինչն է պատճառը, դժվար է ասել, բայց այն հաստատ խոչընդոտում է անցորդների անցուդարձը։ Հուսանք՝ քաղաքապետարանին երկար ժամանակ հարկավոր չի լինի՝ այն վերականգնելու համար։

 

 

 
ՀԱՐՑ. Եթե դատարանը վճիռ է հրապարակել, ապա ԴԱՀԿ-ն ըստ վճռի՝ պետք է իրականացնի դատարանի որոշումը: Խնդրում եմ հայտնել՝ ո՞ր դեպքում ԴԱՀԿ-ն կարող է չկատարել դատարանի՝ գույքը բռնագանձելու որոշումը: Խնդրում եմ մանրամասն նշել կետերը:

Արփինե Պետրոսյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է եւ կատարողական մակագրության թերթը, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
Վերոշարադրյալից հետեւում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջներն անվերապահորեն ենթակա են կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից, քանի դեռ չեն առաջացել կատարողական գործողություններն ավարտելու, կասեցնելու կամ կարճելու՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերը:

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարկադիր կատարման ենթակա են, օրինակ, քաղաքացիական գործերով դատական ակտերը՝ բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն uնանկ ճանաչելու եւ մրցութային վարույթ uկuելու մաuին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի դատական ակտերը՝ բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ եւ ունեմ մեքենա: Ուզում եմ տեղեկանալ՝ մեքենայի գույքահարկ պե՞տք է վճարեմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա 1-ին կարգի հաշմանդամների համար գործո՞ւմ են որոշակի արտոնություններ եւ զեղչեր:

Գեւորգ Արիստակեսյան (59 տարեկան, 1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Արիստակեսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ 1-ին կարգի հաշմանդամները չեն ազատվում գույքահարկի վճարումից: Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ գույքահարկից ազատվում են Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին խմբի զինհաշմանդամները՝ միայն բնակելի նշանակության շինությունների մասով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից ՀՀ-ից դուրս ստեղծված կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:




Լրահոս