Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արգենտինա:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալյորրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին՝ այդ թվում էներգետիկ և առևտրատնտեսական որոտներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:

Թուրքական մամուլին ներկայացնելով իր այցի մանրամասները՝ Չավուշօղլուն հայտնել է, որ արգենտինացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին.

«Տարիներ շարունակ մեր հարաբերությունների վրա ազդող հայկական հարցի վերաբերյալ էլ մտքեր փոխանակեցինք: Կարևորում ենք այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը: Նրանց ասացինք, որ թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները գերի դառնան այս հարցին», -ասել է թուրք նախարարը:

Բացի Հայոց ցեղասպանության հարցից, Չավուշօղլուն հանդիպման ընթացքում բարձրացրել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ համատեղ պայքարի հարցը:

Այցի ընթացքում Թուրքիայի և Արգենտինայի միջև ստորագրվել է «Մաքսային հարցերում համագործակցության և փոխադարձ օգնության» պայմանագիր: Բացի այդ ստորագրվել են մի շարք այլ փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն խորացնել թուրք-արգենտինական հարաբերությունները:

Ավելի վաղ Արգենտինայի հայ համայնքի կառույցները հայտարարություն էին տարածել` որտեղ դեմ էին արտահայտվել Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Չավուշօղլուի կատարելիք այցին: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում էր, որ Չավուշօղլուն մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած պետության ներկայացուցիչ է:




Լրահոս