ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ ԴԵՌ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իզվեստիա» թերթի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները միջազգային հետախուզություն են հայտարարել մի խումբ մարդկանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: ՌԴ ՆԳ նախարարի փոխանցմամբ՝ ահաբեկչություն կազմակերպող անձինք ցանկացել են նաեւ պայթեցնել Հայաստանի պետական կառույցները:

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ. «Կիպրոսի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացին, ով սպառնացել է պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի պետական համարվող օբյեկտները»: Նրա խոսքով՝ ինտերպոլն ու Ռուսաստանը պատրաստվում են առավել մեծ ուշադրություն հատկացնել ահաբեկիչների գործողություններին, որոնք, ըստ էության, իրենց նպատակները իրականացնելու համար օգտագործում են համացանցը:
Արդյունքում, ՌԴ իրավապահները համաձայնություն են ձեռք բերել «ահաբեկիչների դեմ պայքարելու համար ստուգել էլեկտրոնային փոստերը, վիդեոալիքներն ու կայքերը»:
Ավելին՝ «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՌԴ ՆԳՆ ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկն ասել է, որ հաջողվել է պարզել ՌԴ այն քաղաքացու ինքնությունը, որը սպառնացել էր պայթեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառույցները: Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին իր այս մտադրությունների, նախապատրաստվող ահաբեկչության մասին բազմաթիվ տեղեկություններ է տարածել: Իսկ թե ով է նա, ՌԴ իրավապահները դեռեւս չեն գաղտնազերծում:
Միայն հայտնի է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության մասին հատկանիշներով:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ահաբեկչական ինչ-որ խմբի թիրախում հայտնվել են ԵՏՄ անդամ երկրները, իսկ թե ինչ նպատակով են թիրախավորել վերոնշյալ երկրները եւ, առհասարակ, ում պատվերով, ըստ էության կպարզվի ՌԴ իրավապահների կողմից տարվող քննության ընթացքում: Նկատենք, որ Ալեքսանդր Պրոկոպչուկը չէր հայտնել՝ այս գործով կալանավորվածներ կան, թե ոչ, ընդամենը նշել էր, որ գործով մի շարք մարդկանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրել է տալիս, որ իրավապահներն այս ընթացքում հասցրել են միայն պարզել ահաբեկիչների ինքնությունը, սակայն նրանց հայտնաբերման ուղղությամբ քայլեր են արվում:
Այս բացահայտումը ուշագրավ է այնքանով, որ առաջին անգամ չէ, որ ՀՀ գործող իշխանությունները թիրախավորվում են զինված հանցախմբերի կողմից:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով՝ խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը:
Դեռես 2016 թվականի մարտի 30-ին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որ Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը:
2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը:
Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները:
Թվում է, թե այլեւս վտանգը չեզոքացված է, եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում, բայց ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը 2017 թվականի հունվարի 17-ին հրապարակել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, թե Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել, ինչի առիթով Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը առավել ուժեղացվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը ուղղակիորեն չէր հերքել տեղեկությունը:
Չի բացառվում, որ ՀՀ իրավապահները Ռուսաստանի Դաշնության իրավապահներից էին ստացել վերոնշյալ տեղեկությունը եւ չիմանալով, թե ով կամ ովքեր են կանգնած ՀՀ պետական կառույցները պայթեցնելու կազմակերպչական գործողությունների հետեւում, որոշել էին հսկողությունն ուժեղացնել:
Հուսանք, որ այս ահաբեկչական գործողությունների մասով քննությունը իրապես օբյեկտիվ կընթանա, եւ գործը ամբողջությամբ կբացահայտվի, այլ ոչ թե կընթանա այն ուղղով, ինչը կթելադրի քաղաքական շահը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթը 2016թ. անդրադարձել էր ազգային անվտանգության ծառայության կողմից այն աղմկահարույց բացահայտմանը, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապես հետաքրքրվել են ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով: Ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել: Այս հրապարակումից 4 ամիս անց քառօրյա պատերազմը սկսվեց, եւ ինչպես ցույց տվեցին զարգացումները՝ հակառակորդը թիրախավորել էր հենց Մատաղիսի եւ Մարտունու զորամասերը, որի մասին այդքան տեղեկացված էին եղել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շուրջ մեկ տարի քննեց պետական դավաճանության այս գործը եւ գործով մեղադրյալ Ռաֆիկ Պապոյանին ազատազրկման դատապարտեց 14 տարի ժամկետով, իսկ, ահա, Կարինե Ղումաշյանին՝ 12 տարի ժամկետով: Նկատենք, որ գործով ազատազրկման դատապարտվածները այդքան էլ չեն կիսել գործը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի որոշումը եւ այն բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործը դատարան կուղարկվի, ամենայն հավանականությամբ, փետրվարի 21-ին: Բանն այն է, որ սույն գործով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի իրենց ժամանակ տրվի՝ ծանոթանալու գործի նյութերին, գործով քննիչը բավարարել էր միջնորդությունը՝ պաշտպաններին երեք ամիս ժամանակ տալով: Նկատենք, որ մինչ պաշտպանները ծանոթանում են գործով նյութերին, քննիչները այս օրերին միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվի, եւ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կքննվի գործով անցնողների կալանքի երկարացման միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանին եւ ես 8 անձի մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ գրավելու համար: Քրեական գործը հարուցվել էր 2016 թվականի մայիսի 20-ին՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

 

 

ԿԵՂԾ 10.000-ԱՆՈՑՆԵՐ
ՀՀ ԱԱԾ-ն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով: Իսկականին առավել նմանեցնելու նպատակով դրանց վրա փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձեւ փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում:

 

 

 
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, ինչպես նաեւ իրականացվող բարեփոխումների ընթացքը: Վարչապետն ընդգծել է, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։
Հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։ Հայտարարությունում մասնավորապես ասված է.
1. Լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Ս. Սարգսյանի եւ վարչապետ Կ. Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:
2. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ եւ դինամիկ զարգացող պետության:
3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների եւ գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին:

 

 

ԸՆԴՀԱՐՎԵԼ ԵՆ
NewsBook-ի տեղեկություններով՝ օրերս ընդհարվել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ու Տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանը: Երբեմնի մտերիմ ընկերների կռիվը սեղանի շուրջ այնքան է թեժացել, որ հասել է կոնկրետ սպառնալիքների: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Պողոսյանը երկար տարիներ մոտ հարաբերություններ է ունեցել քրեական հեղինակություն Տույի հետ եւ հենց նրա միջոցով է լուծել այն հարցերը, որտեղ անհրաժեշտ էր ֆիզիկական ներգործություն: Նշենք, որ օֆշորային սկանդալում հայտնված, ապա այդ խնդիրը բարեհաջող կերպով կարգավորած Միհրան Պողոսյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:




Լրահոս