ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐ ԲԱԺԱՆՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ՀՀ քաղաքական դաշտում գրեթե ամեն օր վերադասավորումներ են տեղի ունենում, նոր դաշինքներ ձեւավորվում կամ փլուզվում: Բացի կուսակցություններից՝ քաղաքական գործընթացներին հաճախ այս կամ այն կերպ մասնակցություն են ունենում նաեւ առանձին անհատներ, ովքեր եւս փորձում են անմասն չմնալ տեղի ունեցող իրադարձություններից:

Քաղաքական գործընթացներին հնարավոր մասնակցության հետ կապված՝ վերջերս շրջանառվում էր նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի անունը: Ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ Մանուկյանը ցանկանում է միանալ նոր ստեղծվող «Ծառուկյան» դաշինքին: «Ժողովուրդ»-ի հետ նախորդ զրույցում Հ. Մանուկյանը չէր բացառել, որ կարող է մաս կազմել քաղաքական գործընթացների: Այս անգամ զրուցելով նախկին նախարարի հետ՝ փորձեցինք պարզել նրա ապագա ծրագրերը, ինչպես նաեւ անդրադարձանք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու շուրջ կառավարության վերջին որոշմանը:
-Պարո՛ն Մանուկյան, որքանո՞վ եք ճիշտ համարում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման որոշումը, արդյո՞ք դրա փոխարեն առաջարկվող տարբերակները կարող են բարելավել իրավիճակը:
-Ճիշտ եմ համարում: Սրա մասին քննարկումները մենք սկսել ենք դեռ 2014 թվականին: Եթե ընտրվեն ճիշտ հաշվարկված եւ գրագետ լուծումներ, իրավիճակի փոփոխություն կարող է արձանագրվել այս ոլորտում:
-Իսկ եթե այդպիսիք չընտրվե՞ն: Արդյո՞ք իրականում այս փոփոխությունը ռիսկեր չի պարունակում:
-Ռիսկեր իրականում այսօր ունենք. դա որակյալ բուժսպասարկման խնդիրն է, հաճախ անհրաժեշտ մասնագետների բացակայությունը, պետական ռեսուրսների ոչ արդյունավետ տեղադրումը եւ այլն: Հենց այս ռիսկերի չեզոքացմանը պիտի ուղղված լինի այս գործողությունը: Տեսեք, առաջնային բուժօգնությունը պետք է միշտ կազմակերպվի կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում: Որպես հիվանդանոց ՔԿՀ-ի գոյության խնդիրն առաջացել է երկրորդային բուժսպասարկման ապահովման համար, երբ անհրաժեշտություն է առաջանում վիրահատական միջամտությունների, ստացիոնար պայմաններում բուժման եւ ռեաբիլիտացիայի, ինտենսիվ թերապիայի: Սա սովետական մոդելից մեզ փոխանցված համակարգ է, ինչի արդյունավետությունը շատ ցածր է: Օրինակով բացատրեմ. երբեմն առաջանում է որեւէ դատապարտյալի բարդ վիրահատական միջամտության ենթարկելու հարց, ասենք՝ նեյրովիրաբուժական միջամտության: Հայտնի է, որ սա բարդ վիրահատական միջամտություններից է, մասնագետներ այս ոլորտում շատ չկան, սովորաբար դրանք բարձր վարձատրվող մասնագետներ են եւ այլն: Տեսեք՝ ինչ խնդիրների փունջ է առաջանում.
ա/ այն աշխատավարձով, որ հատկացվում է ՔԿՀ-ում աշխատող բժիշկներին, բարդագույն խնդիր է մասնագետ գտնել, ով կհամաձայնի աշխատանքի ընդունվել,
բ/ ՔԿՀ-ում չկա նման վիրահատությունների այնպիսի ծավալ, որ ապահովի մասնագետի արդյունավետ զբաղվածությունը,
գ/ նման միջամտությունների ծախսատարությունը մասնագիտացված կլինիկաներում էականորեն ավելի ցածր է, քան եթե դա արվի դատապարտյալների հիվանդանոցում /քանակի էֆեկտ/ եւ այլն:
-Կառավարության ներկայացրած պարզաբանումը որքանո՞վ եք հիմնավոր համարում, թե՞ փակման այլ պատճառներ եք տեսնում:
-Պարզաբանմանը ծանոթ չեմ, չեմ մեկնաբանի: Իսկ այլ պատճառներ միգուցե եւ կան: Թեեւ եթե նկատի ունեք ինչ-որ կոնկրետ դեպք կամ ռեժիմի խախտում, կամ ապօրինի գործողություններ, ապա դրանք հարցին ուղղակիորեն չեն առնչվում: Դա այլ խնդիր է: Օրենքն ու կարգապահությունը պետք է պահպանվեն ցանկացած համակարգում, ցանկացած ինստիտուցիոնալ լուծումների պարագայում:
-Պարո՛ն Մանուկյան, անդրադառնանք քաղաքական հարցերի: Դուք մեր նախորդ հարցազրույցում չէիք բացառել, որ կարող եք մաս կազմել քաղաքական գործընթացների: Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դուք ցանկանում եք միանալ «Ծառուկյան» դաշինքին: Կա՞ նման բան:
-Պետական եւ քաղաքական համակարգում վերջին 20 տարիներին որտեղ ես հայտնվել եմ, հայտնվել եմ ոչ միայն եւ ոչ այնքան իմ ցանկության պատճառով, որքան ինձ արված համագործակցության առաջարկներին իմ համաձայնության արդյունքում: Իմ կյանքում բան չի փոխվել:
-Ամեն դեպքում նման քննարկումներ ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ այլ ներկայացուցիչների հետ, Ծառուկյանի հետ անձամբ խոսե՞լ եք:
-Իհարկե՝ ոչ:
-Ընտրություններին մասնակցելու շուրջ մինչ այժմ ո՞ր ուժերի հետ եք բանակցություններ վարել կամ հանդիպումներ ունեցել:
-Բնականաբար, չեմ ասի: Բայց իմացեք, որ գիտակցաբար շատ բաներից հրաժարվողը, ավելի շատ կարող է իրեն թույլ տալ:
-Բայց, ամեն դեպքում, բանակցությունները շարունակվո՞ւմ են այլ ուժերի հետ:
-Նախորդ հարցի պատասխանը սպառիչ էր: Տողատակ կարդացեք…
-Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալը ինչի՞ հետեւանք եք համարում: Ի՞նչ կարող է փոխվել քաղաքական դաշտում:
-Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը Հովիկ Աբրահամյանն է: Քաղաքական դաշտում այս պահին ինչ հնարավոր էր, արդեն փոխվել է:
-Հաշվի առնելով այն տեղեկությունները, թե Հովիկ Աբրահամյանը միանալու է «Ծառուկյան» դաշինքին, կարո՞ղ ենք կարծել, որ վերջինիս վերադարձը խառնեց բոլոր խաղաքարտերը:
-Ձեր հարցում եթե-ներն ու ենթադրությունները չափազանց շատ են: Ես գուշակություններ չեմ սիրում անել, քաղաքականության մեջ կանխատեսումներն են կարեւոր գործիք: Իսկ դրա համար ինֆորմացիայի մինիմալ ծավալ է անհրաժեշտ: Հասկանալու համար խառնեց խաղաքարտերը, թե ոչ, նախ պիտի հասկանալ՝ ով է, կամ ովքեր են խաղաքարտեր բաժանողները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 
ԵՐԹՈՒՂԻ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ նոյեմբերի 23-ի վճռով սնանկ է ճանաչվել «Ասկեր Յունիոն» ընկերությունը: Պատճառը հարկային պարտավորություններն են: Տեղեկացնենք, որ այս գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա մարտի 6-ին: Եւ չնայած սրան՝ նշված ընկերությունը սպասարկում է 80 համարի միկրոավտոբուսային երթուղին:

Նշենք, որ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ասկեր Յունիոն» ընկերության տնօրեն Վլադիմիր Բազայանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ ընկերության հարկային պարտավորությունները կազմում են 6 մլն դրամ: «Բայց դրա 3.5 մլն դրամը վճարել եմ, եւ մնացել է 2.5 մլն դրամ պարտք: Առաջիկա օրերի ընթացքում պետք է այն վճարեմ: Ես ընկերության սնանկ ճանաչվելու մասին որոշման ծանուցումը դեռ չեմ ստացել: Բայց հարկային մարմինների հետ արդեն իսկ պայմանավորվածություն եմ ձեռք բերել, որ առաջիկա օրերի ընթացքում պետք է վճարեմ պարտքի մնացորդը: Ամեն դեպքում, խնդիրը կկարգավորվի»,- հանգիստ տոնով հայտարարեց Բազայանը:
Տեղեկացնենք, որ 80 համարի երթուղու գործունեությունից Վարդաշենի բնակիչները պարբերաբար են դժգոհում: Բանն այն է, որ նրանք պնդում են, որ 80 համարի երթուղին չի պահպանում մեկնման եւ ժամանման ժամանակը: Ինչի արդյունքում 80 համարի երթուղին սպասարկող «Ասկեր Յունիոն»-ի ղեկավարությանը «Երեւանտրանս» ընկերության կողմից պարբերաբար զգուշացվել է եւ նրանց հանձնարարվել ապահովել երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի թվաքանակը եւ կանոնավոր սպասարկումը՝ սահմանված չվացուցակներին համապատասխան: Ավելին՝ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում ընթանում է Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 50 հասցեում գրանցված «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ի քաղաքացիական հայցով դատավարությունը: Ներխուժումը վերացնելու պահանջի հայցով պատասխանողը Դիլիջան քաղաքի բնակիչ Արարատ Մադաթյանն է: Հունվարի 24-ին այդ գործով դատավարության նախնական նիստն էր: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Օհանյանը բավարարել է «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ արգելանք է դրել Ա. Մադաթյանի գույքի, դրամական միջոցների վրա: Տավուշի մարզի դատարանում քննվում է նաեւ Արարատ Մադաթյանի եւ նրա կնոջ՝ Մարինե Ծովյանի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում է նույն խնդրին՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարող, նախկին առողջարանի տարածքում գտնվող 640 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա տեղադրված ընկերության վագոն-տնակին: Ամուսիններն այդ հողամասին կից կառուցել են ավտոլվացման կետ՝ նախկինում հողամասից ու վագոն-տնակից իրենց վտարումը համարելով անօրինական: Ա. Մադաթյանին եւ Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 322 հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս պետական կամ հասարակական շահերին), Մ. Ծովյանին նաեւ` 333 հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է): Սույն քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2016թ. դեկտեմբերի 23-ին, հաջորդ նիստը նշանակված է հունվարի 30-ին: Դիլիջան քաղաքից «Ժողովուրդին» հայտնեցին, որ վիճահարույց տարածքը 1989թ. եղել է երկրապահ կամավորականների շտաբ, որի պետը եղել է Ա. Մադաթյանը: 1996թ-ից այն սեփականաշնորհվել է եւ պատկանել է Մադաթյան ընտանիքին: Այդ տարածքը ծառայել է որպես մթերային խանութ, ավտոլվացման կետ, մեքենաների սպասարկման տարածք եւ այլն: Համացանցում տեղադրված է մի տեսանյութ, որտեղ Ա. Մադաթյանը բողոքում է այդ գործով իր դեմ կատարված ապօրինություններից:
Արարատ Մադաթյանը պնդում է, որ Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Պետրոսյանի օրոք՝ 1996-ին, ինքը օրինական կերպով սեփականաշնորհել է այդ տարածքը: Սակայն «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ն հետագայում դարձել է նախկին առողջարանի տարածքի սեփականատերը, որտեղ էլ գտնում է նշված հողամասը: Դիլիջանի կենտրոնում գտնվող այդ հողամասը համարվում է «յուղոտ պատառ»:
Նշենք, որ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պատկանում էր հայտնի գործարար, բարեգործ Վահագն Հովնանյանին, ով մահացել է 2015թ., 83 տարեկան հասակում: Ընկերության գործերով զբաղվում է Վահագն Հովնանյանի դստեր ամուսինը՝ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Նա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համախոհներից է եւ պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքականություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս