ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԴԵՐԸ ՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 1-ին կառավարությունը հավանություն տվեց Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագծին, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ: «Ժողովուրդ»-ը ճարտարապետների միության վարչության անդամ Սաշուր Քալաշյանի հետ զրուցել է ճարտարապետների պալատի գործառույթների, դրա գործունեության ռիսկային կողմերի մասին:

-Պարո՛ն Քալաշյան, ավելի վաղ նշվել է, որ տվյալ օրենքը կարգավորելու է նաեւ ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Խնդիրը վերաբերում է քաղաքաշինական ծրագրերին, փաստաթղթերին, պահանջներին: Կառուցապատողը կարող է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթին ծանոթ չլինել: Այդ դեպքում ճարտարապետը պետք է ուղղորդի նրան, հասկացնի, բացատրի` որն է քաղաքաշինական պահանջը, որպեսզի կողմերը գան ընդհանուր եզրակացության:
-Եթե կառուցապատողը կամ նրա թիկունքում կանգնած անձը, օրինակ, օլիգարխ է, որը ցանկանում է քանդել կամ վնասել պատմամշակութային արժեք ունեցող կառույց եւ դրա տեղում, ասենք, հյուրանոց կառուցել: Ճարտարապետը, որն արդեն ճարտարապետների պալատի անդամ է, կարո՞ղ է միջամտել, որպեսզի դա չիրականանա, թե՞ ոչ:
-Քաղաքակիրթ երկրներում բոլոր կարգի քաղաքաշինական խնդիրները նախապես ծրագրավորված են, մեզ մոտ` ոչ (կամ թերի են ծրագրավորված, պայմանները հստակ չեն): Որեւէ հուշարձանի հետ վարվելու պայմանները որեւէ տեղ գրառված չեն: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ ամեն հուշարձան ունենա անձնագիր, որ դրա մեջ գրված լինեն սեփականտիրոջ իրավունքներն ու պարտավորությունները:
-Օրինակ` հուշարձանը վնասելու դեպքում սեփականատերը տուգանվի, այո՞:
-Համապատասխան օրենք ունենք, որը սահմանում է տուգանքի չափ: Բայց այդ ամենը այնքան պայմանական է, որ ամեն խախտող պատրաստ է մի քանի անգամ վճարել այդ գումարը եւ դրանով պրծնել: Օրենքն էլ ասում է, որ նույն խախտման համար եթե մեկը երկու անգամ պատժվել է, երրորդ անգամ նրա դեմ գործ հարուցելու իրավունք չկա: Այսինքն` օրենսդրական դաշտը թերի է:
-Հիմա իրավիճակն այնպիսին է, որ պետությունը չի կազմել այդ անձնագրերը: Ուրեմն` ի՞նչ պետք է անի ճարտարապետը:
-Այս հարցը հիմա մեզ մոտ կարգավորվում է մշակույթի նախարարության կողմից: Ճարտարապետը, նախագծողը պետք է գնա նախարարություն, որտեղ պետք է հատուկ տվյալ շենքի համար առաջադրանք գրվի: Այսինքն՝ ճարտարապետը պետք է գրություն թողնի այն մասին, որ տվյալ օբյեկտը պատմամշակութային հուշարձան է, հարցնի` կարելի է հյուրանոց սարքել, թե չէ:
-Այսինքն` որոշողը մշակույթի նախարարությու՞նն է:
-Այո՛, սեփականատերը չի:
-Բայց ճարտարապետն էլ չէ:
-Ո՛չ:
-Այդ դեպքում մշակույթի նախարարությունը կարող է ֆորմալ կերպով արգելք դնել, բայց շինարարությունը, այնուամենայնիվ, իրականացվի, ինչպես դա եղավ Փակ շուկայի պարագայում:
-Այդպես է ստացվում:
-Բայց եթե ճարտարապետն ի զորու չէ իրավիճակ փոխել, արդո՞ք ճարտարապետների պալատի գոյությունն արդարացված կլինի:
-Այո՛, իհարկե, արդարացված կլինի: Այսպես թե այնպես ներդրում պետք է լինի, ու այդ ներդրումների շրջանակում որոշակի ձայն ունեցողը պետք է լինի ճարտարապետը: Նա պատվիրատուի ցանկությունը պետք է կատարի, բայց այդ ցանկությունը չպետք է հակասի օրենքին: Եթե հակասի, ճարտարապետը պետք է հրաժարվի այդ գործից: Հիմա իրավիճակն այսպիսին է. գործարարը գնում է քաղաքապետարան, ասում է, որ այսքան գումար ունի, ուզում է ներդրում անել: Քաղաքապետն ուրախանում է, գործը տալիս է գլխավոր ճարտարապետին: Ներդրում անողն ասում է` ես ինքս եմ որոշելու` որ կետում եմ ուզում կառուցում իրականացնել: Այդպիսով հարցը փակվում է: Խախտում է տեղի ունենում քաղաքապետարանի մակարդակով: Ճարտարապետն էլ կա՛մ համաձայնում է տվյալ գործն իրականացնել, կա՛մ ոչ:
-Իսկ եթե օրենքի ընդունումից հետո ճարտարապետը համաձայնի ապօրինի շինարարություն իրականացնել, ի՞նչ կլինի:
-Լիցենզիայից կզրկվի: Այսինքն` ճարտարապետների պալատի գլխավոր գործառույթն այն է, որ ճարտարապետները բարեխիղճ լինեն օրենսդրական պահանջների նկատմամբ:
-Հիմա լիցենզիայի հարցն ինչպե՞ս է կարգավորվում:
-Պետությունն ինքն է լիցենզիա տալիս ճարտարապետին, բայց պարզ չէ` վերջինս արժանի է դրան, թե ոչ: Հիմա ով բուհն ավարտում է, փաստաթուղթ է ներկայացնում առ այն, որ ուզում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Աջից-ձախից երաշխավորական ստորագրություններ է հավաքում, սկսում է աշխատել: Այդ ամենը ձեւական բնույթ է կրում: Թե հետո ինչ կանի այդ ճարտարապետը, պարզ չէ, որեւէ հսկողություն չկա, ազատ նկարչի կարգավիճակ է ստանում:
-Ոլորտի մասնագետներից ոմանք մտավախություն են հայտնում առ այն, որ եթե Ճարտարապետների պալատն է լիցենզիան տրամադրելու, հնարավոր է` կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գան: Ի՞նչ կասեք:
-Չի կարող այդպիսի բան լինել: Լիցենզիան բուհի նորավարտ ճարտարապետը ստանում է առանց քննության` անդամագրվելով պալատին, բայց լիցենզիաների տեսակները տարբեր են: Եթե ճարտարապետն ուզում է գործունեության շրջանակն ընդլայնել, պետք է լրացուցիչ քննություններ հանձնի: Իսկ դրանք թեստային քննություններ են, որոնք ստուգում է համակարգիչը: Որեւէ հանձնաժողով չի ձեւավորվելու, եթե կազմվի էլ, դա կլինի պրակտիկ հանձնարարություն տալու նպատակով: Այնպես որ` ծանոթ-բարեկամի հարց չի լինի:

 

 

 

 
ԵՐԳԻՉՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը, ով հայտնի է մի շարք մրցույթ-փառատոների, այդ թվում` «Հայաստանի ձայն» հեռուստանախագծի շրջանակում ունեցած հաջողությամբ, պատրաստվում է Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ անակնկալ մատուցել բոլոր սիրահարներին: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ աշխատում է սիրային թեմայով նոր երգի վրա, որը կունենա նաեւ տեսահոլովակ:

Խոսելով առաջիկայի ծրագրերից՝ երգչը նշեց, որ ապրիլին շրջագայելու է Ռուսաստանի Դաշնության` 20-ից ավելի քաղաքներում, ապա համերգներով հանդես է գալու նաեւ Եվրոպայում:
Գեւորգը մեկ այլ նորություն էլ ունի երկրպագուների համար. շուտով նա կթողարկի իր` թվով առաջին ձայնասկավառակը. «Ալբոմում ներառված կլինեն մի շարք նոր երգեր: Ձգտում եմ որակյալ աշխատանք ներկայացնել, այդ պատճառով էլ ձայնասկավառակիս թողարկումը, ինչին շատ եմ սպասել, ուշացնում եմ»,-մեկնաբանեց երգիչը:
Մենք հետաքրքրվեցինք` արդյոք Գեւորգը շարունակում է երգեր հեղինակել. «Այո՛, դրանց մի մասն արդեն իսկ ընդգրկված է իմ երգացանկում (որոշ գործերի պարագայում համահեղինակ եմ), հենց համապատասխան հոգեվիճակ եմ ունենում, ստեղծագործում եմ, այդ ուղղությամբ, սակայն, հատուկ ջանքեր չեմ կիրառում»,-շեշտեց նա:
Իսկ դիտարկմանը, թե Հայաստանի Երգի պետական թատրոնի նախկին մեներգչի երգացանկն ինչ-որ առումով միատարր է դարձել, վերջինս պատասխանեց. «Ձեզ կարող է թվալ, թե կոմերցիայով եմ զբաղված, բայց ասեմ, որ դրան զուգահեռ ստեղծում ենք ավելի որակյալ երգեր: Թե՛ ժանրային, թե՛ որակական փոփոխություններ իմ երգացանկում անպայման կլինեն: Վերջերս, օրինակ, ոչ կոմերցիոն բնույթի մի երգ տեղադրեցի համացանցում, եւ այն բավական լայն արձագանք ունեցավ: Զգացի, որ կա այլ լսարան, որի համար նույնպես պետք է ինտենսիվորեն աշխատել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Հումորիստ, «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանը հունվարի 25-ին հայր է դարձել։ Նրա առաջնեկն աղջիկ է, որին ծնողներն անվանակոչել են Միա: «Փոքրիկին արդեն տեսել ու գրկել եմ։ Շատ երջանիկ եմ, նա ուղղակի չքնաղ է։ Բարեբախտաբար, կինս ու երեխաս իրենց լավ են զգում»,-Bravo.am-ի հետ զրույցում ասել է Վաչեն:
Նրա խոսքով` Միան իր եւ կնոջ ծնողների առաջին թոռնիկն է. «Մեր ընտանիքներում ուրախությունը եռակի ու քառակի է»,-շեշտել է Վաչեն:
Հիշեցնենք, որ հումորիստն ամուսնացել էր 2013 թվականին:

 

 

ՋԵՔՍՈՆԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը` Փերիսը, հարցազրույց է տվել Rolling Stone Magazine-ին: 18-ամյա աղջիկը զրույցի ընթացքում անդրադարձել է նաեւ հոր մահվան հանգամանքին եւ ուշագրավ հայտարարություններ է արել այդ առթիվ. «Բոլորն ասում են, որ ժամանակը բուժում է: Իրականում` ոչ: Դու պարզապես վարժվում ես այդ ցավով ապրելուն: Ես վարժվել եմ մտքին, որ կորցրել եմ այն միակին, որը կարեւոր էր ինձ համար: Մտածելով ապագայի մասին` հասկանում եմ, որ ամեն վատ բան, որ կարող է պատահել, չի կարող համեմատվել արդեն կատարվածի հետ: Այնպես որ, ես հիմա ամեն ինչ կհաղթահարեմ»,-ասել է նա:
Փերիսը վստահ է, որ իր հորը սպանել են: Մեղավորների թվում աղջիկը նշում է երգչի մենեջերներին եւ բժիշկներին. «Դա նման է շախմատի, եւ ես իմ քայլը դեռ կանեմ: Հայրս միշտ ասում էր, որ ինչ-որ մեկն ուզում է սպանել իրեն: Նրա բոլոր հարազատներին հայտնի է, որ նրան սպանել են, իսկ գործը շինծու է»,-նշել է աղջիկը:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվել է 2009 թվականին, 50 տարեկանում: Փերիսն այդ ժամանակ 11 տարեկան էր:

 

 

ԴՐԵՅՔԻՆ «ԲՌՆԵՑՐԵԼ ԵՆ»
Ռեփեր Դրեյքը, որը սիրավեպ ունի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Daily Mail-ի փոխանցմամբ` նրան «բռնեցրել են» Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում ֆրանսիացի հայտնի պոռնոաստղ Ռոզի Դիվինի հետ՝ քաղաքի ռեստորաններից մեկում ընթրելիս: Պարբերականը նկատում է, որ Դրեյքն այս ամենից հետո դեռ բացատրություններ տալու կարիք կունենա Լոպեսին: Նշենք, որ Ռոզի Դիվինը հանդես է գալիս նաեւ Սոֆի Բ. կեղծանվամբ` որպես փոփ-արտ ոճի նկարիչ: Նրա նկարները ցուցադրվել են Նյու Յորքում, Միլանում եւ Լոնդոնում:




Լրահոս