ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ, ԲԱՅՑ ՉՏԵՂԵԿԱՑՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը վերջապես անդրադարձել է այս օրերի ներքաղաքական իրադարձություններին. երեկ նա ելույթ է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում:

Այս օրերի ամենաքննարկվող թեման, բնականաբար, ՀՀԿ-ից կուսակցության առանցքային դեմքերից մեկի` ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն է: Սերժ Սարգսյանն այս թեմային անդրադարձել է բավական ծավալուն՝ սակայն ելույթի ընթացքում առանց հիշատակելու Աբրահամյանի անունը, փոխարենը` նա թափանցիկ ակնարկներ է արել նախկին կուսակից ընկերոջ հասցեին: «Երկրի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցչական մարմնի անդամ լինելը, իմ պատկերացմամբ, ոչ թե ինչ-որ արտոնություն է, այլ ակնկալիքով հանդես գալ է, այլ լրացուցիչ ծանրակշիռ պարտականություն է»,- ակնարկել է նա: Ս.Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե այս օրերին ՀՀԿ-ից արտահոսք չկա, եւ այդ մասին խոսակցությունները որակել ծիծաղելի, զավեշտական: «Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու,- արդեն ՀՀԿ-ից հեռացած ու հեռանալ պատրաստվողներին է ակնարկել նա` հավելելով,- նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբեւէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարեւորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում եւ իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ: Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է»:
Այս օրերի մյուս ուշագրավ իրադարձությունն ԱԺ ընտրություններից առաջ դաշինքների ձեւավորումն է, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Եթե դաշինքների ձեւավորումը նա ողջունել է, ապա Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ բացասական է արտահայտվել. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երեւույթ եմ համարում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը վերանայի այդ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու մասին իր հրամանագիրը: Ինչպես հայտնի է` այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի առաջին տարելիցը, եւ օրերս ընդդիմադիր տարբեր կուսակցություններ` ՀԱԿ-ը, «Համախմբումը», ԲՀԿ-ն, անդրադարձել են այդ հանգամանքին` պահանջելով վերանայել այդ օրը խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշումը: «Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, եւ դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք: Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձեւակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ,- ասել է նա` հավելելով,- իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին եւ հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, եւ ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,- ասել է Սարգսյանը:
Ի դեպ, ՀՀԿ նիստն ըստ էության այդքանով ավարտվել է. հակառակ սպասումներին՝ ՀՀԿ նիստում այդպես էլ որոշում չի կայացվել` ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը, նախընտրական շտաբը, եւ, ընդհանրապես, ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրելու ռեյտինգային ընտրակարգով: Հանրապետականները վստահեցնում են` կուսակցության ներսում այդ թեմայով քննարկումները դեռ շարունակվում են, եւ առաջադրումների համար օրենքով նախատեսված ժամկետում` փետրվարի 6-ից 16-ը, իրենք կներկայացնեն կուսակցության համամասնական եւ տարածքային ռեյտինգային ցուցակները: Երեկ անդրադարձ է եղել մի քանի ներկուսակցական կազմակերպչական հարցերի:
Նախորդ տարվա նոյեմբերին կայացած ՀՀԿ համագումարը թեեւ ընտրել էր կուսակցության նախագահ, ԳՄ անդամներ, սակայն փոխնախագահների հարցը մնացել էր բաց: Եւ ահա համագումարից երկու ամիս անց ՀՀԿ-ն նաեւ փոխնախագահներ ունի: Շարմազանովը տեղեկացրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ փոխնախագահներ են ընտրվել նաեւ Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը եւ Արմեն Աշոտյանը: Ի դեպ, ՀՀԿ-ում ձեւավորվել է նոր մարմին` ավագների խորհուրդ, որի ղեկավարն էլ դարձել է Գալուստ Սահակյանը, որպեսզի մաեստրոն անգործ չմնա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ
ՀՀԿ-ից արտագաղթը հասել է Լոռի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի նախկին, երկարամյա գյուղապետ Վանո Եղիազարյանը, ով Վանաձորի պետական համալսարանի դասախոս է, լքել է ՀՀԿ-ի շարքերը` հայտարարելով, թե «անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»: ՀՀԿ-ից աղմուկով դուրս է եկել նաեւ Վանաձորի թիվ 8 դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը: Նա այդ որոշումը պատճառաբանել է նաեւ մարզպետ Արթուր Նալբանդյանի գործոնով` նրան մեղադրելով հանրակրթության մասին օրենքին չտիրապետելու մեջ: Տեղեկացնենք, որ Կ. Ստեփանյանի պաշտոնավարման տարիներին բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել դպրոցի դեմ, որոնցից մեծ մասը բավարարվել է: Իսկ հակընդդեմ հայցով դպրոցի բյուջեից դուրս եկած գումարները ետ են գանձվել արդեն տնօրեն Կ. Ստեփանյանից:

 

 

ՏԻԿՆԱՅՔ` ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը դեռ չի որոշել` առաջիկա ԱԺ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, թե ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա միայն ասաց. «Դեռ չգիտենք ոչ մի բան, կորոշվի, կասենք»: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ, երբ հանրապետականները շտապում էին մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին, լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նրա համար անսպասելի էր Հ. Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշումը: Պարզվեց՝ այո, Պողոսյանը նման որոշման չէր սպասում: Բայց եւ չի կարծում, որ կհետեւի նրա օրինակին:

 

 

ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ
Կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր անկուսակցական Թեւան Պողոսյանը չի կողմնորոշվում՝ ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սպասում է, մինչեւ քաղաքական ուժերը հրապարակեն իրենց ծրագրերը: «Մենք պետք է առաջնորդվենք ծրագրերով: Իմ գնահատման խնդիրը լինելու է, թե ինչ ծրագրեր են մարդիկ առաջարկելու: Ծրագրերից հետո նոր կմտածենք»,- «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա:

 

 

«ՆԵՂԱՑԱԾԸ» ՆԵՂԱՑԱԾԻ ՄԱՍԻՆ
Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը իր հարազատ կուսակցությունը լքելու մասին շարունակում է քննարկման առարկա մնալ: Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին ՀՀԿ-ից նեղացածները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով երկար ժամանակ բացակայում է ԱԺ նիստերից՝ այդ կերպ արտահայտելով իր նեղացվածությունը իշխանություններից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով այդ թեմայի մասին՝ ասաց. «Ես չգիտեմ՝ իշխանությունից նեղացած է, թե ոչ, իրեն հարցրեք: Իշխանությունից ինչի պետք է նեղացած լինի, ինքն իշխանություն է եղել, կարող է՝ կուսակցությունից նեղացած լինի»:

 

 
ՀՈՐԵՂԲՈՐ ՀԵՏԵՎԻՑ
Նախօրեին պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզային ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին։ Հիշեցնենք, որ Արսեն Աբրահամյանը մինչեւ անցած տարվա հոկտեմբերի կեսերը հարազատ մարզի՝ Արարատի մարզային ոստիկանության պետն էր։ Նրա անունը շոշափվել է մի շարք աղմկահարույց պատմություններում։

 

 

ՔԱՂՀԱՅՑ
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ակտիվորեն սկսեցին լուրեր տարածվել, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ն լքի նաեւ գժի թղթով հայտնի Գյումրու քաղաքապետ աշխատած Վարդան Ղուկասյանը, ինչը հենց ինքը՝ Վարդանիկը չի հերքել: Հանրապետականից դուրս գալուց հետո նրա հանգրվանը, ամենայն հավանականությամբ, լինելու է «ԲարգավաՃ Հայաստանը»: Սակայն հարցն այն է, թե արդյոք կընդունի եկեղեցի կառուցող Ծառուկյանը մի մարդու, ով ամբողջ Գյումրիով հայտնի է որպես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար հանգանակված գումարները «թռցնող»: Հիշեցնենք, որ կա նաեւ մի ֆիլմ, որտեղ ապացուցվում է գողության փաստը, եւ որ քաղաքի բնակիչներից մի քանիսը քաղհայց է պատրաստում Վարդանիկի դեմ՝ եկեղեցու շինարարության փողերը հետ վերադարձնելու պահանջով:

 

 

ԲՈՅԿՈՏԵԼ Է
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը հերթական անգամ երկարաձգվել է: Պավել Մանուկյանի աներորդի Մխիթար Ավետիսյանը արդեն երկրորդ դատական նիստն է բոյկոտում. նա հրաժարվել է մասնակցել իր բնորոշմամբ՝ այդ ֆարսին: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ դեռ չեն որոշել՝ դատարանի որոշումը բողոքարկելու են, թե ոչ, միեւնույն ժամանակ նկատելով, որ անիմաստ գործընթաց է:

 

 

ՉԻ ԼՔԻ
Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արագածոտնի մարզում: Դիտարկմանը` հնարավո՞ր է, որ նա նույնպես առաջիկայում լքի կուսակցությունը, Սահակյանը պատասխանել է` անհնարին է:




Լրահոս